«Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը», - հայտարարեց քիչ առաջ Երևան վերադարձած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ «Զվարթնոց» օդանավայականում դիմելով իրեն դիմավորելու եկած աջակիցներին:
«Գիտեմ, որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու և եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։ Գիտենք, որ այդ արտահայտությունները, համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ, ի սփյուռս աշխարհի», - ասաց Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը՝ անդրադառնալով վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարութjուններին, ով ցանկանում է փոխել կաթողիկոսին՝ պնդելով, թե Գարեգին Երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի:
Ի դեպ, հենց կաթողիկոսը դուրս եկավ սրահից, նրան դիմավորող քաղաքացիներից մեկը գոչեց. - «Վեհափա՛ռ, զավակներդ են եկել դիմավորելու»:
Վեհարանն ազատելու վարչապետի պահանջի մասին լրագրողների հարցերին Գարեգին Երկրորդը չպատասխանեց՝ ասելով, թե «ամեն ինչ հստակորեն ասված է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունում», որտեղ նշված է, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից: