Մատչելիության հղումներ

Telegraf. Զելենսկին որոշել է նախագահական ընտրություններ անցկացնել և կրկին առաջադրվել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ոսկե աստղ» շքանշանով պարգևատրում է ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, Կիև, 9-ը փետրվաի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ոսկե աստղ» շքանշանով պարգևատրում է ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, Կիև, 9-ը փետրվաի, 2024թ.

Ուկրաինայի նախագահը որոշել է նախագահական ընտրություններ անցկացնել և երկրորդ անգամ առաջադրվել այս պաշտոնում, գրում է ուկրաինական Telegraf-ը՝ ընտրությունների անցկացման հավանական ժամկետ նշելով այս տարվա մայիսը։

Վլադիմիր Զելենսկին նախագահ է ընտրվել 2019-ին և նրա պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2024-ին, սակայն ռազմական դրությամբ պայմանավորված՝ ընտրությունները հետաձգվել են: Եվ հիմա, պարբերականը, վկայակոչելով Զելենսկու մերձավոր շրջապատին, գրում է, որ որոշումն արդեն կայացվել է, թեև Ուկրաինայի նախագահը հրապարակայնորեն դա չի հաստատել։

Զելենսկու մերձավոր շրջապատը Telegraf-ին ասել է, որ երկրորդ ժամկետի մասին որոշումն ընդունված է։ 52 տոկոս վստահության մակարդակով նա նախագահական ընտրություններում հաղթելու շանսեր դեռ ունի։ Մեկ պայմանով՝ եթե Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին չառաջադրվի: Այժմ նա պետության ներկայիս ղեկավարի գլխավոր մրցակիցն է, գրում է պարբերականը՝ հավելելով, որ տարբեր քաղաքական ուժեր են փորձում Զալուժնիի հեղինակությունն օգտագործել նախընտրական քարոզարշավի համար: Դրանց թվում են «Բատկիվշչինա»-ի առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչպես նաև ինքը Վլադիմիր Զելենսկին. նա փորձում է իր կողմը գրավել Վալերի Զալուժնիին, որն այժմ Ուկրաինայի դեսպանն է Մեծ Բրիտանիայում:

Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ըստ Telegraf-ի, Զալուժնիին ասել է, որ եթե չառաջադրվի գալիք ընտրություններում և մասնակցի Զելենսկու կողմից, ապա իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ցուցակի առաջին տեղը կզբաղեցնի ընտրություններին և կստանա Գերագույն Ռադայի նախագահի պաշտոնը:

Եթե Զալուժնին ընտրի պայքարը նախագահի պաշտոնի համար, ապա նրան սպասում են փորձություններ՝ քրեական գործեր։ Դրանց թվում է նաև հետաքննությունը, թե ով հանձնեց Խերսոնը 2022 թվականին։ Քաղաքական շրջանակներում աղբյուրները նշում են, որ հարմար պահին այս գործում կարող է հայտնվել Զալուժնիի անունը, նշում է Telegraf-ը:

Ըստ պարբերականի՝ Զալուժնին դեռ վերջնական որոշում չի կայացրել իր քաղաքական ապագայի վերաբերյալ և հրաժարվել է մեկնաբանություն տալ, միայն ասել է, որ նախ՝ կպահպանեն պետականությունը, իսկ հետո կխոսեն քաղաքական ծրագրերի մասին։

Ըստ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն առայժմ չի զբաղվում սեփական կուսակցության ստեղծմամբ։ Ուստի հայտնի չէ, թե նա ում հետ կարող է մասնակցել ընտրություններին։ Սակայն տեղեկություններ կան, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախկին գլխավոր հրամանատարի հետ իր բարեկամությունը կարող է օգտագործել քաղաքական նպատակներով։ Telegraf-ի հետ զրույցում իրավիճակին ծանոթ աղբյուրը բացատրել է, որ քաղաքապետը շատ երկրպագուներ չունի, բայց ղեկավարում է Կիևը, և նրա հետ պետք է ընկերանալ:

Ուշագրավ է, որ Զալուժնիի քաղաքական մրցակիցներն արդեն զգուշանում են նրանից: Նախկին նախագահ Պորոշենկոյի թիմակիցը, որի անունը չի նշվում, ասել է. - «Նա դարձավ առասպել, սիմվոլ: Նա ուկրաինացի տղամարդ է, ում հետ իրենց ասոցիացնում են շարքային ուկրաինացիները: Ուկրաինացի կնոջ համար Զալուժնին ամուսնու իսկական կերպար է, հատկապես, եթե նա զինվորական է: Ո՛չ գործարար է, ո՛չ միլիոնատեր, այլ հասարակ տղամարդ: Զալուժնին ընկալվում է որպես յուրային»:

Պարբերականը հիշեցրել է, որ նախկինում Զելենսկին բազմիցս է խոսել պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացման անհնարինության մասին՝ ասելով, որ աշխարհում ոչ ոք չի պահանջել և չի պահանջում ընտրություններ Ուկրաինայում … Նախ՝ Ուկրաինային արդար խաղաղություն է պետք, իսկ հետո ուկրաինացիներն արդար ընտրություններ կանցկացնեն:

Երեկ Զելենսկին հաստատել է, որ այսօր կմասնակցի Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը: Նա ասել է, որ Ուկրաինայի համար առանցքային խնդիր է հակաօդային պաշտպանության շարունակական ամրապնդումը։


XS
SM
MD
LG