Մատչելիության հղումներ

Ուկրաինայի իշխանությունը պատժամիջոցներ սահմանեց նախկին նախագահ Պորոշենկոյի և այլ ընդդիմախոսների դեմ


Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայում նախագահական ընտրությունների հեռանկարի և ներքաղաքական ակտիվացող գործընթացների ֆոնին գործող իշխանությունը պատժամիջոցներ սահմանեց մի խումբ ընդդիմադիր նախկինների դեմ։ Սև ցուցակում են հայտնվել գործարարներ, ընդդիմադիր գործիչներ՝ այդ թվում նախկին նախագահ Պյոտր (Պետրո) Պորոշենկոն։ Ուկրաինայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը վերջերս հայտարարել էր նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Պորոշենկոյից բացի սահմանափակումների են ենթարկվել գործող իշխանությունների մի խումբ այլ ընդդիմախոսներ՝ նախկին բանկիրներ Գենադի Բոգոլյուբովը, Իգոր Կոլոմոյսկին, նախկին պատգամավոր, Ուկրաինայի ռուսամետ քաղաքական ուժի առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը, գործարար Կոնստանտին Ժևագոն։ Սառեցվել են նրանց ակտիվները, արգելվել է Ուկրաինայից նրանց ունեցվածքի դուրսբերումը։

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված այդ որոշման պատճառները նշված չեն։ Երեկ նախագահ Վլադիմիր Զելենսկին առանց անուններ հնչեցնելու հայտարարել էր՝ պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր թալանել ու ոչնչացրել են Ուկրաինայի ազգային անվտանգությունը:

«Յուրաքանչյուր ոք, ով ոչնչացրել է Ուկրաինայի ազգային անվտանգությունը և օգնել Ռուսաստանին, պետք է պատասխան տա: Միլիարդները, որոնք ձեռք են բերվել Ուկրաինայի, ուկրաինական շահերի, Ուկրաինայի անվտանգության փաստացի վաճառքից, պետք է արգելափակվեն և պետք է գործեն ի պաշտպանություն Ուկրաինայի և ուկրաինացիների», - ասել էր Զելենսկին:

Ինչու է հենց հիմա որոշվել գնալ թալանի հետևից և պատժամիջոցների ենթարկել նախկին պաշտոնյաներին ու գործարարներին, շուրջ վեց տարի երկիրը ղեկավարող Զելենսկին չի պարզաբանել:

Մինչ այդ, սև ցուցակում հայտնված գործիչներն արդեն տարբեր քրեական գործերով են անցնում։ Մեդվեդչուկը պետական դավաճանության մեջ է մեղադրվում, բայց Զելենսկու որոշմամբ անցած տարիներին արտահանձնվել է Ռուսաստանի իշխանություններին, մեծահարուստ Կոլոմոյսկին 2023 թվականից բանտում է ֆինանսական մեքենայությունների, սպանություն պատվիրելու մեղադրանքներով։ Գործարար Ժևագոն արտերկրում է, հայրենիքում նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ, Բոգոլյուբովն էլ, ըստ ուկրաինական իրավապահների, ապօրինաբար հատել է Ուկրաինայի սահմանը։

Երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ նախկին նախագահ Պորոշենկոյի դեմ քրեական հետապնդումը սկսվեց նրա պաշտոնաթողությունից անմիջապես հետո։ Ընտրություններում պարտվելուց հետո գործող իշխանության կոշտ ընդդիմախոսը շուրջ երկու տասնյակ քրեական գործի բախվեց՝ պետական դավաճանությունից մինչեւ ֆինանսական հանցագործություններ։

Հրուշակագործության 59-ամյա մագնատը, որին Ուկրաինայում անվանում են «շոկոլադի արքա», շինծու է որակում իր դեմ իրավական բոլոր գործընթացները և պնդում, որ իշխանությունն իրեն թիրախավորում է քաղաքական դրդապատճառներով։ Նոր պատժամիջոցների որոշումն էլ նա անվանեց «հակասահմանադրական», «ապօրինի»:

«Երբեք նման բան չէր եղել, և ահա կրկին», - երեկ հայտարարում էր ընդդիմադիր առաջնորդը և հիշեցնում, որ ռուսների լայնածավալ ներխուժումից ընդամենը շաբաթներ առաջ էլ իշխանությունը «Պորոշենկոյով էր զբաղված, և երեք տարվա լայնածավալ պատերազմից հետո, երբ իբր պետք է խելքի գային, նույնն է տեղի ունենում»։

«Ուշքի եկեք։ Ուկրաինական պետության գոյությունը վտանգի տակ է: Միասնությունն արդեն թաղել եք, գոնե Ուկրաինան փրկենք», - հայտարարում է 2014-2019 թվականներին Ուկրաինան ղեկավարած գործիչը:

Ի նշան բողոքի՝ Պորոշենկոյի կուսակիցներն էլ այսօր երկրի խորհրդարանի նիստն են կաթվածահար արել: Մի խումբ պատգամավորներ «ամոթ» վանկարկումներով ամբիոն են բարձրացրել՝ «Մտածեք հաղթանակի, այլ ոչ թե ընտրությունների մասին», «Ուկրաինան ոչ ադեկվատների պատանդն է» գրություններով պաստառներով։

XS
SM
MD
LG