Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամները վիճարկում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Պետդեպարտամենտի հետ միավորելու Թրամփի վարչակազմի փորձը: Փետրվարի 3-ին օրենսդիրները հավաքվել էին Վաշինգտոնի կենտրոնում գտնվող USAID-ի գլխավոր գրասենյակի շենքի մոտ:
Նրանք սա «անօրինական մանևր» են անվանել Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կողմից, որին նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կրճատել կառավարության թիվը:
Դեմոկրատ օրենսդիրները բողոքի հավաք են անցկացրել այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ գործակալության աշխատակիցներին հանձնարարվել է չներկայանալ աշխատանքի փետրվարի 3-ին, և հետագայում արգելափակվել է մուտք գործել իրենց կառավարական Էլ.փոստ և այլ հաշիվներ, քանի որ, ըստ երևույթին, գործակալությունում ստուգում է իրականացվել:
Օրենսդիրները հանդես են եկել՝ ի պաշտպանություն USAID-ի աշխատանքի:
Սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է, որ այդ քայլը սահմանադրական ճգնաժամ է առաջացրել և խոստացել է պայքարել դրա դեմ:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դեմ մեղադրական արշավ է սկսվել, այն գլխավորում է Իլոն Մասկը՝ պետական ծախսերի կրճատման գործընթացում նախագահ Թրամփի ներկայացուցիչը: Ամերիկացի միլիարդատերը պնդում է, որ վարչակազմը կարող է կրճատել 1 տրիլիոն դոլար ԱՄՆ դեֆիցիտը, և իր այդ նախաձեռնությունը ներկայացնում է որպես կոռուպցիայի դեմ պայքար:
Թրամփը պնդում է, որ ամերիկյան կառավարական գործակալությունը «ղեկավարվել է մի խումբ ռադիկալ խելագարների կողմից»:
Կիրակի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի խումբ դեմոկրատ ներկայացուցիչներ նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և «խորը մտահոգություն» հայտնել Թրամփի վարչակազմի քայլերի կապակցությամբ: