Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու նոր նստաշրջանի բացումը՝ քաղաքապետարանի նախասրահում. դահլիճը վերանորոգվում է


Երևանի ավագանու նոր նստաշրջանի բացումն այսօր քաղաքապետարանի նախասրահում էր: Հիմնական դահլիճը վերանորոգվում է, դրան հատկացված գումարը քաղաքապետարանում վեճերի առարկա է երեկվանից:

«Խնդրում եմ թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարծում էին, որ այդ դահլիճը վատն էր», - հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը:

Ինչո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիր»-ը ավտոբուսները շտապ նորոգելու փոխարեն քաղաքապետարանի նիստերի դահլիճը նորոգում, հարց է բարձրացնում ընդդիմադիր նույն խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, պնդելով՝ տրանսպորտային բարեփոխումները տապալված են, քաղաքացիները ժամերով կանգառներում ավտոբուսների են սպասում, մինչդեռ տասնյակ ավտոբուսներ անսարք են և գիծ դուրս չեն գալիս:

«85 միավորից շատ շատ, 100-ն անցնում է, միավոր ավտոբուսներ կանգնած են՝ անսարք, չեն վերանորոգում, իսկ գիտե՞ք ինչի համար՝ որովհետև Տիգրան Ավինյանը և ՔՊ-ն քաղաքացիների վճարած հարկերը ուղղում են նիստերի դահլիճը, որը որ գտնվում է իդեալական վիճակում, այդ գումարը՝ 128 միլիոն դրամ, ուղղում են, որ էդ նիստերի դահլիճը վերանոգեն», - հայտարարեց Ստեփանյանը:

Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հակադարձում է՝ ավտոբուսների նորոգումն ու քաղաքապետարանի նիստերի դահլիճի վերանորոգումը իրար հետ կապ չունեն, մեկը մյուսի փոխարեն չի արվում:

«Դա, դե, բնականաբար, տեխնիկա է, իրենք պարբերաբար փչանում են և հետո վերանորոգվում են; Իսկ ինչ վերաբերվում է նիստերի դահլիճի վերակառուցմանը, ես կարծում եմ, որ դրանք իրար հակադիր չեն, որովհետև սա այլ գործառույթ է, նա՝ այլ, ավտոբուսի համար նույնպես հատկացվում են գումարներ», - ասաց Փամբուխչյանը:

Իսկ որքա՞ն գումար է ծախսվում ավագանու նիստերի դահլիճի վերանորոգման վրա. Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նշված էր, որ քաղաքապետարանը 150 միլիոն դրամ է ծախսում, արձագանքել էր քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ գումարը ոչ թե 150 միլիոն է, այլ ավելի քիչ՝ 97 միլիոն դրամ: Ստեփանյանն ասում է՝ փաստաթղթերով նախատեսված է եղել 128 միլիոն դրամ, բայց խնդիրը որոշումն է, ոչ թե գումարի չափը:

«128 միլիոն դրամ են նախատեսել բյուջեով ծախսեն այդ փոքրիկ դահլիճը վերանորոգելու համար։ Իսկ իրենք ինձ հակադարձում են, ասում են՝ 150 միլիոն չի, 97 ա։ Սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից, տուրքերից, գույքահարկից, աղբահանությունից, թանկացվող ոչ բարեփոխված տրանսպորտից 350 հազար դոլարի կարգի տալիս են, որ իդեալական վիճակում գտնվող դահլիճը վերանորոգեն», - նշեց Ստեփանյանը:

«Նիստերի դահլիճը, եթե ես չեմ սխալվում, հենց կառուցվել է այս շենքը՝ նույն տեսքով եղել է, նույն կահավորմամբ և նույն բովանդակությամբ, և ինքը իրապես ուներ կարիք թարմացման։ Իսկ գումարը այն գումարն է, որը որ մամլո խոսնակը հայտարարել է, այսինքն՝ թե նախկինում ինչ գումար է եղել, գուցե դա եղել է ընդհանուր գումարը, բայց մրցույթի կամ որևէ այլ արդյունքում կրճատվել է, բայց այն գումարը, որը որ ներկայացրել է մամլո խոսնակը, այդ գումարն է», - նշեց Փամբուխչյանը:

«Ազատության» հարցին՝ դա նորմա՞լ գումար է մեկ սրահի համար, փոխքաղաքապետն արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ որակյալ աշխատանք իրականացնելու, որակյալ վերանորոգում և նաև կահավորում իրականացնելու համար օբյեկտիվ գումար է»։

Նիստերի դահլիճի վերանորոգման նպատակահարմարության մասին վեճերից բացի, ավագանին այսօր նաև ընդունեց օրակարգի մոտ երեք տասնյակ հարցերը, որոնցից զեկուցվում էին միայն երկուսը, այդ երկուսն էլ՝ կառուցապատողներին որոշակի արտոնություններ տալու մասին:

Ընդդիմադիրները զարմանքով պարզեցին, որ չզեկուցվողների մեջ է նաև 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրը, թեև ի սկզբանե այն զեկուցվողների թվում էր: Առաջարկ եղավ այն ևս քննարկել նիստում, սակայն մերժվեց:

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն անընդունելի համարեց, որ կարևոր այդ փաստաթղթի մասին մեկ բառ անգամ ավագանու նիստի ընթացքում չի հնչում:

«Ֆրակցիայի, ուրեմն, էդ հարցը դարձել ա չզեկուցվող, բուկվալնո 10 րոպե առաջ, էս թղթերը ստանալով։ Մենք ստացել էինք թղթեր, որտեղ զեկուցվող ա էդ հարցը, միջնաժամկետ ... Եվ երկրորդը, եթե ծախսեր ա, պետք ա մարդկանց ցույց տալ՝ միջնաժամկետ ծախսեր, այսինքն՝ զարգացումներ, ներդրումներ, դա չի կարելի ուղղակի տենց ծածկադմփոց անել, գնալ։ Էս միջնաժամկետը, անընդունելի ա, որ ինքը տենց ուղղակի, սենց քվեարկեցիք, անցավ, էլի։ Այսինքն՝ էդ կնոպկասղմոցին, ժողովուրդ ջան, թարգեք», - հայտարարեց Թորոսյանը;

«Կնոպկասղմոցի չի՝ էս դեպքում ձեռքբարձրացնոցի ա, բայց խնդրում եմ վերադառնաք Ձեր տեղը», - արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շարունակելով. - «Ամենաառաջին տարբերակում՝ երկու շաբաթ առաջ, այո, եղել ա, հետո էլի են հարցեր ավելացրել, ժողովուրդ ջան, մինչև վերջ լսեք, հետո էլի են հարցեր ավելացել, և էս հարցը զեկուցվողից դարձել ա չզեկուցվող՝ հենց էդ ժամանակ»։

«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Պետրոս Զարոկյանն իր ելույթում հիշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի առանձնատունը, որի մասին «Հետք»-ն էր գրել. - «Մեկ էլ տեսնում եմ էկրանների մեջ մի հատ դղյակի նկար ա գալիս Սևանի ափին։ Ասում եմ՝ հոմ նախկինները չե՞ն վերադարձել, էս ո՞ւմը կարա լինի։ ... Մեկ էլ նայեմ, տեսնեմ՝ Ավինյան դեդին ա»:

Քաղաքապետը հակադարձեց՝ իրենը դղյակ չէ, առանձնատուն է, ինքը պետական պաշտոն զբաղեցնելուց առաջ էլ լավ եկամուտ ուներ, և իր հերթին ասաց՝ իրեն էլ հուզում է Հայկ Մարությանի կառուցապատումը Մոնումենտում:

«28 տարեկանում, էդ տարվա ընթացքում 30 միլիոն դրամ եկամուտ ունեի։ Էս, գիտեք, Ձեր, հասկանում եմ՝ Դուք ինչ եք ուզում արած լինեք, բայց հենց կոռուպցիայի մասին եք մտածում, մի հատ առաջարկում եմ մտածենք, օրինակի համար, էն փաստի վերաբերյալ, թե ինչպես ա, օրինակ, Հայկ Մարությանը Մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք։ Այ էդ հարցը ինձ շատ հուզում ա», - հայտարարեց Ավինյանը:


XS
SM
MD
LG