ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա, կհանդիպի ուկրաինական պատվիրակության հետ՝ առաջ մղելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակները հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ապա նաև Fox News-ը և Axios-ը հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում:
Իսկ Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը նշել էր, որ ուկրաինական պատվիրակության հետ հանդիպելու են՝ «բանակցությունները կրկին ընթացքի մեջ դնելու, զինադադար հաստատելու և խաղաղություն ապահովելու համար»։
Ռուբիոն մարտի 7-ին հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ և հայտնել, որ նախագահ Թրամփը վճռական է՝ հնարավորինս շուտ վերջ տալու ուկրաինական պատերազմը։
Իսկ Մարտի 12-14-ը Ռուբիոն կլինի Կանադայում՝ հանդիպելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը՝ առաջ մղելու Թրամփի՝ «Առաջին հերթին՝ Ամերիկան» արտաքին քաղաքականության օրակարգը:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ խոսելով Կանադայի մասին, հայտարարել էր, որ այն կարող է միանալ Միացյալ Նահանգներին և դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը, ինչը թույլ կտա ազատվել «արհեստական գծված սահմաններից»:
«Կանադան երբեք չի լինի ԱՄՆ 51-րդ նահանգը։ Բայց մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այն ամենին, ինչ ասում է ԱՄՆ նախագահը», - արձագանքելով Թրամփի հայտարարություններին՝ ասել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։