2 տրիլիոն 390 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. սա Հայաստանի անցած տարվա հարկային մուտքերի պատկերն է: 2024 թվականին մուտքերը 3 անգամ պակաս են աճել՝ 5.1 տոկոս՝ 2023-ի 15.4-ի փոխարեն:
Այս տարվա հարկային եկամուտների 74.2 տոկոսը 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն են՝ ինչն ընդամենը 3.6 տոկոսով է նախորդ տարվանից ավելի:
«Որ պետական բյուջե 1000 խոշոր հարկատուները 24 թվականին վճարել են ընդամենը 3-3.5 տոկոս ավելի հարկեր, տուրքեր և այլն, քան նախորդ տարի, այն դեպքում երբ հարկային ընդհանուր մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելի շատ բարձր աճի տեմպ ունի, դա է նաև պատճառը, որ 1000 խոշոր հարկատուների տեսակարար կշիռը ընդհանուր հարկային մուտքերի մեջ նվազել է: Աճել է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռն ու տեսակարար կշիռը», - նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուրի ցանկից պարզ է դառնում՝ երկրի թիվ մեկ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ցանկում իրենց տեղը բարելավել են ու առաջին հնգյակում հայտնվել տեխնիկա ներմուծող, վաճառող և Ռուսաստանի դեմ Արևմուտքի պաժամիջոցներից հետո նաև արտահանող ընկերությունները՝ «Մոբայլ Սենթր»-ն ու VESTA-ն:
Ըստ Տադևոս Ավետիսյանի՝ խորացել է կախվածությունը մեկ երկրից՝ Ռուսաստանից
Ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այս ցանկից եզրահանգել է՝ խորացել է կախվածությունը մեկ երկրից՝ Ռուսաստանից:
«Էդ մեր արտահանող կազմակերպությունները, երբ որ դիրքերը բարելավել են ու ավելի շատ հարկեր են վճարում, դա նրանից է, որ մեր տնտեսության մեջ, մեր ՀՆԱ-ի մեջ նրանց դերակատարումն է ավելանում: Իսկ իրենք ի՞նչ են անում, ներմուծում են ապրանքներ, վերաարտահանում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ինչը կարճաժամկետ էֆեկտ է», - նշեց Ավետիսյանը:
Տնտեսական ոլորտի պատասխանատու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այլ կարծիքի է՝ տնտեսությունը վերարտահանումների հաշվին չէ, որ զարգանում է:
«Տնտեսությունը զարգանում է միայն վերաարտահանումների հաշվին, դա բացարձակապես այդպես չի: Վերաարտահանումները մեր ՀՆԱ-ի կառուցվածքում և դրանից ստացվող հարկային օգուտները ձգտում են 0-ի: Այսինքն՝ էդ ընկերությունները ինչքան վճարում են, այդ հարկերը հետ են ստանում, ինքս կողմնակից եմ, որ այդ հարկերը չերևան, մեթոդաբանորեն երևում են, բայց 1 դրամ վճարում են, 1 դրամ հետո հետ են ստանում», - ընդգծեց նախարարը:
1000 խոշոր հարկատուների մեջ 208 նոր անուն կա: Ցանկի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հարկատու առաջատար ոլորտը մանրամեծածախ առևտուրն է, հաջորդում է արդյունաբերությունը, տեղեկատվական ու շինարարության ոլորտները:
«Նախորդ տարվա համեմատ էդ 1000 խոշոր բիզնեսի հարկերը գրեթե չեն ավելացել, 3-3.5 տոկոս, դա էական չի, ստացվում է, որ էն հիմնական մասը հարկային մուտքերի աճի 24-ը 23-ի հանդեպ իրականացրել են փոքր ու միջին ձեռնարկատերերը: Սա նշանակում է ակնհայտորեն երկու փաստ. առաջին՝ օրենքով հարկային արտոնություններն են կրճատվել կամ բեռն է ավելացել, ինչը 24 թվականին, ըստ էության, մեծ փոփոխություններ չկա, երկրորդ՝ հարկային վարչարարությունը կամ հարկային խստացումներն են ծանրացել: Ես դրան անվանում եմ հարկային տեռոր», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նախարարը հակադարձում է
Փոքր ու միջին բիզեսի հարկերի ավելացումը միայն դրական շարժի վկայություն է, հակադարձում է նախարարը. - «Որովհետև հարկ վճարում են այն դեպքում, երբ շրջանառությունը մեծանում է, երբ շահութաբերությունը մեծանում է: Հակառակ պարագայում ուղղակի հարկեր չէին կարող լինել: Ես քննադատության իմաստը չհասկացա, բայց եթե փոքր բիզնեսը շատ հարկ է վճարել, դա նշանակում է, որ փոքր բիզնեսի շրջանառությունը մեծացել է, բիզնեսի եկամտաբերությունը մեծացել է կամ եղել է ստվերային շրջանառություն, որը կրճատվել է»:
Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիակացման ճանապարհով, սակայն բնական է համարում, որ այս պահին Ռուսաստանի հետ կապերն ավելի խորն են: Նախարարն ընդգծեց՝ տնտեսական դիվերսիֆիկացիան մեկ կախվածությունից մյուսին անցնելու մասին չէ:
«Մեկ մաքսային տարածքում ենք ու պատմության մեջ հայտնի չի մի դեպք, որ մի տնտեսական միության անդամ ես դու լինում ու չի բերում նրան, որ կապերդ այդ տնտեսական միության անդամ երկրների հետ չեն ավելանում, չեն ուժեղանում: Մեր խնդիրն այն չէ, որ մեր կապերը կտրենք ՌԴ-ից ու սկսենք կապերն ուժեղացնել այլ կողմի հետ: Մեր խնդիրն այլ է՝ ունենք ուժեղ կապեր ՌԴ-ի հետ, շատ լավ, պետք է պահպանենք, բայց պիտի նույն տիպի ուժեղ կապեր հաստատենք Չինաստանի հետ, Մերձավոր Արևելքի երկրների հետ և նույն տիպ ուժեղ կապեր ԵՄ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ», - ասաց նա:
1000 խոշոր հարկատուներ առաջին տասնյակում չկան տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններ, արդյունաբերության կամ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող ձեռնարկություններ, շեշտում է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով՝ տնտեսության հիմնական լոկոմոտիվներ շարունակում են մնալ հանքարդյունաբերությունը և վերաարտահանումը:
Էկոնոմիկայի նախարարն ի պատասխան թվարկում է՝ պետության կողմից բիզնեսի աջակցմանն ուղղված 2 տասնյակից ավելի ծրագրերը: Օրինակ՝ տնտեսական արդիականացման ծրագրին միայն շուրջ 500 մլրդ դրամ է ուղղվել, երբ տնտեսվարողները լիզինգով ժամանակակից տեխնիկա են ձեռք բերում:
Արտադրական կարողությունների զարգացման ծրագրի հիմնական թիրախն, ըստ նախարարի, փոքր և միջին բիզնեսն է: Ենթակառուցվածքների ներդումների ծրագրով պետությունը ներդրված գումարի մինչև 20 տոկոսն է վերադարձնում: Բարդ ապրանքներ արտադրող ընկերություններին պետական աջակցության ծրագրով բիզնեսին վերադարձվում է առաջին փուլում 10 տոկոսը, 2-րդ փուլում՝ ևս 5 և 3-րդ փուլում՝ շահութահարկի 100 տոկոսը: