Մատչելիության հղումներ

Խաչատուր Բալասանյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով՝ համակցված գրավով


Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ գործարար Խաչատուր Բալասանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, համակցված 80 մլն դրամ գրավով, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Տիգրան Գրիգորյանը։

Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձիք,այդ թվում՝ հայրը այդ տարածքները կեղծիքներով օտարելու համար։

Բալասանյանների ու նրանց մտերիմների նկատմամբ անցած հոկտեմբերին հարուցված քրեական գործից հետո Գյումրիի իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական ներկայացրեց:

Հոկտեմբերի սկզբին ձերբակալված Բալասանյանի բանտային կալանքը մեկ անգամ արդեն նոյեմբերին 70 մլն դրամի դիմաց փոխվել էր տնայինի, բայց վերաքննիչ ատյանը նոյեմբերին նրան դարձյալ կալանավորելու որոշում էր ընդունել: Ու թեև փաստաբանը պնդում է, թե գործում առկա հիմքերը թույլ են տալիս կարծելու, որ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում կա, այլ մանրամասներ հրաժարվում է ներկայացնել:

Իշխող ուժից մշտապես հերքել են քաղաքական հետապնդման մասին պնդումները, իսկ «Բալասանյան» դաշինքը Գյումրիի կառավարումից հրաժարվելուց հետո ընդհանրապես որևէ հայտարարություն չի արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG