ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը մտել է փակուղի։ Նշելով, որ պատերազմից տուժում են և՛ ուկրաինացիները, և՛ ռուսները, Պետքարտուղարն ընդգծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է դադարեցնել հակամարտությունը և հասնել կայուն խաղաղության։ Ռուբիոն կարծում է, որ դրա համար անհրաժեշտ է սկսել բանակցություններ, որոնցում երկու կողմերն էլ պետք է «ինչ-որ բան զոհաբերեն»։
Լրագրող Մեգան Քելիին տված հարցազրույցում Մարկո Ռուբիոն, ընդգծելով, որ Պուտինը «սարսափելի բաներ է արել», ասել է՝ պետք է գիտակցել, որ Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանին՝ նրան հետ մղելով մինչև 1991 թվականի սահմանները։
«Չգիտես ինչու, մենք ստիպեցինք մարդկանց հավատալ, որ Ուկրաինան կկարողանա ոչ միայն հաղթել Ռուսաստանին, այլև... հետ շպրտել նրան այն դիրքում, որտեղ աշխարհն էր 2012-ին, 2014-ին, մինչ այն պահը, երբ ռուսները գրավեցին Ղրիմը և այլ [տարածքներ]: Արդյունքում, վերջին մեկուկես տարին նրանք ֆինանսավորում են պահանջում մի անելանելի իրավիճակի, երկարաձգվող փակուղու համար, որը երկարացնում է մարդկային տառապանքը», - ասել է Ռուբիոն:
Նա նշել է, որ Ուկրաինան «հարյուր տարի հետ է շպրտվել, էներգահամակարգը ավերված է, և ինչ-որ մեկը պետք է վճարի այս ամբողջ վերականգնման համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ շատ ուկրաինացիներ լքել են երկիրը... Նրանք կարող են երբեք չվերադառնալ»։
Նախագահ Դոնալդ Թրամփը, օրեր առաջ տեսակապով դիմելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին, ասել էր, որ կցանկանար հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել բանակցել՝ սպառնալով «հարկեր, տուրքեր և պատժամիջոցներ» սահմանել ռուսական ապրանքների վրա, եթե դա չանի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու ցանկության մասին՝ «հանգիստ քննարկելու» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։