Հայր մերով, ասմունքով, հումորով ու «Քաղաքացիական պայմանագրի» բոյկոտի պայմաններում Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանն այսօր Գյումրիի քաղաքապետ ընտրվեց: Ավագանի անցած մյուս երեք ուժերը, այդ թվում՝ Ղուկասյանի հետ երկարամյա հակամարտություն ունեցող Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը, պահեցին խոստումը, Ղուկասյանի օգտին քվեարկեցին, իրենք էլ թեկնածու չառաջադրեցին:
64-ամյա Վարդան Ղուկասյանը 13 տարվա ընդմիջումից հետո հինգերորդ անգամ է ստանձնում Գյումրիի քաղաքապետի պաշտոնը: Նորընտիր ավագանու առաջին նիստը, որպես տարիքով ամենաավագ, հենց ինքն էր վարում:
Ղուկասյանն ինքն իրեն ընտրեց: Նրա տրամադրությունն ակնհայտ բարձր էր, անընդմեջ կատակում էր, քվեաթերթիկները հաշվիչ հանձնաժողովին փոխանցելուց, օրինակ, իր թիմակցին զգուշացրեց. - «Ծոցդ դիր՝ չկոխեն»:
Ընտրվելուց հետո Ղուկասյանն արդեն Թումանյան ասմունքեց:
Նիստի մեկնարկին ավագանիում 14 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սարիկ Միասյանը ֆեյբուքում գրեց. - «Գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չենք մասնակցի»:
Մինասյանը նաև զգուշացրեց՝ Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է և կարծիք հայտնեց, որ հանուն Գյումրիի պետք է գնալ նոր՝ արտահերթ ընտրությունների: Վարդան Ղուկասյանն արձագանքեց՝ եթե նոր ընտրություն լինի, կմասնակցի ու ավելի շատ ձայն կտանի:
Համայնքի ղեկավարի ընտրությունը բաց էր: Ավագանու 33 անդամներից 18-ն էին ներկա: «Քաղաքացիական պայմանագրի» 14 անդամից բացի բացակա էր նաև Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը:
Պատրաստվո՞ւմ է Մարտուն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել, որ նրա դաշինքի ձայների շնորհիվ քաղաքապետ ընտրվեց, Ղուկասյանը նշեց. - «Այդպես ասելը մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ի՞նչ է պատահել, ես խնդիր չունեմ, ես իրենց ոխերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարիդրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ է»:
Նիստերի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Ղուկասյանին իր հարազատ «Սլաբոտկա» թաղամասից եկել էին աջակցելու: Իսկ մտավախություն չունի՞, որ իր պաշտոնավարումը հարթ չի անցնի, ի վերջո ամենաշատ ձայներ ավագանիում ունի «Քաղաքացիական պայմանագիրը»:
«Իհարկե, կարող է և ամեն ինչ անեն, որովհետև ես չեմ տեսնում, որ այսօր երկիրը դեմոկրատական ճանապարհ է որդեգրել, ես չեմ տեսնում այդ ամեն ինչը, աշխատել եմ նախկին երկու նախագահների հետ ու այսպիսի ռեպրեսիաներ ես չեմ տեսել: Մի խոսքով չեմ ուզում հիմա անցնել էդ դաշտ, հետագան ցույց կտա, բայց մի բան գիտեմ՝ երանի խաղաղասերներին, հանուն երկրի, հանուն քաղաքի կարելի է համբերատար լինել: Ես երբ ասում էի՝ սուբորդինացիան կպահեմ, կպահեմ ես էդ սուբորդինացիան, բայց եթե հանկարծ որևէ մեկն ուրիշ ձևի իրեն պահի, ուրեմն ես միանշանակ իրեն կփոխհատուցեմ նույն սկզբունքով», - պատասխանեց նա:
Վարչապետ Փաշինյանն այսօր պատասխանելով Գյումրիում ընդդիմության հաղթանակի ու Վարդան Ղուկասյանի հետ համագործակցության մասին հարցին միայն ասաց՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի հետ կանոններ կան ու դրանք պետք է պահվեն:
Ինքը Ղուկասյանն ակնկալում է, որ ՔՊ-ն կվերադառնա նիստերի դահլիճ՝ ակնարկելով. - «Մտածում եմ՝ ՔՊ-ն էլ պիտի մասնակցի ու այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետև իրենց քաղաքի, մեր քաղաքի, բոլորիս համար: Խոսքը միայն Ղուկասյանի վարդանի մասին չի, սա ժողովրդի մասին է խոսքը, իրենք ինչ քայլ անեն, ժողովրդին են անելու, Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ, էստեղ քաղաքի բնակչության խնդիրն է: Եթե իրենք պետք է ոտ պահեն բնակչությանը, բնակչությունն իրենց կարծիքը կասի իրեն նկատմամբ դիմացի ընտրություններին»:
Ղուկասյանը պատրաստվում է մյուս քաղաքական ուժերի հետ քննարկել ծրագրերը, առաջարկություններ կանի, կփորձի համերաշխություն հաստատել: Գյումրիի նորընտիր քաղաքապետը մի շարք քրեական գործերով է անցնում, այսօր դարձյալ պնդեց, որ այդ գործերը սին են: