Կանադայի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահին մեղադրել է դաշնակցի դեմ առևտրային պատերազմ սկսելու մեջ՝ խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել։
«Այսօր ԱՄՆ-ն առևտրային պատերազմ սկսեց Կանադայի՝ իր ամենամոտ գործընկերոջ և դաշնակցի, ամենամտերիմ ընկերոջ դեմ», - ասել է Ջասթին Թրյուդոն մամուլի ասուլիսում՝ հավելելով. - «Մենք քաղաքավարի ենք, բայց չենք նահանջի, երբ վտանգված է մեր երկիրը»:
Այսօրվանից Դոնալդ Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրքեր է կիրառում Կանադայից, ինչպես նաև Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, ինչի մասին նա հայտարարել էր նախընտրական արշավի ժամանակ։
Ուղիղ դիմելով Թրամփին՝ Թրյուդոն հայտարարել է. - «Ես սովորություն չունեմ համաձայնել Wall Street Journal-ի հետ, բայց, Դոնալդ, նրանք նշում են, որ չնայած դու շատ խելացի ես, սա շատ հիմար բան է»:
«Առևտրային պատերազմում հաղթողներ չկան», «Կանադան երբեք չի դառնա ԱՄՆ նահանգ», - կրկնել է երկրի վարչապետը՝ խոստանալով ձեռնարկել համարժեք քայլեր։