Երևանյան հանրային տրանսպորտի թանկացումից հետո այսօր առաջին աշխատանքային օրն է։ Վաղ առավոտից շրջելով մայրաքաղաքում՝ «Ազատություն»-ը ուղևորների երկու խմբի հանդիպեց՝ վճարողներ ու չվճարողներ։
«Կտրոն ունեմ, իջնելուց կվճարեմ, բայց գտնում եմ, որ սխալ է, թող մեր ղեկավարությունը, իրենց ընտանիքները, որ ավտոները օգտագործում են, վերացնեն, մեր 50 դրամը իջեցնեն», - ասաց քաղաքացիներից մեկը:
«Ազատությանը» հանդիպած վարորդները չվճարողներին չէին արձագանքում, սակայն երբ ուղևորները փորձում էին 100 դրամանոց մետաղադրամ թողնել, ասում էին՝ չի կարելի։
150 դրամանոց տոմս չգնած քաղաքացիները միաձայն պնդում էին՝ թանկացումն իրենց համար մեծ ֆինանսական բեռ է, վճարողների տեսակետն էլ առանձնապես չէր տարբերվում:
Ավտոբուսների և մետրոյի սակագինը թանկացել է 50 դրամով, տրոլեյբուսների դեպքում գնաճը եռակի է։ Չվճարողները շատ էին հատկապես այս փոխադրամիջոցում։
«Շատ քիչ աշխատավարձի դեպքում սա մեծ վնաս է բյուջեին», - ասաց ուղևորներից մեկը:
Երկրորդ համարի տրոլեյբուսում «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիներից և ոչ ոք տոմս չէր գնել, մարդիկ պարզապես առաջանում, նստում էին, նրանց մի մասն էլ իջնելիս փորձում էր մանրադրամ թողնել վարորդի կողքին։
Ընդդիմությունը պահանջում է նոր փաթեթներին զուգահեռ պահպանել արդեն նախկին 100 դրամ սակագինը՝ պնդելով, որ քաղաքային իշխանությունն ի վիճակի է իր եկամուտներից սուբսիդավորել տրանսպորտի աշխատանքը։ Ընդդիմադիրները նույնպես շրջում էին ավտոբուսներով ու կանգառներով։
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պնդեց՝ կարող են քաղաքային իշխանություններին ստիպել վերանայել որոշումը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքով, մինչդեռ, ընդդիմադիրների նպատակն արդեն գինն իջեցնելը չէ. «Փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց»։
Քաղաքապետն այսօր արդեն պակասուրդի ծավալի նվազեցման մասին խոսեց, սակայն թե ինչ մեխանիզմով են սա իրականացնելու, ինչպես են արգելելու ընդդիմադիրների ակցիաները, Տիգրան Ավինյանը չմանրամասնեց։
Քաղաքային իշխանությունները փակագծեր չբացելով հայտարարել են՝ չվճարողները հետագայում տուգանվելու են, բայց ոչ այս փուլում։ Ընդդիմադիրները պնդում են՝ նման լիազորություններ քաղաքապետարանը չունի։ Տուգանքների վերաբերյալ որոշումներ կընդունվե՞ն, օրենքներ կփոխվե՞ն, տրանսպորտի հսկիչներ կընդունե՞ն աշխատանքի՝ իշխանությունը դեռ չի հստակեցրել։
Թանկացումներից հետո քաղաքային իշխանությունները ուղևորափոխադրումների ու հավաքված գումարի վերաբերյալ թվեր դեռ չեն հրապարակել։ Քաղաքապետն ակնկալում է այս թվերը իմանալ հաջորդ շաբաթվանից։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.