Մատչելիության հղումներ

Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով


Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արխիվ
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արխիվ

Քննչականը Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով որոշել է ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի փողերի լվացման համար, որոնցով առավելագույնը 10 տարվա ազատազրկում է նախատեսված։

70-ամյա Սամվել Բալասանյանն այս պահին Միացյալ Նահանգներում է։ Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ նախկին քաղաքապետին գտնելը հանձնարարվել է ոստիկանությանը, որն էլ կարող է հետախուզում հայտարարել։ Ոստիկանությունից առայժմ չեն հստակեցնում՝ արդյոք հետախուզում արդեն հայտարարել են, թե՝ ոչ։

Մինչ այս՝ իրավապահներն անցած շաբաթ հոր մոտ մեկնելու ճանապարհին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել էին նախկին քաղաքապետի կրտսեր որդուն։ Խաչատուր Բալասանյանն այժմ 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի տակ է։ Ընտանիքի փաստաբան Տիգրան Գրիգորյանն այս պահին ձեռնպահ է մնում գործի մասին խոսելուց։

Այս զարգացումներից մոտ 3 ամիս առաջ Գյումրիի ավագանին երկու նախկին քաղաքապետերի օրոք օտարված համայնքային գույքը, այդ թվում՝ Սև բերդին կից հողերը քաղաքին վերադարձնելու հայցով դատարան դիմեց։ Որոշմանը կողմ քվեարկեց նաև իշխող «Բալասանյան» դաշինքը, որը սերտորեն կապված է նախկին ազդեցիկ քաղաքապետի հետ։ Իսկ ընդդիմադիր ՔՊ-ից գույքերի վերադարձի մասին խոսելիս տվել էին նաև այն անձանց անունները, որոնք հիմա մեղադրյալ են։

Հիմա իրավապահները պնդում են, որ Բալասանյանի պաշտոնավարման օրոք նրա կրտսեր որդին տարբեր կեղծիքներով է գնել 19-րդ դարի պատմական ամրոցի հարակից հողերը, որոնք, սակայն, Քննչականի գնահատմամբ, օտարման ենթակա չեն եղել։

Ավագ ու կրտսեր Բալասանյաններից բացի գործում ևս երեք հոգի է ներգրավված՝ Գյումրիի գործող փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը և ընտանիքի մտերիմներից Սիրեկան Մկոյանը։

Ըստ Քննչականի, նրանց օգնությամբ են Բալասանյանները ձեռք բերել պատմամշակութային հուշարձանի հարակից տարածքները։ Օրինակ, նախկին փոխքաղաքապետ Սանոյանը, որը Բալասանյանի քրոջ ամուսինն է, տեղեկանք է տվել, որի արդյունքում փոխվել է հատուկ պահպանվող հողատարածքի նպատակային նշանակությունը ու դարձել վաճառքի ենթակա։ Իսկ Սիրեկան Մկոյանն ու գործող փոխքաղաքապետ Ջանոյանը հողատարածքների գնորդներից են եղել, հետո դրանք վերավաճառել են Խաչատուր Բալասանյանին։ Ջանոյանի փաստաբանը, շատ չակերտներ չբացելով, «Ազատությանը» միայն փոխանցեց, որ իր վստահորդն իրեն մեղավոր չի ճանաչում։

«Իրեն մեղավոր չի ճանաչել Սուրեն Ջանոյանն, այս պահի դրությամբ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Մանրամասները չեմ կարող հայտնել այս պահի դրությամբ՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով», - ասաց Մեջլումյանը:

9 տարի Հայաստանի 2-րդ քաղաքը ղեկավարած Սամվել Բալասանյանը պաշտոնավարումն ավարտել է 2021 թվականին, բայց Գյումրիում փաստացի իշխանության են նրա մտերիմները, օրինակ, քաղաքապետը՝ մորաքրոջ թոռն է, փոխքաղաքապետերից մեկը՝ Լուսինե Սանոյանը՝ Բալասանյանի քրոջ ու գործում ներգրավված Ռուբեն Սանոյանի դուստրը։

Անցած տարի «Բալասանյան» դաշինքի ու ՔՊ-ի կոալիցիոն հուշագրի խզումից հետո ՔՊ-ն բացահայտ ասում է, որ Գյումրիում իշխանության գալու մտադրություն ունի։ Բայց հերքում են, թե այս ձերբակալությունները ու մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունեն. - «Քաղաքական ենթատեքստ այս ամենի մեջ փնտրել ուղղակի սխալ է, անիմաստ է»:

Ձերբակալությունների ու մեղադրյալների ներգրավման ֆոնին, թե՛ ընտանիքը, թե՛ իշխող «Բալասանյան» դաշինքը լուռ են։ Անցած շաբաթ, երբ ձերբակալվել էր Բալասանյան կրտսերը, ավագանու հերթական նիստը մեծամասնության բացակայության պատճառով չկայացավ։ 7 օր անց ըստ օրենքի արտահերթ նիստ է հրավիրվելու։ Բայց քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը հստակ ժամկետ չկարողացավ նշել, քանի որ, ասաց՝ առողջական խնդիրների պատճառով համայնքի ղեկավարը անցել է հեռավար աշխատանքի։ Իսկ փոխքաղաքապետերը չեն կարող ժամանակավոր պարտականությունները կատարել, քանի որ Սուրեն Ջանոյանը տնային կալանքում է, իսկ մյուս փոխքաղաքապետը՝ Սամվել Բալասանյանի զարմուհի Լուսինե Սանոյանը արտերկրում է։

Գյումրիի ավագանիում ընդդիմություն դարձած ՔՊ-ն այսօր շտապեց հայտարարել, թե «Բալասանյան դաշինք»-ը՝ «իր անպատասխանատու հերթական քայլով Գյումրու կառավարումը մատնել է ինքնահոսի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG