ԱՄՆ նախագահի համբերության բաժակը լցվել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում Ռուսաստանի վարքագծի պատճառով, հայտարարել է պետքարտուղարը: Fox News-ին տված հարցազրույցում Մարկո Ռուբիոն ասել է՝ նախագահը համարում է, որ Վլադիմիր Պուտինը ժամանակ է ձգում, և ժամանակն է կոնկրետ քայլեր անել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Երկու շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին 50 օր ժամանակ էր տվել խաղաղության շուրջ գործարք կնքելու համար:
«Կարծում եմ՝ նախագահը ավելի ու ավելի է հիասթափվում, որ չնայած Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներով շատ լավ շփումներին, դրանք երբեք ոչ մի արդյունք չեն տալիս։ Այնպես որ, ժամանակն է, որ որոշակի գործողություններ արվեն», - նշել է նա:
Մինչ ԱՄՆ-ն դժգոհում է, որ Ռուսաստանը հրադադար չի հաստատում, ռուսական զինուժը շարունակում է հրթիռներով և անօդաչուներով հարվածել ուկրաինական բնակավայրերին: Կիևում անօդաչուն հարվածել է բազմահարկ բնակելի շենքի, կա առնվազն հինգ վիրավոր, այդ թվում՝ երեքամյա երեխա:
Երեկոյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում։ Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել՝ իր օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։
Սումիում ռուսական անօդաչուն հարվածել է ավտոբուսի, կա երեք զոհ: Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զորքը Դոնեցկում փորձում է մասամբ շրջափակման մեջ վերցնել Պոկրովսկ քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ունի: Հարձակման են ենթարկվել նաև այլ բնակավայրեր:
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Լենինգրադի շրջանի ռազմական և արդյունաբերական օբյեկտներին, կա մեկ զոհ: Ըստ նահանգապետի՝ սա պատերազմի սկսվելուց հետո ամենազանգվածային հարձակումն է Լենինգրադի մարզի վրա, որտեղ երեկ նշում էին Ռազմածովային ուժերի օրը: Չնայած այս առիթով նախատեսված ռազմական շքերթը չեղարկվել է, նախագահ Պուտինը, այդուհանդերձ, մեկնել է Սանկտ Պետերբուրգ, շփվել քաղաքացիների հետ:
Այս ֆոնին Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել 45 ռուսաստանցիների և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 50 ընկերությունների նկատմամբ։ Նոր պատժամիջոցները կազդեն Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների տասնյակ անհատների և ընկերությունների վրա, որոնք զբաղվում են անօդաչուների արտադրության համար հազվագյուտ մետաղների արդյունահանմամբ և վերամշակմամբ, ինչպես նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
Պատժամիջոցները նախատեսում են առևտրային գործողությունների դադարեցում այս ընկերությունների հետ և Ուկրաինայի տարածքով ռեսուրսների տարանցման, թռիչքների և տրանսպորտի լիակատար դադարեցում։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատժամիջոցները պետք է Ռուսաստանին զրկեն պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից:
«Հիմա հենց այն պահն է, երբ Ռուսաստանի վրա պետք է այնքան ուժեղ ճնշում գործադրել, որ հաջորդ տարի պատերազմ չլինի … Պատժամիջոցները պետք է արդյունավետորեն Ռուսաստանին զրկեն իր ներուժից։ Մենք աշխատում ենք դրան հասնելու համար», - հայտարարել է նա։
Այսօր հայտնի դարձավ, որ կիբեռհարձակման է ենթարկվել ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը, ինչի հետևանքով բազմաթիվ չվերթներ են չեղարկվել և ուշացել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Silent Crow և Կիբեռպարտիզաններ BY հաքերային խմբերը, որոնք հայտնի են Ուկրաինային իրենց աջակցությամբ:
Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն իր պատմության մեջ առաջին անգամ միայնակ պայքարում է ամբողջ Արևմուտքի դեմ, և այս փուլում չի կարելի թուլություն դրսևորել: Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի գլխավոր նպատակն է «հաղթել թշնամուն»:
«Առաջին համաշխարհային, Երկրորդ համաշխարհային պատերազմում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա, չպետք է թույլ տանք որևէ թուլություն կամ անգործություն», - նշել է նա: