Մատչելիության հղումներ

Արդեն 8 օր թոփ թեմա դարձած եկեղեցու թեման չի սպառվում. Փաշինյանի թիմից էլ են պնդում՝ խնդիր կա


Ամենաառաջինը՝ առավոտյան 7:03-ին էր. վարչապետն ինչպես վերջին շաբաթվա բոլոր օրերին, առավոտը բացել է սաղմոսով, ապա անցել արդեն ավանդական դարձող թեմային՝ հոգևորականների ու նրանցից գլխավորի՝ Վեհափառի կուսակրոնության հարցին։

Ժամը 9-ին Հովհաննես Օձնեցու օգնությանն է դիմել՝ նախորդ հարցադրումները համոզիչ դարձնելու համար. «Եթէ կուսակրօն մարդ կին առնէ կամ կնոջ հետ ապրի, թող հանուի պաշտօնէն և չմասնակցի եկեղեցւոյ պաշտօնական արարողութիւններուն»։

Երկու ժամ անց՝ սեփական մտքերն են՝ վերլուծություն, թե ինչու կաթողիկոսը չի պատասխանում իր հարցին՝ զավակ ունի՞, թե՞ չունի, Խախտե՞լ է ուխտը, ի՞նչի մասին է Գարեգին Երկրորդի լռությունը։ Վարչապետն այս մի գրառմամբ Վեհափառին դուրս է անում Վեհարանից։

«Լռել՝ նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը՝ նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել՝ նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից», - գրել է նա:

Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն այլևս հարցեր չուներ կաթողիկոսին։ Արդեն պնդել է՝ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։

Ենթադրաբար Ազգային անվտանգության ծառայությունը վաղ առավոտյան երկրի ղեկավարին զեկուցել էր, որ գիշերը Սյունիքի սահմանային գյուղից երկու երիտասարդ մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանում։ Ոչինչ, սակայն, չի փոխում այս օրերի երկրի գլխավոր օրակարգը Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռի սրբազանները սեռական կյանք ու երեխաներ ունե՞ն։ Թեման եռում է վարչապետի կաբինետից մինչև խորհրդարանի միջանցքներ։

Արդարադատության նախարարն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այդպես էլ չձևակերպեց, թե որն է խնդիրը, բայց կա խնդիր, որից էլ, ըստ նրա, վարչապետի մոտ խոսելու կարիք է առաջացել։ Եվ սա, ըստ Սրբուհի Գալյանի, ամենևին էլ եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ինքնուրույնության խախտում չէ, խառնվել չէ։

Եթե այդ կառույցն առանձնահատուկ դեր ունի Սահմանադրությամբ, ուրեմն դրա ինքնակարգավորմանը կարող են մասնակցողներ լինել՝ ըստ արդարադատության նախարարի։ Իշխանական թիմը հոգևորականների վարքուբարքը քննարկելիս ու նրանցից պարզաբանում պահանջելիս ներկայանում է որպես Հայ եկեղեցու հավատարիմ հետևորդ, որ անկեղծորեն, սրտանց ցանկանում է անբասիր տեսնել հոգևոր հայրերին։ Սակայն հընթացս բոլորը մի բան են արձանագրում. «Մենք ունենք եկեղեցի, որը արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության», - ասաց Սրբուհի Գալյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ ընդգծեց՝ եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացներին. «Երբեմն նաև պետք է պատրաստ լինել նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից»:

Այդպես էլ պարզ չի դառնում՝ որպես հայ առաքելականներ են ուզում առողջացնել եկեղեցին, թե՞ համարում են, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, ուրեմն իրենք էլ եկեղեցով կզբաղվեն։ Հայ եկեղեցականներին ուղղված քաղաքականությամբ զբաղվելու թեման նաև Բաքու է հասել։ Հայոց հովվապետին մերժում է Կովկասի մահմեդականների առաջնորդը։ Ալաշուքյուր Փաշազադեին հարցրել են՝ կհանդիպե՞ք։ Ասել է՝ չեմ պատրաստվում. «Գարեգինը, կրոնական դերակատարությունից բացի, նաև քաղաքական դերակատարություն է ստանձնել։ Նման հոգևոր այրին քաղաքականության մեջ այդչափ ներգրավվելը չի սազում»։

Ոչ մի սպասում չկա, որ արդեն 8 օր թոփ թեմա դարձած սեռական սկանդալը կսպառվի։ Ավելին՝ երեկ խորհրդարանի նախագահը չէր բացառել, որ Սահմանադրությունում կվերանայեն Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը։ Արդարադատության նախարարը այսօր ասաց՝ այդ գործը չեն սկսել։

Ալեն Սիմոնյանի պես՝ տիկին նախարարը նույնպես Նիկոլ Փաշինյանի բառապաշարում խնդիր չի տեսնում։ Ասաց՝ գուցե որոշների համար սուր երանգ պարունակող բառամթերք է, բայց իրավական սահմանը չի հատում։

Հանրային ծառայության մասին օրենքի մի շարք հոդվածներ խախտելու բողոքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով էր դիմել փաստաբան Արա Զոհրաբյանը։ Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հայտարարել է՝ կքննարկեն, ու երկուշաբթի որոշում կլինի՝ բողոքը վարույթ ընդունում են, թե ոչ։

Փաստաբան Զոհրաբյանը վարչապետի 11 ստատուսներ էր բողոքում ներառել։ Դրանցից մեկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությանն է արժանացել դեռ մինչև այս բողոքի ներկայացումը։

Եթե արձանագրեն, որ երկրի վարչապետը վարքագծի խախտում է թույլ տվել, պիտի ընդամենը հրապարակային պարզաբանում տա։ Հանձնաժողովն առայժմ քննելու է Փաշինյանի ամենաաղմկոտ գրառումը՝ որտեղ հայհոյախոսություն է, գործող անձինք՝ մի սրբազան ու մի քեռակին։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG