Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները Քաջարանում փակ քվեարկություն են նախաձեռնել՝ ի պատասխան կոմբինատի տնօրինության և արհմիության կողմից գործադուլը «անօրինական գործողություններ» որակելու դիրքորոշման:
Արդեն երրորդ օրն է՝ կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով:
Քաղաքի կենտրոնում և կոմբինատի տարածքում քվեատուփեր են տեղադրվել, որտեղ աշխատակիցները կարող են անանուն քվեարկել՝ աջակցո՞ւմ են գործադուլի պահանջին, թե՞ ոչ։
Կոմբինատը քիչ ավելի ուշ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «2024 թվականի սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ»:
Կոմբինատի տարածած հայտարարության մեջ ասվում է, թե գործադուլի կազմակերպիչների կողմից տարածվում է ապատեղեկատվություն՝ իբրև «աղքատիկ» աշխատավարձերի և վատ վարձատրության պայմանների մասին, ապա ներկայացվել է, որ գործարանի որոշ պաշտոնների ներկայիս աշխատավարձերը կազմում են մոտ 330 հազարից մինչև 1 մլն 672 հազար դրամ, աշխատակիցները «օգտվում են նաև սոցիալական և առողջապահական աջակցություններից»:
«Ընկերությունն իր իրավունքն է համարում իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին», - ասված է հայտարարության մեջ:
«Սա արժանապատվության և սոցիալական արդարության համար պայքար է»,- այսօր «Ազատությանն» ասել էր աշխատակիցներից Վահե Մխիթարյանը:
Նա հայտնել էր, որ մի քանի տասնյակ աշխատողներ այս գիշեր էլ կոմբինատի տարածքում են անցկացրել, պնդելով, որ շարունակելու են գործադուլն այնքան, մինչև չբավարարվի իրենց պահանջը:
Ակցիայի մասնակիցները երեկ դժգոհել էին, թե Հայաստանի թիվ մեկ հարկատուն «չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները», որ գործարանի վերնախավը շքեղ մեքենաներով է շրջում, իսկ մարդկային պայմաններ գործարանում չկան:
Երեկ գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ հանդիպել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ու լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների հանրապետաական միության նախագահ Էդվարդ Փահլևանյանը: Վերջինս ասել էր, որ իրենք փորձում են օրինական ճանապարհով տանել կոմբինատի աշխատակիցների պահանջը, որ այս գործընթացում ոչ մի աշխատակից չտուժի: