Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման աշխատանքները մեկնարկել են․ Թրամփ


Թրամփի տեսաուղերձը Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ, 23-ը հունվարի, 2025թ․
Թրամփի տեսաուղերձը Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ, 23-ը հունվարի, 2025թ․

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում տեսակապի միջոցով ունեցած ելույթում։

Նավթի գները չափազանց բարձր են, դա էլ թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել Ուկրաինայի հետ հակամարտությունը, նկատել է ԱՄՆ նախագահը՝ կոչ անելով նավթի խոշոր արդյունահանողներին իջեցնել նավթի գինը։

«Սաուդյան Արաբիային և ՕՊԵԿ-ին ( ՆԱԵԿ - Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) կխնդրեմ իջեցնել նավթի գինը։ Այն պետք է իջեցնել։ Եթե գինն իջնի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն անմիջապես կավարտվի»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նավթի գինը մեկ բարելի դիմաց այժմ կազմում է 80 դոլար։ Թրամփի ելույթի ժամանակ այն գրեթե մեկ դոլարով նվազել է։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ հույս ունի շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա նշել է, որ Ուկրաինան «պատրաստ է գործարք կնքել», սակայն մանրամասներ չի հայտնել Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր բանակցությունների մասին։

Ընդգծելով, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները «շատ լավ են»՝ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը կօգնի ԱՄՆ-ին դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։

«Չինաստանը կարող է ազդել Ռուսաստանի վրա՝ պատերազմն անհապաղ դադարեցնելու հարցում: Մենք դա կանենք Չինաստանի հետ միասին», - ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայի հարցով բանակցություններից՝ ընդգծելով՝ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը։ Թրամփը նաև հայտարարել էր, որ Եվրոպական միությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային այս հարցում։

Դավոսի համաժողովի իր ելույթում ԱՄՆ նախագահը հերթական անգամ դիմել է ՆԱՏՕ-ի երկրներին՝ խնդրելով պաշտպանական ծախսերի իրենց մասնաբաժինը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսին։

Դավոսում դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ևս հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն այժմ ճգնաժամային կացության մեջ է», իսկ ճգնաժամի հաղթահարման համար, ըստ Ռյուտեի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները նախևառաջ պետք է մեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը պաշտպանության ամրապնդումն առաջնահերթություն էր համարել։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների երկու երրորդն այժմ ռազմական ներուժին հատկացնում է ՀՆԱ-ի առնվազն երկու տոկոսը, ինչը Ռյուտեի գնահատմամբ, ամենևին բավարար չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG