Մատչելիության հղումներ

Զելենսկի. Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ որոշումները մեկ տարի ուշանում են


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Արևմտյան դաշնակիցները չափազանց երկար են որոշումներ կայացնում Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում, Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ շեշտելով, որ այդ որոշումները գրեթե մեկ տարի ուշանում են։

Զելենսկու խոսքով՝ եթե Ուկրաինան ավելի վաղ ստանար Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, ապա այն կարող էր կանխել ռուսական բազմաթիվ հարձակումներ էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտների վրա։

Ուկրաինայի նախագահը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին օգնել Ուկրաինայի տարածքում ռուսական թիրախները խոցելու հարցում, թույլատրել օգտագործել արևմտյան զենքը ռուսական ռազմական տեխնիկայի դեմ, որը Ռուսաստանը կենտրոնացրել է սահմանի մոտ։

Զելենսկին ասել է, որ այս հարցով բանակցություններ է վարում իր գործընկերների հետ, սակայն այդ քննարկումներն արդյունք չեն տվել։

Նա վստահություն է հայտնել, որ եթե ՆԱՏՕ-ի ինքնաթիռները խոցեն ռուսական հրթիռները՝ դրանով իսկ պաշտպանելով Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, դա չի դիտարկվի որպես ռազմական դաշինքի երկրների ներգրավում Ռուսաստանի հետ պատերազմում։

Չնայած Կիևի շարունակական դիմում-խնդրանքներին՝ Վաշինգտոնն ու արևմտյան դաշնակիցները կրկնում են, որ մտադիր չեն սեփական ուժերով ոչնչացնել Ուկրաինայի վրա հարձակվող ռուսական անօդաչուները։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնն ավելի վաղ հիմնավորել էր՝ եթե բրիտանական ուժերն օգնեն Ուկրաինային խոցել անօդաչու թռչող սարքերը, ինչպես դա արեցին Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ, դա կլինի ուղիղ բախում ՆԱՏՕ-ի զորքերի և ռուսական բանակի միջև և կհանգեցնի «վտանգավոր էսկալացիայի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG