Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հրաժեշտի ասուլիսում խոսելով «Թրափի ուղու» մասին, շեշտեց՝ Թեհրանի համար դեռ կան անհասկանալի պահեր, ապա պարզաբանեց՝ խոսքը հայ - ամերիկյան ստեղծվելիք ընկերության գործառույթների մասին է:
«Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, մանրամասները հստակ չեն, խոսքը այն քննարկումներ մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ, այս մասին որևէ մանրամասն հստակ չէ», - նշեց Սոբհանին:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների մասին, Մեհդի Սոբհանին հիշեցրեց այն 5 սկզբունքները, որոնք ամրագրվել են համատեղ հայտարարության մեջ: Դեսպանը մանրամասնեց՝ այդ սկզբունքներն են ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը և փոխադարձությունը»:
Ի դեպ, Մեհդի Սոբհանին հատուկ շեշտադրեց փոխադարձության սկզբունքը, մանրամասնելով, որ եթե, օրինակ, Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի և Ջուլֆայի միջով պետք է կարողանան կապ հաստատել Իրանի հետ:
«Եթե Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կարողանան հասնել Ադրբեջան, այդ նույն իրողությունը պետք է նաև Հայաստանի քաղաքացիների համար լինի, որ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով նաև Իրան գնա: Բնականաբար, եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից: Եթե դա բխի բոլորի շահերից, ոչ ոք դրան դեմ չի լինի», - ասաց նա:
Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, իրանցի դիվանագետն ընդգծեց՝ «ռիսկը կլինի այն դեպքում, որ այդ նախագծի մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ»:
«Քանի որ ծրագրի անունը «Խաղաղության խաչմերուկ» է, եթե ճանապարհի մի հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ, ռիսկերը այդ դեպքում կլինեն: Բոլորը պետք է կարողանան այդ խաչմերուկից օգտվել և այդ ճանապարհներով իրենց երթևեկությունն ապահովված լինի», - հայտարարեց Սոբհանին:
Իրանի դեսպանը հրաժեշտ տվեց Հայաստանին՝ բանաստեղծությամբ
Ի դեպ, իր հրաժեշտի խոսքում Իրանի դեսպանը նշեց, որ Հայաստանից հեռանում է լավագույն հիշողություններով, ապա խոսքն ավարտեց բանաստեղծությամբ. «Ով զեփյուռ, եթե անցնես Արաքս գետի ափով, համբուրիր նրա հողը և թարմացրու քո շունչը»: