Մատչելիության հղումներ

USAID-ում փոփոխությունների առաջին փուլով՝ ավելի քան չորս հազար դրամաշնորհ է չեղարկվել


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) փոփոխությունների առաջին փուլի արդյունքներով՝ ավելի քան 4 հազար 100 դրամաշնորհ է չեղյալ համարվել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտը։

Նշվում է, որ արդյունքում 4,4 միլիարդ դոլար է խնայվել։

15 օրվա ընթացքում Պետդեպարտամենտն ավելի քան 9 հազար արտաքին օգնության դրամաշնորհ է գնահատել՝ ավելի քան 15,9 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։

«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ պահպանվել են պարենային օգնության ֆինանսավորումը, ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի բուժման համար դեղերի մատակարարման ծրագրերը, Լիբանանի, Հաիթիի, Վենեսուելայի, Կուբայի և այլ երկրների համար աջակցության ծրագրերը, որոնք ամերիկյան դրամաշնորհների խիստ կարիք ունեն։

USAID-ում վերանայումները տեղի են ունենում ԱՄՆ պետաքարտուղար Մարկո Ռուբիոյի անմիջական գլխավորությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Ռուբիոյին՝ համոզվել, որ «հարկատուների գումարներն օգտագործվում են Ամերիկան ավելի ուժեղ, անվտանգ և բարեկեցիկ դարձնելու համար»։

58 մլրդ դոլար արժողությամբ ավելի քան 6 հազար երկարաժամկետ դրամաշնորհներ դեռ վերանայման փուլում են։

XS
SM
MD
LG