Երևանի խորհրդանիշներից մեկի՝ Կասկադի անավարտ հիմքերը կքանդվեն։ Չնայած ճարտարապետների մտահոգություններին՝ Երևանի քաղաքապետարանը շաբաթվա սկզբին հայտարարեց՝ համալիրի կառուցապատման ծրագիրը մտնում է գործնական փուլ։
«Օրերս ստացել ենք կառավարության համաձայնությունը, որով հաստատվել է ներկայացված ներդրումային ծրագիրը։ Հաջորդիվ կմեկնարկենք Կասկադի վերևի հատվածում առկա փոսորակում, որն առաջացել է նախորդիվ սկսված շինարարական աշխատանքներից և անավարտ մնացած շինարարական աշխատանքներից հետո, այդտեղ առկա հիմքերի քանդման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի այդ հատվածում նախագիծը իրականացնել», - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սոնա Թևանյանի խոսքով՝ ներդրողի հետ կկնքվեն պայմանագրեր, որտեղ հստակ կսահմանվի՝ ինչպես է կառուցվելու «Կասկադ»-ի նոր հատվածը, և ինչպես են օտարվելու հարակից հողամասերը։
Գրեթե մեկ դար առաջ Ալեքսանդր Թամանյանի մտահղացած ու միայն 70-ականներին Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի նախագծած Կասկադն այդպես էլ մինչև վերջ չկառուցվեց. ժամանակ առ ժամանակ վերականգնման փորձեր եղան, բայց տարբեր պատճառներով Երևանի խորհրդանիշներից մեկը ավարտուն տեսք այդպես էլ չստացավ։
«Կասկադ համալիրի վերին հատվածի նամանավանդ կառուցման վերաբերյալ կոնսենսուսի դժվար հասնենք որևէ պարագայում, բայց, այնուամենայնիվ, որոշակի փուլերով անցած նախագիծ ունենք, - քաղաքապետ Ավինյանը սա տարեսկզբին էր ասել և շեշտել՝ մտադիր են 5 տարում ավարտել տասնամյակներ շարունակ կիսատ թողնված գործը, բայց՝ սեփական կետից։
Իսկ այդ կետը «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն է: Հենց այս ընկերությունը հաղթեց Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում, որը, ըստ քաղաքապետարանի, միակ հայտատուն էր։ Նախագծի իրականացման համար էլ խոստացան 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում։
Ըստ պետռեգիստրի՝ հաղթող ընկերության՝ 2024-ի հոկտեմբերի 24-ին հիմնադրված «Ջի Թի Բի դիվելոփմենթի» 97.5 %-ի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է: Նա ավագանիում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։
Նախատեսվում է ներդրողին օտարել շուրջ 7 հեկտար համայնքային պատկանող հողատարածք, որտեղ կառուցվելու են բազմաֆունկցիոնալ համալիրներ, այդ թվում համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան։ Այսպիսի Կասկադ պատկերացնում է հաղթող կազմակերպությունը։
«Խորը մտահոգություն ունեմ». Ջիմ Թորոսյանի դուստր
«Մտահոգություններ ունեմ խորը, որովհետև Կասկադը մնացել է ոնց որ մի օազիս քաղաքում, որին ձեռք չի տրված և չի ապականված դեռևս», - սրտնեղած է Կասկադ համալիրի հեղինակ Ջիմ Թորոսյանի դուրտրը՝ Անահիտը։ «Ազատության» հետ նրա զրույցը կարճ էր, բայց մտահգություններն էին շատ.
«Իհարկե, ես գիտեմ, որ այդտեղ մնացել է կիսակառույց, ցավոք սրտի, և, իհարկե, վաղ թե ուշ, դա պիտի ինչ-որ ձևով այդ հարցը կարգավորվի: Բայց, տեսնելով, թե այսօր քաղաքում ինչ է կատարվում, ինչ աղետալի ուղղակի բաներ են տեղի ունենում, ես ունեմ շատ մեծ մտահոգություններ: Իմ հայրն իր կյանքը դրել է այդ կառույցին: Կասկադն այն կառույցն է, որ շատ երկար տարիներ կառուցել է և կյանքը, հոգին, սիրտը դրել է այդտեղ: Ես ունեմ շատ խորը մտահոգություն, որովհետև տեսնելով, թե այդտեղ ինչ է ուզում դրվել, դա ամբողջովին ուղղակի վերացնելու է այդ կառույցը, այդտեղ՝ ծանր որևէ կառույց իրավունք չունի լինելու», - ասում է Ջիմ Թորոսյանի դուրտրը:
Թող լինեն թանգարաններ, համերգասրահներ....Կասկադը հենց սկզբից մշակութային կառույց էր նախատեսված,- -ճարտարապետի դուստրը հոգատար վերաբերմունք է ուզում տեսնել այս գործում։
«Եվ ի՞նչ ձևով է արվել այդ դահլիճը, ի՞նչ գեղագիտությամբ, ի՞նչ մասշտաբների, այդտեղ շատ զգույշ է պետք լինել», - շեշտում է Թորոսյանի դուստրը:
Դեռ անցած տարի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը համալիրի արդիականացման երկու նախագիծ էր ներկայացրել, որ մշակել էին ամերիկյան և ֆրանսիական ընկերությունները: «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկող երևանցիները ձայների մեծամասնությունը տվել էին ֆրանսիական նախագծին։
Հենց այդ ընթացքում էլ մի շարք ճարտարապետներ սկսեցին բողոքել՝ քաղաքապետարանն այլընտրանքի հնարավորություն չի տվել՝ ի սկզբանե կենտրոնանալով երկու հեղինակների նախագծերի վրա, որոնք, ըստ մասնագետների, որևէ առնչություն չունեն Կասկադի հետ։
Քաղաքը ապականվում է. Կասկադի նախկին նախագծի համահեղինակ
«Դարձյալ բարձրահարկերով փակվում է քաղաքը»,- իր բողոքի ձայնը ամենասզբից բարձրացրեց Կասկադի նախկին նախագծի համահեղինակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, ով ընդգծում է. «Փոսորակը լցնելով չխախտել մտածած, ուրեմն, դեպի վերև գնացող այդ գորգի գաղափարը, որը ինքը սփռվում է դեպի Օպերա, դեպի քաղաքի կենտրոն, դեպի Թամանյանի արձան»:
Իսկ սա, ըստ Մխիթարյանի, գաղափարը պահելու փորձ էր՝ վերից վար կապել թամանյանական քաղաքը։
Ջիմ Թորոսյանի ընտանիքում, այդուհանդերձ, մտավախություն կա, որ հնի իմիտացիան էլ կարող է վտանգավոր լինել.
«Երբ որ արդեն անկախությունից հետո նորից վերսկսվեց շինարարությունը, նա ամեն Աստծո օր, և ես չեմ չափազանցնում, ամեն Աստծու օր կանգնած է եղել շինարարության գլխին և անընդհատ բան է փոխել։ Հասկանո՞ւմ եք, ինչ եմ ասում։ Այսինքն՝ դոգմատիկ կերպով վերցնել 40, 50, 60 տարի առաջվա նախագիծը դնել այդտեղ, նույնպես սխալ է։ Դա միևնույն է չի լինելու Ջիմ Թորոսյանի արածը», - շեշտում է ճարտարապետի դուստրը:
Կասկադը, ի վերջո, պետք է կառուցվի,- սա թերևս միակ միտքն է, որի շուրջ կա համընդհանուր համաձայնություն։ Բայց ինչպե՞ս: Հենց այս հարցն էլ մտահոգում է բոլոր նրանց, ովքեր տևական ժամանակ է տեսնում են՝ ինչպես է վարդագույն քաղաքն օր օրի կորցնում իր տեսքն էլ, գույնն էլ։