Տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը և տարածաշրջանի տարանցիկ ու առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինի, ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ ներառյալ դրա անբաժանելի մաս կազմող TRIPP փոխկապակցվածության ծրագիրը, ըստ նախարարի, կստեղծի տնտեսական աճի, երկխոսության և ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ՝ այդպիսով նպաստելով ավելի լայն կայունությանն ու բարգավաճմանը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում գործընկեր երկրներին, որոնք արդեն ողջունել են այս նախաձեռնությունը, և հույս ենք դնում բոլոր միջազգային գործընկերների՝ ներառյալ G20-ի աջակցության վրա՝ այս տեսլականն առաջ մղելու գործում», - ասել է նախարար Միրզոյանը։
Նա նաև շեշտել է՝ խաղաղությունն այժմ հաստատված է:
«Այսօր՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հաջող հանդիպումից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման միջոցով ձեռք բերված պատմական հանգրվանից հետո, ես հայտարարում եմ, որ խաղաղությունն այժմ հաստատված է», - մասնավորապես ասել է Միրզոյանը։