ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու «Դոգ» մականունով հայտնի նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի մեծ դիմանկարներով ցույց Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Օվկիանոսից այն կողմ կալանավորված Ղուկասյանի աջաիկցները նրա նկատմամբ արդար դատաքննություն են պահանջում:
Ղուկասյանի աջակիցները պնդում են՝ Հայաստանի իշխանությունները նրա նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում ու ընդգծում, եթե ամերիկյան դատարանը որոշի նրան Հայաստան արտահանձնել, նա կարող է անգամ կյանքը կորցնել:
«Ես չեմ ուզում իրեն արտահանձնեն Հայաստանին, որովհետև իրա կյանքին վտանգ ա սպառնում, այ հենց դրա համար, ու ես միշտ էլ իրան լսել եմ, ճիշտ ա իրա հայհոյանքները, բանը դնենք մի կողմ, բայց էն, որ ինքը ազնիվ ա, դա միանշանակ», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հակադարձելով Ղուկասյանի աջակիցների պնդումներին, վստահեցրել էր՝ Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ մեկը հայհոյում է իշխանություններին. - «Հա, ի՞նչ, քիչ մա՞րդ ա հայհոյում»։
ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը: Ամերիկյան դատարանը նաև պետք է քննի նրան արտահանձնելու Հայաստանի գլխավոր դատախազության 2023-ին ներկայացված միջնորդությունը:
ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, նա մեղադրանքը չի ընդունում:
Լաս Վեգասի դատարանն օրերս մերժել էր Ղուկասյանին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը. նախկին ռազմական ոստիկանը ճաղերի հետևում է արդեն ավելի քան 30 օր:
Վարդան Ղուկասյանն օրերս կալանավայրից դիմեց իր աջակիցներին, ու իր շուրջ ստեղծված իրավիճակը համեմատեց Թուրքիայում ծավալվող իրադարձությունների հետ, որտեղ նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակից, Ստամբումլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձրբակալությունից հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել:
«Մեկ մարդու նման հավաքվում եք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ և պահանջում ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ, նորից եմ կրկնում, օբյեկտիվ քննություն Վարդան Ղուկասյանի գործով», - նշել է նա:
Հետևելով հորդորին նրա աջակցիները այսօր ԱՄՆ դեսպանատան հարակից տարածք էին եկել:
Նախկին ռազմական ոստիկանի առաջնորդած ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը պնդում է՝ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը կեղծ է: Վարդան Ղուկասյանի հայաստանյան փաստաբանի փոխանցմամբ՝ հաջորդ նիստը կկայանա ապրիլին: