Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ է տեսնում և ակտիվ ներգրավված է կանխելու ռազմական բախումը, երեկ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Վաշինգտոնի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանում էր կոնգրեսականների հարցերին, որոնք ասում էին, թե Հայաստանը սպասում է Միացյալ Նահանգների օգնությանը, հետաքրքվում էին՝ արդյոք նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է շրջանցել 907-րդ հոդվածը, որն արգելում է Բաքվին ամերիկյան ռազմական աջակցություն տրամադրել:
«Մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ, քանի որ այժմ մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է, որ նրանք համաձայնեն խաղաղության պայմանագրին, որը չի հանգեցնի հարևան երկիր՝ Հայաստան ներխուժմանը։ Մենք ցանկանում ենք կանխել դա։ Նախագահը խիստ հավատարիմ է պատերազմները կանխելու իր խոսքին։ Եվ մենք փորձել ենք երկու կողմերին՝ հատկապես Ադրբեջանին, ներկայացնել այն հսկայական օգուտները, որոնք կարող են բխել խաղաղության պայմանագիր ստորագրելուց և պատերազմի մեջ չներքաշվելուց, ինչը մենք համարում ենք կործանարար: Դա վերջին բանն է, որ այժմ անհրաժեշտ է տարածաշրջանում», - հայտարարել է նա:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Գևորգ Պապոյանը արտասավոր բան չի տեսնում ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարության մեջ՝ հիշեցնելով, որ Երևանն էլ է բարձրաձայնում էսկալացիայի վտանգի մասին:
«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերն ինչ-որ չափով առկա են, բա ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը մեր ինքնիշխանության, և մեր կարմիր գծերն ասել ենք, և այդ շրջանակում մենք ամեն ջանք գործադրում ենք, որ կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա, պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք», - այսօր կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Պապոյանը:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նկատում է, որ ռազմական հնարավոր էսկալացիայի մասին հայտարարող պետքարտուղարը հիմա միաժամանակ նաև Նահանգների նախագահի՝ Ազգային անվտանգության գծով խորհրդականն է, այսինքն՝ Թրամփից հետո, թերևս, ամենատեղեկացված պաշտոնյան, որին հասանելի են հետախուզական հատուկ ծառայությունների զեկույցները:
«Իհարկե, նման հայտարարությունները պատահական չեն լինում: Միգուցե ԱՄՆ-ն որոշ պլանների մասին տեղյակ է, և այսպիսի ձևով, նման գնահատականներ տալով, նաև ինչ-որ տեղ կշտամբելով Ադրբեջանին, որ ժողովրդավարական չէ, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան, այս ամեն ինչը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ և հասկանալ, որ սա կարելի է դիտարկել որպես մեսիջ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սուրեն Սարգսյանը:
Կոնգրեսականները Մարկո Ռուբիոյին հիշեցրել են նաև Բաքվում պահվող հայ գերիների մասին, ցեղասպանություն որակել Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ասել, որ բռնապետ Իլհամ Ալիևը քաղաքական ընդդիմախոսներին բանտեր է ուղարկում: Պետքարտուղարը չէր հակադարձում, բայց արձագանքում էր դիվանագիտական լեզվով. «Միգուցե մենք համաձայն չլինենք իշխանության գործող համակարգի հետ, գուցե ցանկանայինք, որ այն այլ լիներ։ Բայց իրականությունն այն է, որ հաճախ ստիպված ենք գործ ունենալ երկրների հետ, որոնց կառավարման մոդելները կարող են հեռու լինել իդելականից։ Բայց մենք պետք է խոսենք նրանց հետ՝ ելնելով մեր ազգային շահերից, հավասարակշռենք բոլոր չափանիշները առանց զիջելու: Միաժամանակ պետք է հնարավորություններ գտնենք առաջ մղելու մարդու իրավունքները։ Ադրբեջանը մեզ ընձեռում է նման հնարավորություն՝ ավելի լայն խաղաղության համատեքստում, որին մենք փորձում ենք հասնել»:
Արդյո՞ք, սակայն, Թրամփի վարչակազմը, որի օրոք սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, այս անգամ կկանխի Ադրբեջանի հարձակումը: Նախընտրական շրջանում նա աջակցություն էր հայտնում Արցախի հայերին՝ մեղադրելով Ջո Բայդենին, որի պաշտոնավարման շրջանում Ղարաբաղը դատարկվեց, Սարգսյանն ասաց՝ ԱՄՆ-ն առաջնահերթություն չի տալիս այս տարածաշրջանին:
«Պատկերացրեք՝ ԱՄՆ-ն ինչ գլոբալ արտաքին քաղաքական խնդիրների մեջ է հիմա ներքաշված, և որքան ոչ կարևոր են Հարավային Կովկասի կոնֆլիկտները Միացյալ Նահանգների համար, բայց միաժամանակն, ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը կարևոր է, որովհետև հարևաններն են իր ռազմավարական դաշնակից Թուրքիան, իր հիմնական հակառակորդ Իրանը, հիմնական մրցակից ՌԴ-ն»,- հավելեց նա:
Դոնալդ Թրամփը նաև խոստանում էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խաղաղության պայմանագիրը հիմա պատրաստ է, բայց Բաքուն ստորագրման նախապայմաններ է դնում՝ լուծարել Մինսկի խումբն ու փոխել Սահմանադրությունը: Փորձագետը հիշեցնում է, որ ի տարբերություն նախագահ Բայդենի ջանքերի, երբ պետքարտուղարն անձամբ էր համակարգում հայ-ադրբեջանական բանակցությունները, Սպիտակ տան նոր վարչակազմը ակտիվ չէ:
Մինչ այդ Իլհամ Ալիևը ավելացնում է պահանջները Երևանից, այս անգամ ապահովել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան: