Երևանի ավագանու նիստն այսօր լարված՝ իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում ընթացավ։ Պատճառն այս անգամ համայնքային նոր հիմնարկ՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» ստեղծելու քաղաքային իշխանության առաջարկն էր։
Երևանի երթևեկության կարգավորման անհրաժեշտությամբ է քաղաքապետարանը հիմնավորում հիմնարկի ստեղծումը։ Այն ուսումնասիրելու է խցանումները, վթարները, երթևեկության խափանումները և դրանց նվազեցմանը միտված առաջարկություններ է մշակելու:
«Որի գործառույթների մեջ պետք է մտնի տարբեր միջոցառումների և պրոյեկտների իրականացումը՝ կապված երթևեկության կազմակերպման և կառավարման հետ», - ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Համայնքային նոր հիմնարկն ունենալու է 74 աշխատակից. ամենաբարձրը՝ 1 միլիոն 800 հազար դրամ աշխատավարձը տնօրենի հաստիքի համար է նախատեսվում, առանձին աշխատողներ 1 մլն 700 հազարից մինչև 230 հազար դրամ կստանան, օրինակ՝ պահակները կամ հավաքարարները։ Երևանի բյուջեից ամսական ավելի քան 41 միլիոն դրամ կհատկացվի հիմնարկի գործունեության համար։ Նոր հիմնարկին կտրվի «Երևանտրանս» ընկերության գործառույթների մի մասը։ Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ «Երևանտրանս»-ն ավելի ուշ պետք է լուծարվի։
«Ասում եք՝ բյուջետային բեռ, ծանր բեռ բյուջեի վրա: Ժողովուրդ ջան, «Երևանտրանս»-ի հիմիկվա բյուջեի տարբերությունը որ անգամ 12 ենք անում, 140 միլիոն է ստացվում մոտավորապես: Գիտե՞ք դա [...] համայնքի բյուջեի սեփական եկամուտների քանի տոկոսն է՝ 0.16», - հայտարարեց փոխքաղաքապետը:
Ավագանու ընդդիմադիր անդամների ուշադրությունը գրավել էր նոր հիմնարկի դեռևս թափուր հաստիքների համար նախատեսված աշխատավարձերի չափը։ Ըստ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի՝ դրանք համայնքային մյուս հիմնարկների աշխատողների աշխատավարձից զգալի տարբերվում են։
«Պատշաճ որակավորում ունեցող անձինք, այո, շուկայում բավականաչափ բարձր են վարձատրվում, և որոշակի մասնագիտություններ, այո, կարող են շեշտակի բարձր լինել, բայց համատարած բնույթ է կրում էս տարբերվող աշխատավարձերը», - ասաց Սուքիասյանը:
Փոխքաղաքապետի ներկայացմամբ, մինչդեռ, «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնում» քաղաքապետարանի մյուս նման հիմնարկներից ավելի ցածր աշխատավարձեր են նախատեսվում. - «Օրինակ, ի համեմատ մեր Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի, որտեղ նույնպես ունենք տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներ, որպես արդեն կայացած հիմնարկ և շատ արդյունք տված հիմնարկ ավելի շատ ռեսուրս է իրենց տրամադրվում, քան նախատեսվում է տրամադրել էս հիմնարկի մեկնարկային կետում: Բնականաբար, արդյունքների ապահովմանը զուգահեռ կարող է էդ ռեսուրսը ավելացվել»:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն ընդգծեց. - «Եթե էստեղ մարդիկ ստանալու են 230, 286 հազար դրամ աշխատավարձ՝ պահակը, վարորդը, էլեկտրիկը, ուրեմն մանկապարտեզի և պոլիկլինիկայի աշխատողները ավելի արժանի են էս նմանատիպ աշխատավարձ և ավելի աշխատավարձ ստանալու»:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձեց. - «Երբ որ քննարկվում է, ասում է՝ մանկապարտեզների աշխատավարձ բարձրացրեք էս բյուջեի փոխարեն, նախ պետք է հասկանալ, թե ինչ թվերի մասին ենք խոսում, և նաև հիշել, որ մենք մանկապարտեզի աշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա բյուջեով էր կամ երկու տարի առաջ, սա չեմ հիշի: Բայց նաև պետք է հասկանալ, որ էս հիմնարկը աշխատելու է միլիոնից ավել մարդկանց երթևեկությունը, կյանքը կանոնակարգելու համար, և հետևաբար՝ էն գումարը, որ դրվում է էստեղ, դա շատ ավելի արդյունավետ է, քան էն, ինչ-որ դուք առաջարկում եք, որովհետև դրա համար շատ ավելի մեծ գումարներ են պետք»:
Ընդդիմությունն այսօր քաղաքային իշխանությանը մեղադրեց տրանսպորտային և այլ բարեփոխումները տապալելու, անարդյունավետ կառավարման համար:
«Խնդիրը ստեղ հիմնարկ բացել-փակելը չի, խնդիրը ստեղ պատասխանատու, կոմպետենտ, գրագետ անձնակազմ ունենալն է: 74 նոր աշխատատեղ եք բացում, որոնցից 10-ից ավելին միլիոն 200 հազարից ավել փող են ստանում: Ախր եթե էդ հիմնարկի աշխատողներին ընտրելու է նույն էդ հիմնարկի աշխատողներին ընտրողը, նույն վիճակն է լինելու, ուզում է 10 միլիոն տվեք, ուզում է 100 հոգի գորշի վերցրեք», - հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանն ասաց. - «Քաղաքացիական պայմանագիրը» և նաև իր կոալիցիոն գործընկերը քաղաքական օրակարգ են թելադրում, որի արդյունքում Երևանը ապրում է կտրուկ զարգացում, ինչը նկատելի է սկսած վերելակներից, վարջացրեծ բակերով, վերջացրած մնացած ենթակառուցվածքներով քաղաքային, որը ակնհայտ պրոգրես է ապրում: Եվ այսուհետ անհրաժեշտություն է կառավարել տրանսպորտային հոսքերը, և մենք դա կանենք»:
«Էս նախագծի վերաբերյալ տպավորություն է, որ սայլը բերում ձիուց առաջ են դնում; Տրանսպորտային ռեֆորմների հիմքում պետք է լիներ նման կենտրոնի ստեղծումը, որը կաներ համապատասխան վերլուծություն և, վստահ եմ, նաև ռեկոմենդացիա կտար, որ քաղաքը էս այլանդակ չափերով չմեծանա», - հայտարարեց Մանուկ Սուքիասյանը:
ՔՊ խմբակցությունից Լևոն Լևոնյան էլ արձագանքեց. - «Պարոն Սուքիասյան, [...] եթե դուք և ձեր քաղաքական նախկին կնքահայրերը կամ ներկա կնքահայրերը գոնե մեկ տոկոսով կատարած լինեին իրենց խոստումները, մենք էսպիսի ահռելի ծանր բեռների չէինք մտնի, և քաղաքի և ընդհանուր հանրապետության վիճակը շատ ավելի լավ կլիներ, գոնե մեկ տոկոսը»:
Փոխադարձ կսմիթներից հետո Երևանի ավագանին ի վերջո ընդունեց նոր հիմնարկ ստեղծելու՝ քաղաքային իշխանության նախագիծը։ Ու մինչ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը» կսկսի գործել ու իր առաջարկությունները մշակել, երևանցիները ստիպված են առերեսվել ամենօրյա խցանումների ու գերծանրաբեռնված տրանսպորտի հետ: