Վրաստանի նախագահը, ընդդիմադիր պատգամավորները, մարդու իրավունքների պաշտպանը, ոչ կառավարական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պահանջում է նախ կասեցնել օրենքի գործողությունը, ապա չեղարկել այն։
Օմբուդսմեն Լևան Իոսելիանին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինչ-որ ձևով ներգրաված է լինելու Սահմանադրական դատարան դիմելու գործում և իրենց դիրքորոշումը հայտնի է։
«Մենք կոչ էինք անում չնդունել այդ օրենքը, մենք կոչ էինք անում այդ նպատակին հասնել մյուս օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով, սակայն (օրենքն ընդունելու) որոշումն ընդունվեց»,- ասել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, 3 ամսից դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։
Այս ֆոնին Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։
Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։