Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պատերազմում զոհվել է ավելի քան 11 հազար խաղաղ բնակիչ. ՄԱԿ


Ուկրաինացի հրետանավորներ Պոկրովսկի մոտ, սեպտեմբեր, 2024թ.
Ուկրաինացի հրետանավորներ Պոկրովսկի մոտ, սեպտեմբեր, 2024թ.

Արդեն ավելի քան երկուսուկես տարի Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմում զոհվել է այդ երկրի ավելի քան 11 հազար խաղաղ բնակիչ, 24 հազարից ավելին՝ վիրավորվել, հաղորդում է ՄԱԿ-ի վերջին զեկույցը։ Ուսումնասիրությունը վկայում է, որ միայն անցած ամիս ռազմական գործողությունների զոհ է դարձել Ուկարինայի 184 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 երեխա։

Անցած գիշեր ռուսական զինուժի թիրախում էին կրկին մայրաքաղաք Կիևը, Խարկովն ու Դնեպրոպետրովսկի մարզը, որտեղ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝16-ամյա մի աղջիկ։ Գնդակոծվել է նաև Տորեցկի մերձակայքում գտնվող Կլեբան Բիկ գյուղը, որտեղ վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ։

«Չորս տուն է հարձակման ենթարկվել, այնպես են հարվածել, որ այդ տներից բան չի մնացել», - ասում է գյուղի բնակիչներից մեկը:

Զուգահեռ, շարունակվում է ռուսների առաջխաղացումը Դոնեցկի մարզում։ Ռազմական բլոգերներն ու տեղի լրատվամիջոցները հաղորդում են, թե ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել ևս մեկ բնակավայր՝ Վոդյանենին։

Երեկ էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Նովոգրոդիվկա քաղաքը գրավելու մասին։ Մինչև պատերազմը 14 հազար բնակիչ ունեցող այս քաղաքը 12 կմ է հեռու ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկից, որտեղով անցնում են ուկրաինական բանակի մատակարարման ուղիները։ Այս տարածքում կատաղի մարտեր են, հաղորդվում է, որ ուկրաինական «Ազով» ստորաբաժանումն էլ իր հերթին է անցել հակահարձակման։

Թեժ է իրավիճակը նաև Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում, որտեղից արդեն մեկ ամիս է ռուսական բանակը չի կարողանում հետ մղել ուկրաինական ստորաբաժանումներին:

Այս ֆոնին, Չինաստանն ու Եվրամիության առաջատար երկրներից Գերմանիան այսօր խոսել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին։ Գերմանիայի կանցլերը, որ նախորդ օրերին հանդիպել էր Ուկրաինայի նախագահի հետ, հայտարարել է, թե անհրաժեշտ է Ռուսաստանին ևս հրավիրել Ուկրաինայի խաղաղության առաջիկա համաժողովին, և որ այդ հարցում իր հետ համակարծիք է նաև նախագահ Զելենսկին։

«Կարծում եմ, որ հիմա այն պահն է, երբ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես մենք կարող ենք պատերազմից խաղաղության անցնել ավելի արագ, քան ներկայումս պատկերացնում ենք: Կարևոր է, որ մենք այստեղ առաջ շարժվենք, ամեն դեպքում, կլինի ևս մեկ խաղաղության գագաթնաժողով», - հայտարարել է Օլաֆ Շոլցը:

Շոլցը սեփական երկրում ներքաղաքական զգալի ճնշման տակ է անցած շաբաթվա տեղական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով նրա ձախ-կենտրոնամետ կոալիցիայի բոլոր երեք կուսակցությունները ցավոտ պարտություն կրեցին, մինչդեռ այն ոըժերը, որոնք հանդես են գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները սերտացնելու օգտին, ստացան ավելի շատ ձայներ։

Այս ֆոնին, ըստ իտալական La Repubblica պարբերականի, Շոլցը մշակել է խաղաղության մի ծրագիր, որը որոշ զիջումներ է ենթադրում Կիևի կողմից։ Պաշտոնական որևէ աղբյուր այս տեղեկությունը չի հաստատել, Ուկրաինան ևս չի մեկնաբանել,Կրեմլից արձագանքել են՝ Շոլցի ծրագրին դեռ ծանոթ չեն, միաժամանակ շեշտել են, թե դեմ չեն բանակցություններին:

Ուկրաինայի հարցով խաղաղության առաջին համաժողովն անցել է այս տարվա հունիսին Շվեյցարիայում, այդ հավաքին Ռուսաստանը չէր հրավիրվել։ Դրա հիմքում Զելենսկու առաջարկած «Խաղաղության բանաձևն» էր, որը ենթադրում է, որ ռուսական զորքը պետք է դուրս գա բռնակցված Ղրիմից, ինչպես նաև այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից: Մոսկվան բացառել էր բանակցություններն այս պայմաններով։

Թե երբ է անցնելու նոր հավաքը, Շոլցը չի հստակեցրել։ Ավելի վաղ, սակայն, ամերիկյան Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Կիևը մտադիր է այն անցկացնել նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG