Վրաստանի իշխանություններն օրենսդրական փոփոխությամբ առաջարկում են սահմանափակել ցույցերը, մասնավորապես նոր պատժաչափեր սահմանել։ Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։
Նոր օրենքի նախագծով առաջարկվում է մանր խուլիգանության համար, որի համար ոստիկանությունը պարբերաբար հավաքների ժամանակ բերման է ենթարկում ցուցարարներին, ավելի բարձր տուգանք սահմանել, վարչական կալանքի ժամկետն էլ դարձնել 60 օր ներկայիս 15-ի փոխարեն։
Իշխանությունը ցանկանում է նաև վարչական իրավախախտում համարել պետական քաղաքական պաշտոնյայի հասցեին կամ նրա գործունեության հետ կապված բանավոր վիրավորանքը։ Բռնի գործողությունների հրապարակային կոչերը, որոնք նախկինում միայն տուգանքի տեսքով էին պատժվում, այժմ առաջարկվում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկմամբ պատժել: