Երևանն ու Թեհրանը երեկվանից երկօրյա համատեղ զորավարժություններ են սկսել. Հայաստանի զինուժը հայ-իրանական սահմանի հայկական, իսկ Իրանը՝ սեփական հատվածում` Նորդուզի շրջանում: Հայաստանի ռազմական կառույցը չի հստակեցնում, թե սահմանի հայկական կողմի կոնկրետ որ հատվածում են անցկացվում զորավարժություններն, ու թե քանի զինվորական է մասնակցում: Տարածված հաղորդագրությունում նշվում է միայն հատուկ նշանակության ուժերի ներգրավվածության մասին:
«Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»,- երեկ հաղորդել էին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։
Ռազմական գերատեսչությունից վարժանքների վերաբերյալ տեսանյութեր դեռ չեն հրապարակել։ Մինչդեռ իրանական կողմը կարճ տեսանյութեր է տարածել, որոնք, սակայն, բուն վարժանքներից չեն։ Թեհրանից շեշտում են, որ Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի փոխհրամանատար Վալիոլլահ Մանին հայտարարել է, որ դրանք սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն. «Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա, դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու և կայուն խաղաղություն պահպանելու համար»։
Իրանցի բարձրաստիճան զինվորականը միևնույն ժամանակ շեշտել է՝ երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ «հաշվի առնելով այն զգայուն դիրքը, որ տարածաշրջանը զբաղեցնում է»։
Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Բաքվի պարբերական սպառնալիքների ֆոնին՝ Թեհրանը բազմիցս հայտարարել է՝ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և դեմ է ցանկացած միջազգային սահմանի փոփոխության։
Երկու շաբաթ առաջ Երևան ժամանած Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վերստին հայտարարեց Թեհրանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ Իրանը տարածաշրջանում էսկալացիայի վտանգ է տեսնում:
Իրանագետ Ալեն Շադունցը կարծում է, որ համատեղ զորավարժությունները Թեհրանի հայտարարությունների գործնական շարունակությունն են, շեշտում՝ Իսլամական Հանրապետությունը զորավարժությունները սովորաբար օգտագործում է հակառակորդներին զսպելու համար. «Սրանով իրանական կողմը փորձում է ցույց տալ, որ եթե լինի անկայունություն սահմանային հատվածում, իրենք անպայման ինչ-որ ձևով կարձագանքեն: Զորավարժությունները, բնականաբար, չեն հստակեցնում, թե այդ արձագանքի բնույթն ինչպիսին կլինի»:
Իրանագետն աննադադեպ է համարում Երևանի ու Թեհրանի համատեղ զորավարժությունները։ Թե որ կողմն է դրանց նախաձեռնողը, պաշտոնապես չի հստակեցվում։ Շադունցը, սակայն, նկատում է՝ վերջին տարիներին Թեհրանն է երկկողմ զորավարժություններ անցկացնելու պատրաստակամության մասին հայտնել։
Վերջին շաբաթներին Բաքուն հայկական կողմին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, Սյունիքի գյուղերից էլ հաղորդում են կրակոցների մասին, նույն ընթացքում Ադրբեջանից նոր ռազմական առճակատման վտանգի պահպանման մասին ամենաբարձր՝ նախագահի մակարդակով են հայտարարում։ Իլհամ Ալիևը երեկ պնդել էր՝ այդ վտանգը կա, քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրն, ու Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից։
«Նմանատիպ զորավարժություն անելով որոշակիորեն նշմարվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այդ ցամաքային ստորաբաժանումը կարող է ընդգրկված լինել, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանական կողմը եթե հարձակում իրականացնի, առնվազն արդյունավետ վերահսկողություն կարողանա ապահովել այդ հատվածի նկատմամբ», - նկատեց իրանագետը:
Բաքուն էլ իր հերթին 2 օր առաջ հայտնեց ավիացիայի մասնակցությամբ իրականացված զորավարժությունների մասին։