Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է ուկրաինական կալանավայրին, զոհվել է 17 մարդ


Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոե քաղաքը ռուսական հարվածից հետո, 29-ը հուլիսի, 2025թ.
Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոե քաղաքը ռուսական հարվածից հետո, 29-ը հուլիսի, 2025թ.

Ուկրաինայում հրադադար հաստատելու 50-օրյա վերջնաժամկետը կրճատելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից ժամեր անց ռուսական զինուժը ավիառումբերով հարվածել է Զապորոժիեի շրջանին: Մի քանի ռումբ ընկել է կալանավայրի վրա, զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ 42-ը, վնասվել են մոտակայքում գտնվող տներ:

Կալանավոր Յարոսլավ Սամարսկին ասում է, որ երեք ռումբ է ընկել բանտի վրա: Մթության մեջ խառնաշփոթ էր, բանտարկյալներից ոմանք վերջույթներ էին կորցրել, ոմանք այրվում էին, պատմում է Սամարսկին՝ նշելով, որ իրենց խցի 26 կալանավորից 7-ը մահացել են:

Մեկ այլ կալանավոր՝ Անատոլի Հայևոյն էլ պատմում է, որ մի կերպ է կարողացել դուրս գալ տարածքից. «Ինչ-որ բան ընկավ վրաս։ Փորձեցի դուրս գալ դեպի լույսը։ Այնտեղ տղաներ կային, կարծես ... մսաղացի միջով անցած լինեին։ Ես դանդաղ դուրս եկա։ Սարսափելի էր»։

Կրեմլի խոսնակը, մինչդեռ, անդրադառնալով կալանավայրի ռմբակոծմանը, ասել է, որ իրենք հարվածում են միայն ռազմական և կիսառազմական օբյեկտներին։

Ռուսական հարվածներից զոհեր և վիրավորներ կան Դնեպրոպետրովսկում, Խարկովում, Սումմիում: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել: Ուկրաինական զինուժի հարվածից Կուրսկում կա երկու տուժած, Ռոստովում ուկրաինական անօդաչուները հարվածել են բեռնատար գնացքի:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը Շոտլանդիայում հայտարարել էր, որ շատ հիասթափված է Ռուսաստանի նախագահից և խաղաղության գործարքի համար տված 50-օրյա վերջնաժամկետը կրճատում է՝ այն դարձնելով 10-12 օր, քանզի հասկացել է, որ այդքան սպասելու պատճառ չկա: Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ եթե Ռուսաստանը գործարքի չգնա, Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել:

«Ուզում եմ առատաձեռն լինել, բայց պարզապես որևէ առաջընթաց չենք տեսնում։ Այնպես որ, կանեմ հետևյալը՝ կկիրառենք երկրորդական պատժամիջոցներ, եթե գործարք չլինի», - ասել է նա:

Լրագրողներն Սպիտակ տան ղեկավարից հետաքրքրվել են՝ արդյոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը կարող է օգնել հրադադար հաստատելու հարցում: Թրամփը պատասխանել է՝ այլևս չի ցանկանում խոսել, քանզի մի քանի անգամ արդեն խոսել է Պուտինի հետ, սակայն յուրաքանչյուր հեռախոսազրույցից հետո Ռուսաստանը շարունակել է հարվածները:

Դմիտրի Պեսկովն այսօր ասել է՝ Մոսկվան ի գիտություն է ընդունել Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ: Նա չի ցանկացել մեկնաբանել Թրամփի խոսքերը, ապա հավելել է՝ Ռուսաստանը կշարունակի «հատուկ գործողությունը»:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին՝ կարգավորելու Ուկրաինայում հակամարտությունը և այս կարգավորման ընթացքում ապահովելու մեր շահերի պաշտպանությունը», - ասել է Պեսկովը:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին պատերազմը դադարեցնելու ջանքերի համար՝ նշելով, որ վերջին մեկ օրում ռուսական հարվածներից սպանվել է 22, վիրավորվել ՝85 մարդ: Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ԱՄՆ նախագահի արտահայտած հստակ դիրքորոշումն ու վճռականությունը ճիշտ ժամանակին են, երբ շատ բան կարող է փոխվել իրական խաղաղության հասնելու նպատակով կիրառվող ուժի շնորհիվ։

«Խաղաղությունն ուժի միջոցով հնարավոր է։ Ինչպես միշտ, Ուկրաինան պատրաստ է արդյունավետ համագործակցել ԱՄՆ-ի, նախագահ Թրամփի հետ՝ այս պատերազմն արժանապատվորեն ավարտելու և երկարատև խաղաղություն ապահովելու համար», - ասել է նա։

Ուկրաինացիները, սակայն, թերահավատ են, որ Թրամփի նոր վերջնաժամկետը որևէ արդյունք կտա: Մարիա Պրոկոպենկոն, որն ուսուցիչ է, չի կարծում, որ հնարավոր է խաղաղության շուրջ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ Պուտինը, ինչպես միշտ, ինչ-որ խոստումներ կտա, Թրամփն էլ կմտածի, որ նա լավ մարդ է, բայց նրանց զրույցից հետո ամեն ինչ հօդս կցնդի:

25-ամյա Վլադիմիրը ևս չի հավատում, որ հրադադար կհաստատվի շուտով, քանզի կարծում է, որ քաղաքական գործիչների խոսքը հիմա ոչ մի արժեք չունի. «2025 թվականին, ցավոք, գերտերության քաղաքական գործչի խոսքն այլևս ոչ մի արժեք չունի։ Ահա թե ինչու, երբ նրանք ասում են 10, 25, 100, 5 կամ 2 օր, վաղը նրանք կարող են 180 աստիճանով փոխել իրենց միտքը»:

Մեկ այլ քաղաքացի էլ ասում է, որ նախկինում ևս Թրամփը վերջնաժամկետներ է ներկայացրել, սակայն դրանք որևէ օգտուտ չեն տվել, հետևաբար՝ ուկրաինացիները պետք է հույսները դնեն իրենց վրա և շարունակեն պայքարը:

XS
SM
MD
LG