Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դրույթների սահմանադրականությունը։ Հայցի մասին հայտնել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։
Սահմանադրական դատարան դիմելու մտադության մասին են հայտնել նաև ընդդիմադիր պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։
Այս ֆոնին Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել երկրի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։
Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։