Դատական իշխանության հեղինակությամբ մտահոգված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը կես ժամ տևած հարցազրույցի ընթացքում այդպես էլ հանրությանն ուղիղ չտեղեկացրեց, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են ոչ թե 2008 թվականի Մարտի 1-ի, այլ երկրորդ նախագահին մեղսագրված մեկ այլ՝ կաշառք ստանալու գործի, ինչպես իրենք ենք պնդում, ոչ արդյունավետ քննության համար:
Թե՛ Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի քննության ընթացքում, թե երեկ Հանրայինին տված հարցազրույցում Կարեն Անդրեասյանն այս փաստին չանդրադարձավ: Փոխարենը պնդեց, թե Դանիբեկյանը տապապել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը՝ այդպես վնաս հասցնելով դատական իշխանության հեղինակությանը:
«Նույնիսկ եթե ինքը դա արել է մասնագիտական անփութությամբ կամ ուղղակի չունենալով կարողությունը՝ բարդ գործերը ճիշտ, օպերատիվ իրականացնելու, միևնույն է՝ արդյունքը եղել է ողբալի դատական իշխանության համար: Ես իմ կարճ ժամանակահատվածում՝ մոտ երկու տարի այս համակարգում եմ, չեմ կարող հիշել ավելի սարսափելի քարկոծում դատական իշխանության, քան այս գործի հետ կապված», - հայտարարեց Կարեն Անդրեասյանը:
Նույն ընդհանրական ձևակերպումները ԲԴԽ նախագահը հնչեցրել էր դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշումն ընթերցելիս, երբ խորհրդի անունից ընդգծել էր, թե երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործը ուներ բացառիկ կարևորություն, բայց այս դեպքում էլ ուղիղ չէր ասվում, որ հնչած գնահատականները Մարտի 1-ի գործին չեն վերաբերում։
Հստակ չի ասվում, թե որ մասին է վերաբերում կարգապահական վարույթը. Արաքս Մելքոնյան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանի գնահատմամբ՝ ԲԴԽ-ն հանրությանն անհրաժեշտ հստակությամբ չի բացատրել, որ Աննա Դանիբեկյանը Մարտի 1-ի գործով չէ, որ պատասխանատվության ենթարկվեց։
«Հստակ չի ասվում, թե որ մասին է վերաբերում կարգապահական վարույթը, իսկ կարգապահական վարույթը վերաբերում է ենթադրյալ 2008 թվականին կաշառք ստանալու գործով, այսինքն՝ կոռուպցիոն հանցագործության դրվագն է, այլ ոչ Մարտի 1-ի, բայց սա հանրությանը չի մատուցվում պատշաճ, և հանրության ընկալումն այնպիսին կարող է լինել, որ սա հենց Մարտի 1-ի գործն է, այնինչ Մարտի 1-ը, մենք շատ լավ գիտենք, որ հակասահմանադրական ճանաչվեց հոդվածը ՍԴ-ի կողմից», - նկատեց նա։
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի արդարացումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունել ի գիտություն: Երկրորդ նախագահին մեղսագրված սահմանադրական կարգի տապալման հոդվածը հակասահամանդրական ճանաչվեց հենց այս իշխանության օրոք ձևավորած Սահմանադրական դատարանի կողմից: Ըստ էության, այդ դրվագում պաշտոնից զրկված Աննա Դանիբեկյանը որևէ դեր չունեցավ։ Նա պաշտոնից զրկվեց ԲԴԽ նախագահի հորդորով պատրաստված մի տեսանյութից հետո, որում ի սկզբանե կար համոզմունք, որ երկրորդ նախագահի գործի տապալման մեղավորը Աննա Դանիբեկյանն է:
Հենց այդ տեսանյութում հնչած պնդումներն էլ Արդարադատության նախարարության համար հիմք էին դարձել կարգապահական վարույթ հարուցելու: Այս գործընթացի վիճահարույց դրվագներից մեկն էլ, ըստ իրավապաշտպան Արաքս Մելքոնյանի, հենց սա է, երբ օրինական մեխանիզմից դուրս գնահատականներ են տրվել դատավորի աշխատանքին:
«Պետք է գնահատվի բացառապես ԲԴԽ-ի կողմից իր որոշմամբ, այլ ոչ թե Դատական դեպարտամենտի կողմից, մի բան էլ դրա հիման վրա տեսանյութ նկարահանվի, և հանրայնորեն հնչեցվի, թե որ դատավորն էր մեղավոր, և շատ կարևոր է նաև, որ մեկ այլ դատավորի կամ դատավորների այդ նույն տեսանյութով մաքրագրում էին, որ իրենք որևէ խնդիր թույլ չեն տվել և այլն։ Այս համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի, առնվազն այն ժամանակ գործող անձինք, անդամները, հատկապես պարոն Կարեն Անդրեասյանն, իհարկե, անաչառ դատարան դիտարկվել չեն կարող օբյեկտիվորեն», - նկատեց նա։
Չի կանխել և չի ձեռնարկել այնպիսի միջոցներ, որ այդ արհեստական ձգձգումը տեղի չունենա. Կարեն Անդրեասյան
Նախ աղմկահարույց այդ տեսանյութում, հետո արդեն ԲԴԽ որոշման մեջ հնչում էր նույն պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված երկու հոդվածներով պետք է առանձին դատավարություններ անցկացվեր, որպեսզի գործի քննությունը առավել արդյունավետ լիներ, իսկ Քոչարյանն էլ չազատվեր պատասխանատվությունից:
«Ամենակարևորը, որ խորհուրդը գտավ, որ տիկին Դանիբեկյանը թույլ է տվել, դա պատշաճ քայլերի բացակայությունն է, ոչ թե ինքը դիտավորությամբ, օրինակ, մեր կարծիքով՝ ինչ-որ հատուկ ձգձգել է կամ հատուկ նիստերն ուշացրել է, կամ չի մասնակցել նիստերին, այլ հակառակը՝ չի կանխել և չի ձեռնարկել այնպիսի միջոցներ, որ այդ արհեստական ձգձգումը տեղի չունենա», - շեշտեց ԲԴԽ նախագահը։
Իրավապաշտպանը նկատում է, որ երկու վարույթներն առանձնացնելով այլ ելք կլիներ, Արդարադատության նախարարությունը Աննա Դանիբեկյանին պատասխանատվության ենթարկելու գործի քննության ընթացքում այդպես էլ պատշաճ չհիմնավորեց։ Իրավապաշտպան կազմակերպությունը դատավորի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշմանը գնահատական կտա, երբ այն ամբողջությամբ հրապարակվի:
Մինչ այդ հարցի պատասխանը, թե ինչու նույն վաղեմության ժամկետների հիմքով մի դեպքում ԲԴԽ-ն բավարարվել է խիստ նկատողությամբ, իսկ Դանիբեկյանի դեպքում կիրառել ամենախիստ՝ լիազորությունների դադարեցման սանկցիան, չի տրվում:
«Այս հիմնավորվածությունը պետք է տեսնել որոշման մեջ։ Իհարկե, բանավոր խոսվեց, որ սա մեր պատմության ամենակարևոր գործերից էր, որովհետև նաև անձով պայմանավորված և այլն... արդոք միայն անձով պայմանավորված պետք է դատավորի լիազորությունները դադարեցնել, ինչո՞ւ երբ մեկ այլ դեպքում արդարադատությունը այլ անձի, որ նախագահը չէ, իրավունքներին է վերաբերում, կարող են բավարարվել այլ պատժատեսակով, կամ երբ նախկին նախագահն է նեգրավված, մենք պետք է լիազորությունները դադարեցնենք։ Սրանք հարցեր են, որոնք օբյեկտիվորեն հարցեր են առաջացնում, հանրության շրջանում, որովհետև երբ դիտարկում ես, բոլոր գործերը կարևոր են անձի իրավունքի տեսանկյունից», - ասաց Մելքոնյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը իրեն պաշտոնից զրկելու ԲԴԽ որոշումը ներպետական ատյաններում վիճարկելու հնարավորություն չունի, այն վերջնական է: Արաքս Մելքոնյանը սա ևս լուրջ խնդիր է համարում: