Մատչելիության հղումներ

Հունվարի 27-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը ներկայացնում է Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Դավթյանի տեսակետը հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ. - «Սահմանադրական դատարանն ընդունեց իր պատմության մեջ լավագույն որոշումներից մեկը եւ հստակ իրավական դիրքորոշում արտահայտեց հայ - թուրքական արձանագրությունների կապակցությամբ՝ հստակեցնելով արձանագրությունների բուն նպատակը, թիրախը եւ առարկան։ Այն է՝ Հայաստանի ապաշրջափակում եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Եվ եթե կային թերահավատներ, որ համառորեն նախապայմաններ էին փնտրում արձանագրությունների տեքստում, ապա Թուրքիայի ջղաձիգ հայտարարությունները մեծապես փարատեցին այդ կասկածները եւ մտահոգությունները»:

«Ազգ» թերթի մեկնաբանը ենթադրություն է անում. - «Ե՛վ ներկա նախագահը, ե՛ւ Հայաստանի երկու նախկին նախագահները պաշտոնի բերումով պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ այնքան գաղտնիքների են տիրապետում, որ պետության համար նեղ պահերին գործող նախագահը նրանցից յուրաքանչյուրին կարող է ինչ- որ բան հանձնարարել, եւ սրա մեջ որեւէ արտառոց բան չկա, ուղղակի Հայաստանում է այդ բոլորն արտառոց ընկալվում: Եվ բոլորովին էլ զարմանալի չպիտի համարել, որ մեր հարավային հարեւանի հետ տարածաշրջանային նուրբ խնդիրներ եւ գնալիք ճանապարհ քննարկվեն կոնկրետ դեպքում Հայաստանի երկրորդ նախագահի մակարդակով»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մանդատների հաստատման հետ կապված վերջին իրադարձություններին եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արձագանքին՝ «Հայոց Աշխարհ»-ը նկատում է. - «Ընդհանուր առմամբ, դժվար չէ նկատել, որ ՀԱԿ-ը ներկայումս իր պայքարի ծանրությունը տեղափոխել է «դրսից տղա բերելու» վրա։ Փաստորեն համոզվելով, որ ներսից ցնցումներ կազմակերպելու բավարար հնարավորություններ եւ ռեսուրս չունեն, ՀԱԿ-ը իր հհշածին ուժերով, ինչպեսեւ իրեն սերտորեն կապված անհատ գործիչների միջոցով, հնարավոր ամեն առիթ ձգտում է առավելագույնս օգտագործել՝ արտաքին, միջազգային որոշակի կենտրոնների կողմից Հայաստանի դեմ ճնշումներ «ստանալու» համար»:

Հայաստան - Եվրախորհուրդ հարաբերություններին բոլորովին այլ տեսանկյունից է անդրադառնում «Չորրորդ ինքնիշխանություն»-ը՝ հետեւյալ ամփոփումն անելով. - «Եթե նույնիսկ վաղը Հովիկ Աբրահամյանը որոշի Ստրասբուրգ ուղարկել, ասենք, Ալրաղացի Լյովին կամ Շմայսին, պրոբլեմ չկա, նրանց մանդատները կհաստատվեն, ու նրանցից յուրաքանչյուրին օրը 4 ելույթի հնարավորություն կտրվի: Այլ հարց է, թե արդյո՞ք դրա արդյունքում Հայաստանի դիրքերը կամրապնդվեն: Մի խոսքով, Հայաստան - Եվրախորհուրդ հարաբերությունները կամաց-կամաց հստակեցվում են: Եվ հասկանալի է դառնում, որ նրանք վերջնականապես «ձեռ են քաշել» Հայաստանից: Մնում է, որ մեր հասարակությունը նույնպես նման եզրահանգման գա եւ ապավինի բացառապես սեփական ուժերին: Այդ դեպքում գուցե ինչ-որ բան ստացվի»:

«Ժամանակ» թերթի թղթակիցը հետեւյալ հարցն է ուղղել Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին. - «Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի մոտ «փոխըմբռնում» կա պրեամբուլայի մասով: Արդո՞ք Ղարաբաղում չեն պարզել, թե ի՞նչ է գրված այդ պրեամբուլայում եւ որքա՞ն նպաստավոր կամ վտանգավոր է դա մեզ համար»: Բաբայանը պատասխանել է. - «Ընդհանրապես ցանկացած համաձայնագրի պրեամբուլա կոչվածը որեւէ կոնկրետ քայլեր սովորաբար չի նախատեսում: Որքան ես տեսել եմ տարբեր տիպի պայմանագրերում, պրեամբուլաներում գրված են ընդհանուր սկզբունքները, թե այդ մարդիկ ինչ են ուզում: Մեկը կարող է ասել, որ պրեամբուլան կարող է ընդգրկել, ասենք, որ մենք՝ կողմերս հետամուտ ենք խաղաղ կարգավորմանը, այս սկզբունքներին եւ այլն, եւ այլն: Այդ առումով պրեամբուլան միշտ ընդհանրական բնույթ է կրում, եւ որեւէ առանձնակի տարր, չեմ կարծում, որ կարող է այնտեղ լինել: Բայց պրեամբուլան ինքնին կարելի է համարել մեկ քայլ առաջ, չնայած միայն դրանով չի կարելի դատել խնդրի ամբողջական կարգավորման շրջանակի մասին»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն անդրադառնում է իշխող կոալիցիայի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների նախագծին, որը նախատեսում է օրենսդրությունում ներդնել բարոյական վնասի փոխհատուցման կարգ: Հոդվածագիրը հետեւյալ հարցադրումն է անում. - «Առաջարկվող նախագծին օրենքի ուժ տալուց հետո բավական կլինի լրագրողի կամ լրատվամիջոցի դեմ մի քանի միլիոնի հայց ներկայացնել եւ դրա հիման վրա լրագրողի եւ լրատվամիջոցի գույքի վրա կարող է կալանք դրվել: Հատկապես տպագիր լրատվամիջոցի դեպքում սա կարող է նշանակել գործունեության կասեցում: Հայաստանի պես երկրում, որտեղ դատավորները կարող են անմեղ մարդուն անհիմն՝ միայն քաղաքական հանձնարարությամբ տարիների ազատազրկման դատապարտել, օրենսդրությունում նման «գործիք» ներդնելը արդյո՞ք չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները մտադրվում են լրագրողներին ֆինանսապես ոչնչացնելու եւ լրատվամիջոցներ փակելու օրենսդրական մեխանիզմներ ստեղծել: Մինչդեռ իրական վիրավորողները եւ զրպարտողները կմնան անպատիժ»:

«Կապիտալ» թերթը գրում է. - «Կարտոֆիլի արտահանման ծավալների կրճատումներն այս տարի լուրջ հարված հասցրին կարտոֆիլ արտադրողներին, քանի որ հանրապետության ներսում դրանց իրացումը խնդիրներ է հարուցում: Այս տարի Շիրակի եւ Լոռվա մարզում ֆերմերներին հնարավորություն է տրվելու կարտոֆիլի փոխարեն աճեցնել շաքարի ճակնդեղ, որն ավելի եկամտաբեր կլինի: Ըստ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի՝ Ախուրյանի տարածաշրջանում մինչեւ մայիսի վերջը կգործարկվի տարեկան 220 հազար տոննա հզորությամբ շաքարի գործարանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG