«Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը, որ Վրաստանում ընդունվեց հունիսին, և համաձայն որի՝ դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում, արդեն երկու օրից կգործի։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ անհրաժեշտ տեխնիկական բազան արդեն պատրաստ է, և օգոստոսի 1-ից հասարակական և մեդիա կազմակերպությունները, որոնք համապատասխանում են օրենքով նշված չափանիշներին, պետք է գրանցվեն։ Չգրանցվելու դեպքում կտուգանվեն 25 հազար լարիի չափով, որը մոտ 10 հազար դոլար է։
Լրագրողի հարցն այսօր վրդովեցրել է նախարարին, քանի որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի փոխարեն լրագրողը «գործակալների մասին օրենք» արտահայտությունն է կիրառել։ Լրագրողի արձագանքին, որ աշխարհն է այդպես անվանում այն, նախարարը շարունակել է պահանջել, որ օրենքը ճիշտ անունով անվանվի։
Հունիսի 4-ին ստորագրված օրենքը վտանգի տակ է դրել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումները: Չնայած միջազգային գործընկերների կոչերին, երկրում ընթացող բողոքի ցույցերին, Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն «օտարերկրյա գործակալներ» անունը ստացած օրենքի վերաբերյալ։ Սրանով, սակայն, օրենքին ընդդիմացողների պայքարը չավարտվեց։
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը երեկ հայց ներկայացրեց Սահմանադրական դատարան ընդդեմ վիճահարույց օրենքի։ 32 ընդդիմադիր պատգամավորներ ստորագրել էին հայցը մեկ շաբաթ առաջ։ Խնդրահարույց օրենքը չեղարկելու համար Սահմանադրական դատարան երեք հայց է արդեն ներկայացվել․ մեկը՝ նախագահը, երկրորդը՝ հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնց վրա ազդելու է օրենքը, և երրորդը՝ ընդդիմադիր կուսակցությունները։
Ընդդիմադիր պատգամավորները թեև լավատեսական ակնկալիքներ չունեն դատարանից, սակայն տարբեր առիթներով հայտարարել են, որ այսպես կոչված՝ «ռուսական օրենքի» դեմ պետք է օգտագործել բոլոր հնարավոր իրավական մեխանիզմները։
Օրենքի ընդունումից հետո Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Մինչ այդ էլ ԱՄՆ-ն էր չեղարկել վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։
Ու այս ֆոնին երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «եվրաինտեգրումը շարունակում է մնալ երկրի թիվ մեկ արտաքին քաղաքական առաջնահերթությունը»։ Վրաստանի վարչապետի կանխատեսմամբ՝ ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները կմեկնարկեն «ամենաուշը հաջորդ տարի»։
«ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք խնդիրների ենք բախվելու այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ուկրաինական հակամարտությունը։ Այդուհանդերձ, «եվրաինտեգրումը շարունակում է մնալ երկրի թիվ մեկ արտաքին քաղաքական առաջնահերթությունը», - ասել է նա։
Կոբախիձեն խոսել է նաև այս ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին, պնդել, որ երկու-երեք տարիների ընթացքում, իսկ ավելի ստույգ՝ 2022 թվականի հունիսին անարդարացիորեն մերժեցին երկրին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցում, ընդգծել, որ ապրում են արհեստական ներքաղաքական բևեռացման ռեժիմում: Կառավարության ղեկավարը նաև խոստացել է, որ երկիրը «շատ պարզ» «շարունակելու է առաջընթացը» եվրաինտեգրման հարցում, և պնդել է, որ մինչև 2030 թվականը կհասնի ԵՄ լիիրավ անդամակցության։