Մատչելիության հղումներ

Արևմտյան աջակցությունը շատ դանդաղ է հասնում Ուկրաինա. Զելենսկի


Արևմտյան աջակցությունը շատ դանդաղ է հասնում Ուկրաինա, Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում դժգոհել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի առաջնորդը կրկին նշել է, որ բանակում սպառազինության զգալի պակաս կա, մինչդեռ արևմտյան դաշնակիցներից տևական ժամանակ է պահանջվում ռազմական աջակցության վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու համար:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, կրակի տակ են ոչ միայն Խարկովն ու Դոնբասը, ռուսները ինտենսիվ գործողություններ են իրականացնում ճակատի ողջ երկայնքով։ Այս իրավիճակում Արևմուտքը պետք է ուղիղ միջամտի, պնդել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, աջակցության մի քանի տարբերակ է առաջարկել, այդ թվում՝ կոչ անելով Արևմուտքին խոցել ռուսական հրթիռները, որոնք հայտնվում են Ուկրաինայի օդային տարածքում:

Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի առաջին օրից Արևմուտքը հայտարարում է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային զենքով, սակայն ուղղակիորեն չի մասնակցի ռազմական գործողություններին։

«Բոլորը վախենում են էսկալացիայից: Իսկ ուկրաինացիները մահանում են: Դե, բոլորն արդեն սովորել են դրան: Դա ի՞նչ է, էսկալացիա չէ՞», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նշել է, որ փորձում է փոխել Արևմուտքի այդ մոտեցումը, սակայն դեռ ապարդյուն: Նախագահ Զելենսկին ընդունել է, որ ուկրաինական ուժերը երկրի հյուսիս - արևելքում ռուսական նոր հարձակման հետևանքով տարածքներ են կորցնում, միաժամանակ նշել, որ իրավիճակը մարտադաշտում վերջին օրերին բարելավվել է. - «Այսօր իրավիճակը վերահսկելի է, մեկ շաբաթ առաջ ավելի բարդ էր»:

Ուկրաինացի զինվորականներն ու պաշտոնյաները, սակայն, կարծում են, թե Ուկրաինայի նախագահը տեղյակ չէ ճակատում տիրող իրական վիճակից, գրում է Economist-ը՝ Խարկովի մարզում ռուսական զորքերի հարձակման մասին մեծ հոդվածում։

«Մենք կարծում ենք, որ նախագահը պետք է կենտրոնանա տեղում տիրող իրավիճակի վրա, այլ ոչ թե ընդօրինակի Պուտինին, մի մարդու, ում կյանքը պտտվում է այն թղթերի շուրջ, որոնք բերում են նրա օգնականները», - ասել է Ուկրաինայի Զինված ուժերի սպա Դենիս Յարոսլավսկին բրիտանական Economist-ին։

Խարկովում շատ զինվորներ վրդովված են, որ Ռուսաստանը կարողացավ կարճ ժամանակում այդքան առաջ գնալ: Ոմանք քննադատում են արևմտյան օգնության ձգձգումները: Մյուսները կասկածում են, որ դա տեղի է ունեցել ոչ կոմպետենտության կամ դավաճանության պատճառով, գրում է Economist-ը:

Անալենա Բերբոնքը կոչ է արել աշխարհին ավելի շատ հակաօդային համակարգեր տրամադրել Ուկրաինային

Որ տեղում իրավիճակը բարդ է, այսօր ընդունել է նաև Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոնքը․ հերթական անգամ ժամանելով Կիև՝ նա կոչ է արել աշխարհին ավելի շատ հակաօդային համակարգեր տրամադրել Ուկրաինային:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը, 21-ը մայիսի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը, 21-ը մայիսի, 2024թ.

«Ռուսական հարձակումներն ուղղակիորեն թիրախավորում են քաղաքացիական կառույցները, օրինակ, էլեկտրական համակարգերն են հարվածի տակ, ուստի հակաօդային պաշտպանությունը շատ կարևոր է։ Եվ ես կոչ եմ անում ամբողջ աշխարհին ավելացնել հակաօդային պաշտպանության աջակցությունը», - նշել է Բերբոքը։

Մինչ այդ հայտնի դարձավ, որ Կիևն այս տարի հավելյալ՝ շուրջ երեք միլիարդ եվրո կստանա։ ԵՄ խորհուրդն այսօր հաստատել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները Ուկրաինային փոխանցելու որոշումը։ Այդ գումարը կօգտագործվի երկրին ռազմական աջակցության և ռուսական ագրեսիայի պատճառած վնասի փոխհատուցման համար, հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։

«Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիվ պատերազմով պատճառած վնասի համար»,- ընդգծել է նախարարը։

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն և այլ երկրներ պատժամիջոցներ սահմանեցին և սառեցրեցին Ռուսաստանի և ռուս օլիգարխների ակտիվները։ Միայն Եվրամիության երկրներում սառեցված է մոտ 260 միլիարդ եվրո, որից ստացված եկամուտները հնարավորություն կտան ուկրաինացիներին նոր զենք գնել, բայց ուկրաինական բանակն այսօր միայն զենքը խնդիրը չունի, ասում են վերլուծաբանները։ Մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիր է՝ մարդուժի պակասը։

Ուկրաինայում, որտեղ ուժի մեջ է մտել մոբիլիզացիայի մասին նոր օրենքը, աճում է զորակոչից խուսափողների և երկրից ապօրինի հեռացողների թիվը։ Եվրամիություն հասնելու համար չափահաս տղամարդիկ որոշ դեպքերում թաքնվում մեքենաների կամ բեռնատարների բեռնախցիկում:

Ուկրաինայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն դեպքեր է նշում, երբ անգամ կանաց շորերով ու անձնագրով են փորձում սահմանը հատել. - «Նույնիսկ այն ժամանակ, երբ սահմանապահները Ռումինիայի հետ սահմանին այդ տղամարդուն կանգնեցրել էին, նա շարունակում էր պնդել, թե կին է»:

Ուկրաինական օրենքների համաձայն՝ 18 -ից 60 տարեկան տղամարդկանց մեծ մասին արգելվում է լքել Ուկրաինան ռազմական դրության ժամանակ, սահմանն ապօրինի հատելու փորձի համար նրանց սպառնում է տուգանք կամ քրեական պատասխանատվություն։

Ավելի վաղ երկրի գլխավոր հրամանատար Սիրսկին ասել էր, թե ուկրաինական բանակի ռեզերվում նոր ուժեր չկան, ով կա՝ ճակատում է:

XS
SM
MD
LG