Մատչելիության հղումներ

Հունվարի 14-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել է հայ - թուրքական արձանագրությունների վավերացման հարցին` գրելով. - «Թեեւ հայկական կողմը ամուր է Ղարաբաղի հարցում, բայց Թուրքիան էլ համառ է արձանագրությունների վավերացումը ձգձգելու հարցում։ Չմոռանանք նաեւ, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում փաստաթղթերի ընդունման ընթացակարգը բավական բարդ է։ Մարտին նրա հանձնաժողովներից մեկը կարող է քննարկել արձանագրությունները եւ հաստատել դրանք։ Դրանից հետո Թուրքիան մի քանի ամիս կռեկլամի իր «լուրջ առաջընթացը», որպեսզի բարեհաջող շրջանցի ապրիլի 24-ը»։

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության ծառայության վարույթում մի քրեական գործ է քննվում, որը անուղղակի առնչվում է նույն թերթում անցած տարվա դեկտեմբերի 15-ին տպագրված՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի փետրվարի 23-ի հրամանին: Այս քրեական գործի շրջանակներում կան կալանավորվածներ: Մասնավորապես, կալանավորվածներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարության շինարարական վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանն է, մյուս կալանավորվածը՝ նրա գործավար Լյուսյա Այվազյանը: Թերթը հիշեցնում է, որ Միքայել Հարությունյանի վերը նշված հրամանով՝ Երեւանի կայազորի նախկին պետ, այժմ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ «Կայազորի պետի վարչակազմ» անվանումով նոր կառույց է ստեղծվել: «Այն գործնականում փոխարինել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին եւ ապահովել է մարտի 1-ին ժողովրդի ջարդի նպատակով զինված ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագա կառավարման հետ կապված գործընթացները», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ հավելելով, որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահմուրադյանը երեկ թերթի հետ զրույցում հաստատել է Արմեն Սարգսյանի կալանավորված լինելու հանգամանքը՝ նշելով, թե որքան ինքը տեղյակ է, նա պետական գաղտնիք հրապարակելու մեջ է մեղադրվում:

«Հայոց Աշխարհ»-ը իր տեսակետն ունի ինչպես Freedom House-ի զեկույցի, այնպես էլ ժողովրդավարության մասին: Թերթի մեկնաբանը գրում է. - «Ժողովրդավարության համաշխարհային հաղթարշավի, ժողովրդավարական սկզբունքներից Հայաստանի նահանջի թեմայով դեմագոգիայի հեղեղի մեջ մի տեսակ տեղ ու ժամանակ չի մնում հստակություն մտցնելու նրանում, թե իրականում ինչ բան են չարաբաստիկ «ազատությունը» եւ «ժողովրդավարությունը», եւ ինչ կապ ունեն դրանք ժողովրդի իրական իշխանության հետ։ Ինչ վերաբերում է «ժողովրդավարությանը», ապա կա դրա իրական գոյության միայն երկու կենսունակ ձեւ։ Կա՛մ ցենզային ժողովրդավարություն, այսինքն՝ իրական ժողովրդավարություն ընտրյալների համար։ Կա՛մ «կառավարելի» ժողովրդավարություն, այսինքն՝ բոլորի համար ժողովրդավարության իմիտացիա։ Ժամանակակից ազատական ողջ ժողովրդավարությունը կառավարելի ժողովրդավարություն է։ Եվ ուրիշը չի կարող լինել։ «Անկառավարելի ժողովրդավարությունը» օխլոկրատիա է. շատ արագ տոտալիտարիզմի փոխարկվող տեռոր ու քաոս»։

Հունվարի 10-ի ընտրություններից իր եզրակացությունն է անում «Գոլոս Արմենիի»-ին. - «Ընտրություններին մասնակցեց ընտրողների միայն 24 տոկոսը, եւ այստեղ հետամանորյան տրամադրություններին արվող հղումները հաստատ տեղին չեն: Ուշադրություն դարձնեք՝ մի տեղամասում, որտեղ Խաչատուր Սուքիասյանը ավանդաբար վայելում էր ընտրազանգվածի լայն օժանդակությունը, ցանկության դեպքում մարդիկ շարասյուներով կգնային լեւոնական Կոնգրեսի թեկնածուի օգտին քվեարկելու: Այ նրանց հաստատ չէր կանգնեցնի խումհարը: Բայց դա տեղի չունեցավ, քանի որ նման ցանկություն շատերը պարզապես չունեցան: Թերեւս հենց սա է նախորդ ընտրությունների ամենավառ արդյունքը»:

Նույն առիթով «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Մեկ-մեկուկես տարի առաջ Կոնգրեսը հեշտությամբ 100 հազարանոց հանրահավաք կկազմակերպեր, իսկ հիմա հազիվ 20 հազարանոց կազմակերպի, բայց որեւէ մեկն ինքն իրեն հարցրե՞լ է, թե ուր են «կորել» այդ 80 հազար քաղաքացիները: Նրանք հաստատ չեն հեռացել Հայաստանից, ոչ էլ իրենց վերաբերմունքն են փոխել իշխանությունների նկատմամբ: Այդ մարդիկ, այո, դժգոհ են Կոնգրեսի քաղաքական ակտիվությունից, բայց ոչ մի տեղ չեն «կորել». իրենց տներում նստած՝ դժգոհում են իշխանություններից... Կարող է հարց առաջանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ է Կոնգրեսը նվազեցնում ակտիվ քաղաքական պայքարի ինտենսիվությունը... Իրողությունն այն է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է պատանդ «ձեռք գցել»: Նախաձեռնելով հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը»՝ նա կարողացել է ստեղծել մի իրավիճակ, որտեղ ընդդիմության ցանկացած ակտիվ գործողություն կարող է օգնել արտաքին ուժերին եւ մահացու հարված հասցնել «պատանդին» (տվյալ դեպքում՝ Հայաստանի կենսական շահերին եւ Ղարաբաղի ապագային): Ուշադիր նայեք վերջին մեկուկես-երկու տարիների ներքաղաքական իրադարձություններին եւ կհամոզվեք, որ «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից ու «ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո Կոնգրեսը շատ զգուշորեն է գործում: Ինչո՞ւ: Որովհետեւ «պատանդի» գոյությունը կտրուկ փոխել է իրավիճակը»:

«Առավոտ»-ը զրուցել է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ: Նա ասում է. - «Հայաստանում ընդդիմության Բաստիոնը հանդիսացող ընտրատարածքում անցնում է մի թեկնածու, որին ոչ ոք չի ճանաչում, բայց որին աջակցում է իշխանությունը: Այսինքն, առաջին՝ ընդդիմությունը այլեւս ուժ չունի, երկրորդ՝ հասարակությունն էլ անտարբեր է, որովհետեւ նրանց մասնակցությունը ընդդիմության առաջին դեմքերից մեկի ընտրություններին չափազանց ցածր էր: Ասել է թե՝ հայ հասարակությունը այլեւս ի վիճակի չէր դիմադրելու իշխանությանը ո'չ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, ո'չ ընտրությունների կեղծման դեպքում ու ի վիճակի չէ դիմադրել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների գնալու եւ պայմանագրերի ստորագրման պարագայում: Եթե հասարակությունը Երեւանի կենտրոնում չի կարողանում մի հատ Նիկոլ Փաշինյան պատգամավոր դարձնել, նա հաստատ չի կարողանա դիմադրել Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումներին»: Բադալյանի կարծիքով, ընդդիմությունը Սերժ Սարգսյանին «դրեց փաստի առաջ»՝ ասելով. «Մենք այլեւս քեզ չենք խանգարում, դե, ստորագրի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG