Մատչելիության հղումներ

Վրաց ընդդիմադիրները՝ ձվերով հարձակման թիրախ


Մյունխենից վերադարձող վրաց ընդդիմադիրներին երկրորդ օրն է Թբիլիսիում ձվերով են դիմավորում՝ երեկ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիային, այսօր էլ նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Ընդդիմադիր առաջնորդները Մյունխենում մասնակցում էին Անվտանգության միջազգային համաժողովին և հանդիպումներ ունենում արևմտյան գործընկերների հետ։ Նրանց հանդիպումների օրակարգում, ելույթների թեման Վրաստանի իշխանության քաղաքականությունն էր, պնդում էին, որ Բիձինա Իվանիշվիլիի թիմը կեղծել է ընտրությունները, իշխանությունն ամրապնդել ու գործում է Մոսկվայի թելադրանքով՝ օր օրի երկիրը հեռացնելով Արևմուտքից և արևմտյան արժեքներից:

Դեռ երեկ իշխանական կուսակցությունից Նաթիա Բերիձեն այդ պնդումների հեղինակներից մեկին՝ նախկին նախագահ Զուրաբիշվիլիին նախազգուշացնում էր՝ «քույր, վերադարձիդ անձրևանոց հագիր, հակառակ դեպքում ձվերի հոտը քեզ երկար է անհանգստացնելու․․»։

Զուրաբիշվիլին, ըստ ամենայնի, անտեսել էր այս սպառնալիքները։ Օդանավակայանում նրան ձվերով են դիմավորել։ Իշխանությանը չենթարկվող «Փիրվելի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝՝ նախկին պաշտոնյայի ժամանելուն պես նրան են մոտեցել մի խումբ անձինք, ձվեր նետել և թաքնվել ։

Հրապարակված կադրերում լսվում է մի կնոջ ձայն, ով հարցեր է ուղղում ընդդիմադիր գործչին՝ «դու ոչ կառավարական կազմակերպությունների ստրո՞ւկ ես», «դու գործակա՞լ ես», «դու դավաճանելու գենետիկ հակո՞ւմ ունես»։

Իշխանական պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլին է արձագանքել՝ «իսկ ինչո՞ւ է զարմացել Զուրաբիշվիլին, որը շարունակում է դավաճանել հայրենիքին»։

«Նա գնում է արտասահման և փորձում վնաս հասցնել երկրին։ Հասարակությունը յուրովի է արձագանքում», - ասել է Մատիկաշվիլին՝ հիշեցնելով, որ դեռ ամիսներ առաջ էին Զուրաբիշվիլիին զգուշացրել՝ դժվար է լինելու ազատ տեղաշարժվել, վրացական հասարակությունը պատասխաններ է պահանջելու։

Իրավապահները չեն շտապում պատասխաններ պահանջել քաղաքական գործիչների վրա հարձակվողներից

Ի տարբերություն հասարակության, իրավապահները չեն շտապում պատասխաններ պահանջել քաղաքական գործիչների վրա երկրորդ օրը ձվերով հարձակվողներից։ Հետաքննության հույսն էլ մեծ չէ, հաշվի առնելով, որ մեկ ամիս է անցել ընդդիմադիր Գախարիայի դեմ ֆիզիկական հարձակումից, որի հետևանքով քաղաքական գործիչը քթի կոտրվածք էր ստացել, մինչ օրս որևէ մեղավոր չի գտնվել, թեև տեսանյութերում հստակ երևում է, որ բռնության հեղինակը Իվանիշվիլիի կուսակից, պատգամավոր Դմիտրի Սամխարաձեն է։

Այս անգամ իշխանությունը տեղի ունեցածը վերագրում է 1 միլիոն 200 հազար «դժգոհ ընտրողներին»:

«Մենք ունենք ավելի քան 1 միլիոն 120 հազար ընտրող, որոնցից շատերը դժգոհ կլինեն Գեորգի Գախարիայի և մյուս ընդդիմադիրների քայլերից։ Գուցե նրանցից մեկը նման ձևով է իր դժգոհությունն արտահայտել, մեկ ուրիշը այլ կերպ, բայց մենք, իհարկե, կոչ ենք անում բոլորին զերծ մնալ նման գործողություններից», - հայտարարել է իշխանական պատգամավոր Լևան Մաչավարիանին։

Այս անգամ էլ ընտրություններում ենք Ռուսաստանի հիբրիդային ռազմավարության զոհ դարձել. Զուրաբիշվիլի

Իսկ ինչի՞ց կարող էր դժգոհ լինել «Վրացական երազանք»-ի ընտրազանգվածը:

Զուրաբիշվիլիի Մյունխենյան գլխավոր ուղերձն էր՝ Վրաստանն է Ռուսաստանի առաջին թիրախը, որը 2008 թվականին Ռուսաստանի ռազմական հարձակման զոհ դարձավ, որից հետո Մոսկվան նույնը կիրառեց Ղրիմում, հետո էլ ամբողջ Ուկրաինայի նկատմամբ։

«Այժմ էլ մենք մեկ այլ փորձաքար ենք դարձել։ Այս անգամ էլ ընտրություններում ենք Ռուսաստանի հիբրիդային ռազմավարության զոհ դարձել», - Մյունխենում հայտարարում էր պաշտոնաթող նախագահը՝ կրկին կասկածի տակ դնելով հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Թբիլիսին կտրականապես հերքում է նման պնդումները և փաստեր պահանջում։ Մեղարդանքներն էլ, թե երկիրը հեռանում է Եվրամիությունից, համարում կեղծ։

Վրաստանը եվրոպական ընտանիքի անդամ է, բայց ոչ եվրոպական բյուրոկրատիայի. Կավելաշվիլի

Վրաստանը եվրոպական ընտանիքի անդամ է, բայց ոչ եվրոպական բյուրոկրատիայի, երեկ այսպես էր հակադարձում նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։

«Ես հավատում եմ եվրոպական արժեքներին, բայց ոչ բրյուսելյան բյուրոկրատներին։ Կհամարձակվեմ ասել, որ Վրաստանը կարող է ինքնիշխանության օրինակ ծառայել եվրոպական երկրների համար», - ֆրանսիական Radio Courtoisie-ի հետ զրույցում երեկ հայտարարում էր Վրաստանի թերևս ամենաաջակողմյան հայացքներն ունեցող գործիչը։

Պարզաբանելով իր նման վերաբերմունքը՝ Կավելաշվիլին թիմակիցների պնդումները կրկնեց, թե Ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո արտաքին ուժերը Վրաստանին դրդում էին Ռուսաստանի դեմ պատերազմի՝ հանրապետությանը թողնելով մեն մենակ միջուկային գերտերության հետ։

«Մենք ձեզ զենք կտանք։ Երիտասարդ եվրոպամետները մեզ Ռուսաստանի դեմ պատերազմի կոչ էին անում։ Ստիպում էին այն ժամանակվա կառավարությանը գնալ այդ քայլին։ Հարց է ծագում՝ Վրաստանը պե՞տք էր մասնակցել այդ պատերազմին», - ասում էր նախագահ Կավելաշվիլին՝ համոզմունք հայտնելով, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին չմիանալով, Ուկրաինա կամավորներ չուղարկելով, իր թիմը պատմական որոշում է կայացրել:

«Մի օր պատմությունը կընդունի, որ մենք փրկել ենք երկիրը», - վստահեցնում էր Վրաստանի նախագահը։

XS
SM
MD
LG