Եկեղեցական հարցերն` ըստ եկեղեցական կանոնների, կեսգիշերին հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ ի պատասխան Վեհարանը Վեհափառից ազատելու Հայաստանի վարչապետի սկսած գործընթացի:
«Եկեղեցուն և եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգաց և կանոնաց համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից: Ավելին ասելիք չունեմ», - ասաց Գարեգին Երկրորդը:
Գիշերը այն ժամին, երբ կաթողիկոսը պիտի վերադառնար Դուբայից, ընդդիմադիր մի քանի գործիչների կոչով հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ:
Այստեղ թե՛ ընդդիմության համակիրներն էին, թե՛ մարդիկ, որ պնդում էին՝ որևէ քաղաքական ուժի չեն սատարում, միայն՝ Վեհափառին: Այստեղ էին նաև տասնյակ հոգևորականներ:
Վերջին երկու շաբաթում վարչապետ Փաշինյանն ամենօրյա գրառումներով ու երեկվանից արդեն կոնկրետ համակարգող խմբի ձևավորմամբ կաթողիկոսական նոր ընտրություններ է ձեռնարկում: Կաթողիկոսն ինքը այս թեմայով լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն ժամանման սրահից դուրս եկավ՝ հավաքվածների ծափերն ու կոչը նրան ստիպեցին կանգ առնել մեքենայի մոտ. - «Վե-հա-փա՛ռ, Վե-հա-փա՛ռ, Վե-հա-փա՛ռ», «Վեհափա՛ռ, զավակներդ են եկել դիմավորելու»:
«Գիտենք, որ դուք եկել եք այստեղ՝ ձեր վրդովմունքը արտահայտելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված՝ եկեղեցու, մեր և եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Վեհափառը չասաց, որ վստահ է, ասաց՝ հավատում է, որ խոհեմությամբ, առանց ավելորդ հուզականության պիտի կարողանան հաղթահարել այս դժվարությունը. - «Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոն կվտանգեն ազգային մեր միասնությունը»:
Հենց մեքենայի մոտ էլ հավաքվածներին հրավիրեց միասնական աղոթքի:
Այստեղ էլ «Ազատություն»-ը փորձեց կաթողիկոսից ճշտել՝ արդյոք պատրաստվո՞ւմ է Ազգային եկեղեցական ժողով հրավիրել. սա եկեղեցական իշխանության գերագույն մարմինն է, կաթողիկոսի ընտրությամբ զբաղվող միակ մարմինը:
«Ոչինչ չեմ կարող ասել հիմա, այս պահին», - արձագանքեց Գարեգին Երկրորդը:
Վեհափառը այստեղ էլ փորձեց մեքենա նստել, հեռանալ, սակայն այդպիսի հնարավորություն չկար, ու նա հոգևորականների ու քաղաքացիների ուղեկցությամբ ոտքով առաջ շարժվեց , քահանաները հընթացս Հայրապետին նվիրված երգն սկսեցին՝ «Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր» տողերով:
Գարեգին Երկրորդը հեռանալիս հավատացյալներին հրավիրեց Արարատյան տոներին մասնակցելու, ասաց՝ սուրբ մասունքներ պիտի ի ցույց դնեն. - «Հանգիստ քուն և բարի երազներ ձեզ, բարին ընդ ձեզ»:
Իսկ առավոտը դարձյալ բարի չէր Ամենայն Հայոց կաթողիկոսի համար: Նիկոլ Փաշինյանը, որ արդեն ունի իր իսկ հարցի պատասխանը՝ Վեհափառի կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին, նոր հարց է առաջ քաշում. - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը և կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»։
Այս պահի դրությամբ վարչապետը երկու ստատուս է գրել իր ձեռնարկած հոգևոր հեղափոխության շրջանակում՝ երկրորդն արդեն կարգախոս է՝ «Վեհարանը վեհի՛»: