Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները դադարեցված են։ Կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ ուրբաթ օրվանից կոմբինատի աշխատանքը դադարեցված է, և արտադրական գործընթացը կանգնած է. - «Հիմնական արտադրական հատվածները կանգնած են, արտադրություն չկա»։
Հարցին, թե դա ինչպիսի՞ հետևանքների կհանգեցնի, Մարգարյանն արձագանքեց. - «Բնականաբար, դա տնտեսական, անվտանգային, նաև բնապահպանական հետևանքներ կարող է առաջացնել, որը մեզ ամենաշատն է մտահոգում։
Իսկ արդյոք կոմբինատը քայլեր ձեռնարկում է, որպեսզի երկխոսություն տեղի ունենա գործադուլի դուրս եկած աշխատակիցների հետ, և իրավիճակը հանգուցալուծվի. կոմբինատի լրատվականի ղեկավարն ասաց, թե այդ հարցին պետք է պատասխանի արհմիությունը:
«Գործընթաց տեղի է ունենում, կանգնած չէ, փակուղային իրավիճակ չէ, որքան գիտեմ», - նշեց Մարգարյանը:
Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը նույնպես վերասհաստատեց՝ կոմբինատի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ գործադուլի հետևանքով չեն գործում բաց հանքի, փականագործների վերանորոգման, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասերը։ Չի աշխատում նաև հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ ստացվում է վերջնական արտադրանքը: