Թրամփի վարչակազմն, ըստ ամենայնի, փակում է Վաշինգտոնի միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցը՝ պետական ծախսերի կրճատմանն ուղղված քայլերի ֆոնին։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունները նախազգուշացնում են՝ որոշումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դեմ մեղադրական արշավը գլխավորում է Իլոն Մասկը՝ պետական ծախսերի կրճատման գործընթացում նախագահ Թրամփի ներկայացուցիչը: Ամերիկացի միլիարդատերը պնդում է, որ վարչակազմը կարող է կրճատել 1 տրիլիոն դոլար ԱՄՆ դեֆիցիտը, և իր այդ նախաձեռնությունը ներկայացնում է որպես կոռուպցիայի դեմ պայքար:
USAID-ի աշխատակիցները հաղորդագրությում են ստացել այն մասին, որ Վաշինգտոնում գտնվող կազմակերպության կենտրոնակայանը փետրվարի 3-ից փակ է «գործակալության ղեկավարության որոշմամբ», հայտնում են CNN-նն ու Associated Press-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուր։ Համաշխարհային օգնության ընդհանուր ծավալների ավելի քան 40 տոկոսը տրամադրող USAID-ի կայքն արդեն մի քանի օր է անհասանելի է։
Թրամփը պնդում է, որ ամերիկյան կառավարական գործակալությունը «ղեկավարվել է մի խումբ ռադիկալ խելագարների կողմից»: «Մենք նրանց կհեռացնենք, ինչից հետո կորոշենք USAID-ի ապագան», - նախօրեին հայտարարում էր Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփի մեկնաբանությունները հնչում են ամերիկյան մի շարք լրատվամիջոցների հաղորդումների ֆոնին, որոնց համաձայն՝ USAID-ի անվտանգության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ վարչական արձակուրդ են ուղարկվել, երբ փորձել են կանխել Մասկի գլխավորած կառույցի ներկայացուցիչների մուտքը գործակալության թվային համակարգեր:
USAID-ը, որը Կոնգրեսի որոշմամբ իր տնօրինության տակ տասնյակ միլիարդավոր դոլարներ ունի, Մասկը համարում է «հանցավոր կազմակերպություն», որի «մահվան ժամը եկել է»։
«Ակնհայտ է դարձել, որ սա որդնած խնձոր չէ։ Այն, ինչ մենք ունենք, որդերի կույտ է։ Պետք է ազատվել այդ ամենից ։ Սա վերանորոգման ենթակա չէ», - երկուշաբթի օրը X Spaces-ի ուղիղ եթերում հայտարարել է Մասկը:
Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Կիրակի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի խումբ դեմոկրատ ներկայացուցիչներ նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և «խորը մտահոգություն» հայտնել Թրամփի վարչակազմի քայլերի կապակցությամբ:
Դեմոկրատ սենատորների գնահատմամբ՝ հարվածի տակ է հայտնվել մի կազմակերպություն, որի նպատակն ԱՄՆ-ի ազգային անվտանգության ապահումն է «փորձագիտական գիտելիքների զարգացման ոլորտում ներդրումների», «հատկապես ճգնաժամի պահին ԱՄՆ-ի արտաքին օգնության» միջոցով։
Մինչ այդ, Ռուբիոյի ղեկավարած դիվանագիտական գերատեսչությունը դեռ հունվարի 24-ին է որոշել սառեցնել ԱՄՆ-ի գրեթե բոլոր արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք երկրի արտաքին քաղաքական նպատակներին համապատասխանեցնելու Թրամփի ջանքերի շրջանակում: Սպիտակ տան ղեկավարի այդ հրամանը պահանջում է 90 օրով դադարեցնել ԱՄՆ-ի արտաքին օժանդակությունը՝ դրա արդյունավետությունը գնահատելու և «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը համապատասխանեցնելու» նպատակով:
Մարդասիրական խմբերն ու հասարակական կազմակերպություններն աշխարհով մեկ ահազանգում են այդ որոշման դրամատիկ հետևանքների մասին։
Աֆղանստանի ֆինանսավորման կասեցումն «աղետալի կլինի կարիքի մեջ գտնվող ավելի քան 22 միլիոն քաղաքացիների համար», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի գլխավոր քարտուղար Յան Էգելանդը:
USAID-ը միլիարդավոր դոլարների վճռորոշ օգնություն էր տրամադրում նաև Ռուսաստանի ռազմական ագրեսիային դիմակայող Ուկրաինային։
Կիևում գործող Անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ներկայացուցիչ Սվետլանա Մուսյակը «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում ասել է, որ Ուկրաինային ամերիկյան այդ ֆինանսական աջակցության կասեցումը բացասաբար կանդրադառնա քաղհասարակության ծրագրերի վրա՝ ազդակներ հղելով նաև, որ «ԱՄՆ-ը նվազեցնում է երկրում ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական կայունությանն ուղղված աջակցությունը»։
CBS News-ի հետ զրույցում հանրապետական կոնգրեսական Բրայան Մասթը հայտարարել է, որ Ռուբիոյի հետ աշխատում է, «որպեսզի ապահովի համարժեք առաջնորդություն և վերահսկողություն» այնպիսի գործակալությունների համար, ինչպիսին USAID-ն է:
Մասթը, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է , հավաստիացրել է, որ կաջակցի USAID-ը Պետդեպարտամենտին կցելու գաղափարին:
Բարձրաստիճան դեմոկրատ սենատորները Ռուբիոյին հղած նամակում հայտարարում են, որ Պետդեպարտամենտի շրջանակում USAID-ի միավորման կամ լուծարման ցանկացած փորձ ըստ օրենքի պետք է նախապես քննարկվի Կոնգրեսի հետ և հաստատվի օրենսդիր մարմնի կողմից։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, CNN-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է, որ ինքն է USAID-ի տնօրենի պաշտոնակատարը: