Մատչելիության հղումներ

«Վրաստանում աճող ժողովրդավարական անկումը մտահոգիչ է». եվրահանձնակատար


Մագնուս Բրուններ
Մագնուս Բրուններ

Եվրախորհրդարանը հունվարի 21-ին քննարկել է Վրաստանում քաղաքական ճգնաժամը, քննադատել իշխող «Վրացական երազանք»-ի հակաեվրոպական կուրսը, ցուցարարների նկատմամբ բռնաճնշումները։

«Վրաստանում աճող ժողովրդավարական անկումը խորապես անհանգստացնող է»,- հայտարարել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները՝ միանգամայն անընդունելի համարելով խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները և ատելության հրահրումը, քաղաքական դրդապատճառներով պաշտոնյաներին պաշտոններից ազատումը և նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքները։

Բրունները կոչ է արել «Վրացական երազանքին» ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալվածներին։

Սալոմե Զուրաբիշվիլին, որը վրացական ընդդիմության հետ միասին չի ճանաչում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կոչ էր արել իշխանություններին՝ բանակցություններ սկսել նոր ընտրությունների թվականի շուրջ։ Զուրաբիշվիլին նաև հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ավարտից հետո (դեկտեմբերի 29-ը) մտադիր չէ լքել իր նստավայրը՝ պնդելով, որ նախագահական ինստիտուտը երկրում գործող միակ լեգիտիմ կառույցն է։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ ի պատասխան հայտարարել էր, որ նոր քվեարկություն կազմակերպելու մտադրություն չունեն, քանի որ «նախորդ ընտրությունները լեգիտիմ էին»։ Նա նաև Զուրաբիշվիլիին քրեական հետապնդմամբ էր սպառնացել, եթե վերջինս գերազանցի իր լիազորությունները։

Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին և հայտարարել, որ «Վրացական երազանքը» պետք է դիտարկի «Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը վերականգնելու» բոլոր ուղիները, այդ թվում՝ վերընտրությունները։

Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրամիության արտգործնախարարները Վաստանի հարցով քննարկումները կշարունակեն ԵՄ խորհրդում հունվարի 27-ին։

Վրաստանում 2024-ի վերջին լայնածավալ հակակառավարական բողոքի ակցիաներ էին ընթանում երկրում անցկացված խորհրդարանական ու նախագահական վերջին վիճահարույց ընտրությունների և եվրաինտեգրումից հրաժարվելու՝ կառավարության որոշման դեմ։ Ցույցերն ուղեկցվում էին բախումներով ու ձերբակալություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG