Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, մարտ, 2021թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, մարտ, 2021թ.

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև։ Այս հնարավորությունը դատարաններին տվել է Սահմանադրական դատարանը։ Բայց եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, նա չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Այս մասին ամիսներ առաջ խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր ասել։

«Վաղեմության ժամկետը, այո, կառաջանա, որովհետև 2008 թվականի դեպքերի մասին ենք խոսում: Եթե գնանք այն տրամաբանությամբ, որ պաշտոնական դիրքի կամ լիազորությունների սահմաններն անցնելու հոդվածի, ենթադրյալ հոդվածի մասին ենք խոսում, այո, այստեղ վաղեմության, միևնույն է, ժամկետն անցնելու խնդիր ենք ունենալու: Այստեղ տարբերությունը ուղղակի արդարացնող և ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցումն է», - նշել էր Վարդապետյանը:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով երկրորդ նախագահն արդարացվեց երեք տարի առաջ առաջին ատյանի դատարանի կողմից, բայց բողոքարկումների պատճառով դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել։

Նախկին նախագահի արդարացման պատճառը ոչ թե այն էր, որ նա քննության արդյունքում անմեղ էր ճանաչվել, այլ՝ Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց նրան վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ Գլխավոր դատախազությունը դեռ այդ օրերին էր հայտարարել՝ օրենքն իրեն թույլ չի տալիս վերաորակել Քոչարյանի մեղադրանքը: Ի վերջո հասան Վճռաբեկ դատարան՝ խնդրելով ստուգել՝ օրինակա՞ն է արդյոք 10 մարդու կյանք խլած իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը, և իրավունք ունե՞ն արդյոք վերաորակել մեղադրանքը։

Վճռաբեկ դատարանը երկու տարի քննեց ու եզրահանգեց, որ իսկապես օրենքը նման հնարավորություն չի տալիս, Սահմանադրության հետ խնդիր ունի, և չորս ամիս առաջ դիմեց Սահմանադրական դատարան։

4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։

«Հերթական անգամ անօրինական ձևով դատավարությունը փորձ է արվելու սկսել: Էս դատավարությունը ինքը անօրինական է չէ՞ եղել, պարզվեց չէ՞, որ հակասահմանադրական հոդվածի հիման վրա Ռոբերտ Քոչարյանը տարիներով մեղադրվել է և տարիներ անց է կացրել կալանքի տակ, չէ՞, պարզվեց չէ՞: Հիմա էլ հերթական անօրինականությունն են անում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Մեղքը չընդունող երկրորդ նախագահի փաստաբանը պնդում է՝ Սահմանադրական դատարանը սխալ ճանապարհով է գնացել՝ դուրս է եկել իր լիազորություններից:

«Սահմանադրական դատարանը փոխանակ Սահմանադրություն մեկնաբանի, դրել օրենքն է մեկնաբանում, ասում է՝ «չէ, Վճռաբեկ, դու օրենքը սխալ ես հասկանում, օրենքը չի արգելում, որպեսզի մեղադրողները մեղադրանքը փոխեն»: Ակհայտորեն լիազորություններից դուրս է», - ասաց Ալումյանը:

Սահմանադրական դատարանն իր որոշումը հավելյալ չի մեկնաբանում։

Ի՞նչ կլիներ, եթե բարձր դատարանը վիճարկվող հոդվածը ճանաչեր հակասահմանադրական։ Ալումյանն ասում է՝ դա կնշանակեր, որ այսուհետ նման իրավիճակներում Դատախազությունը հնարավորություն կստանար վերաորակելու ամբաստանյալների մեղադրանքները, բայց բարձր դատարանի այդ որոշումը հետադարձ ուժ չէր կարող ունենալ, հետևաբար՝ չէր էլ տարածվի նախկին նախագահի վրա։ Բայց որպեսզի Ռոբերտ Քոչարյանին դարձյալ մեղադրյալի կարգավիճակ տան, Սահմանադրական դատարանը գնաց այլ ուղղությամբ, պնդում է փաստաբանը:

«Իրավաբանությունից դուրս է և քաղաքական հետապնդում է, և առաջին իսկ օրվանից մենք դա հայտարարել ենք, որ սա իրավունքի և օրենքի տարրական պահանջներին հակասող գործ է, և էս գործը ունի մենակ մեկ շարժառիթ՝ քաղաքական հաշվեհարդար», - հայտարարեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նաև պնդում է՝ իր լիազորություններից դուրս եկած բարձր դատարանը հղում է արել միջազգային պայմանագրերին, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի՝ արդար դատաքննության իրավունքի դրույթին, կարևորել տուժողների իրավունքներն ու ընդգծել, որ Դատախազությունը պետք է պաշտպաներ նաև նրանց շահերը. - «Ակնհայտորեն անտեսելով այն հանգամանքը, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը բացարձակապես չի տարածվում մեղադրողների վրա և չի տարածվում նաև տուժող կողմի վրա»:

Տուժողների իրավունքներից դատաքննության ընթացքում պարբերաբար խոսում էին մեղադրող դատախազները։ Նրանցից Գևորգ Բաղդասարյանն էր ընդգծել, որ դատարանը, արդարացնելով Քոչարյանին, արդարադատություն չէր հաստատել։

«Այն, ինչ որ մենք էինք ասում, արդարադատության հետ համատեղելի չեն, ինձ չեն համոզել: Ավելին՝ ես գտնում եմ, որ այն իրավիճակը, որը առաջացել է այսօր և առաջացել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, դա արդարադատության հետ համատեղելի չէ», - ասել էր Բաղդասարյանը:

Քոչարյանին արդարացնելուց 4 օր առաջ այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր դիմել գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ խնդրել էր վճիռ չկայացնել, դիմել Սահմանադրական դատարան և իրենց հնարավորություն տալ վերաորակել մեղադրանքը: Դանիբեկյանը, սակայն, մերժել էր ու անցել խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Դանիբեկյանն, ի դեպ, վերջերս հենց Ռոբերտ Քոչարյանի գործը տապալելու, այն ձգձգելու պատճառաբանությամբ զրկվեց դատավորի պաշտոնից։

Դեռ պարզ չէ, թե երբ է պատրաստվում Գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով նորից մեղադրանք առաջադրել Քոչարյանին. դատական ընթացակարգեր կան անցնելու, որ ստանան այդ հնարավորությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG