Մատչելիության հղումներ

«Պետք է օգնենք Ուկրաինային արագացնել պատերազմի ավարտը». Օսթին


Գերմանիա - ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի նխագահ Վլադիմիր Զելենսկին Ռամշտայնի հանդիպման ժամանակ, 6-ը սեպտեմբերի, 2024թ.
Գերմանիա - ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի նխագահ Վլադիմիր Զելենսկին Ռամշտայնի հանդիպման ժամանակ, 6-ը սեպտեմբերի, 2024թ.

Միացյալ Նահանգներն այսօր հայտարարել է Ուկրաինային հավելյալ 250 միլիոն դոլար տրամադրելու մասին: Այդ օգնությունն անսասան է լինելու, Ուկրաինայի դաշնակիցների՝ Ռամշտայնի ձևաչափով հավաքին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Մենք պետք է օգնենք Ուկրաինային արագացնել պատերազմի ավարտը: Եթե Ուկրաինան ազատ չլինի, աշխարհն անվտանգ չի լինի», - ասել է Օսթինը:

Հավաքին ներկա Վլադիմիր Զելենսկին նշել է, թե Ուկրաինան այսօր վերահսկում է 1300 քառակուսի կիլոմետր տարածք Ռուսաստանում, այդ թվում՝ 100-ից ավելի բնակավայր: Մինչ այդ նա Տելեգրամի իր ալիքում վճռականության կոչ էր արել դաշնակիցներին՝ միաժամանակ խնդրելով արագացնել զենքի մատակարարումները:

«Մեզ անհրաժեշտ է, որ արդեն հայտարարված աջակցության փաթեթներից բոլոր զենքերը վերջապես հասնեն մարտական բրիգադներին», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Մենք ուզում ենք ավարտել այս պատերազմը», - վստահեցրել է Զելենսկին, ընդգծելով՝ Պուտինն է, որ չի ուզում դա, և խաղաղությունը նրան պետք է պարտադրել:

«Կուրսկի վրա հարձակումը դրա համար է», - CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, - «Այն նվազեցրեց թշնամու հարձակման վտանգը: Մենք մարտերը տեղափոխեցինք թշնամու տարածք, որպեսզի թշնամին զգա այն, ինչ մենք ամեն օր ենք զգում»:

Ուղիղ մեկ ամիս է, ինչ ուկրաինական բանակը ներխուժել է Ռուսաստան։

Երեկ նախագահ Պուտինը հայտարարել էր, թե ռուսները կարողացել են կանգնեցնել ուկրաինացիներին և անպայման հետ են մղելու՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու։

Սիրսկին, մինչդեռ, պնդում է՝ ուկրաինացիներն ամուր կանգնած են ռուսական հողում։ Նրա խոսքով՝ մեկ ամիս առաջ սկսված հարձակման նպատակն է թույլ չտալ Ռուսաստանին Կուրսկն օգտագործել որպես մեկնակետ նոր հարձակման համար, ստեղծել անվտանգության գոտի, ինչպես նաև բարձրացնել ուկրաինական զորքերի և երկրի ոգին:

Սիրսկին, ի դեպ, հարցազրույցում ոչ միայն խոսել է Կուրսկի ճակատում հաջողություններից, այլև պնդել է, որ ուկրաինական ուժերին հաջողվել է կանգնեցնել ռուսներին Պոկրովսկի ուղղությամբ. - «Վերջին վեց օրվա ընթացքում հակառակորդը ոչ մի մետր առաջ չի գնացել Պոկրովսկի ուղղությամբ։ Այսինքն՝ մեր ռազմավարությունն աշխատում է»:

Պոկրովսկը ռազմավարական նշանակություն ունի ուկրաինացիների համար, բանակի մատակարարումներն այս քաղաքով են անցնում։ Վերջին օրերին ռուսական բանակը հասել էր Պոկրովսկից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող գյուղեր։ Թեև ռազմական բլոգերները երկու օր առաջ գրել էին, որ այդ առաջխաղացումը դանդաղել է, երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց նոր բնակավայրի՝ Զավետնոյե գյուղը գրավելու մասին: Ուկրաինական կողմն այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել:

Երկուսուկես տարի շարունակվող պատերազմի ճակատներում թեժ է։ Փորձագետները գրեթե միաձայն պնդում են, որ պատերազմը դեռ երկար է տևելու։ Մինչդեռ միայն ռուսական կողմում հաստատված զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարների. BBC-ի ռուսական ծառայության, Mediazona-ի լրագրողներն ու նրանց օգնող կամավորները բաց տվյալների հիման վրա պատերազմում զոհված առնվազն 68 011 ռուս զինվորների և վարձկանների անուններ են պարզել ու արձանագրել։ Մինչդեռ զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, ասում են լրագրողները:

Պաշտոնական թարմ տվյալներ ոչ Ուկրաինան, ոչ էլ Ռուսաստանը չեն հրապարակել։ Վերջին անգամ Ռուսաստանն իր զոհերի մասին խոսել է ուղիղ երկու տարի առաջ՝ պատերազմից մի քանի ամիս հետո։ Այն ժամանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց 5 937 զինվորականների մահվան մասին, ինչն, ըստ փորձագետների, հեռու էր իրականությունից։

Ուկրաինայում վերջին պաշտոնական գնահատականը տրվել է այս տարվա փետրվարին, նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի։

XS
SM
MD
LG