Մատչելիության հղումներ

«Ի՞նչ բացահայտում, եթե չկան պատժվածներ». իրավապաշտպանը «Մարտի 1»-ի գործը տապալված է համարում


2008 թվականի մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Երևանում
2008 թվականի մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Երևանում

Ինչպե՞ս է քննչական մարմնի ղեկավարը հայտարարում, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, երբ մինչև օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել 10 սպանությունների, հազարավոր մարդկանց նկատմամաբ բռնությունների համար, հարցնում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Սպանությունների միակ մեղադրյալ, ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը շաբաթներ առաջ արդարացվեց, «Չերյոմուխա 7»-ով ցուցարարներին սպանած ոստիկանների գործը փակվեց, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ դեռ երկու տարի առաջ անմեղ ճանաչվեց:

«Պետք է անպայման լինի դատավճիռ, եթե չկա դատավճիռ, խոսել գործի բացահայտումից, նշանակում է «Մարտի 1»-ի զոհերին, վիրավորներին և ընդհանրապես ժողովրդին չհարգել: Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ ասում էին՝ գործը պարտակվում է, ապա այսօր կարող ենք ասել, որ գործը տապալվեց, ոչ թե տապալվում է, այլ տապալվեց, չունենք դատավճիռ: Ցանկացած հայտարարություն կարող են անել իշխանությունները՝ ասել՝ բացահայտել ենք, ասել՝ կբացահայտենք, բայց դրանից ոչինչ չի փոխվի», - ասաց իրավապաշտպանը:

15 տարի անց պատժված չեն ոչ միայն կատարողները, հրաման տվողներն ու կազմակերպիչները։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, մինչդեռ, կարևորում է այլ հանգամանք՝ նրանք բացահայտված են։ Իսկ թե ո՞ւմ գործն է հետամուտ լինել, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ չի մանրամասնում։

«Մեր եզրահանգումները, ապացույցները, բոլորը շարադրված են, մեղադրանքներ են առաջադրվել այդ գործով և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո կոռեկտ չէ ես այլ կարծիք հայտնեմ», - ասաց Խաչատրյանը:

Մեղադրական եզրակացությունը հեքիաթ չէ՝ կարդալ-պատմելու համար, այն պետք է իրավական հետևանքներ ունենա՝ հակադարձեցին լրագրողները։

Երկրորդ նախագահ Քոչարյանի մեղադրականում նշված է, որ նա, արտակարգ դրություն հայտարարելով, փաստացի ռազմական դրություն է սահմանել, բանակը ներգրավել քաղաքական գործընթացներում և տապալել սահմանադրական կարգը։ Քոչարյանը, սակայն, արդարացվեց․ դատարանը, որի կազմը փոխվել էր հեղափոխությունից հետո, եզրակացրեց՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը սահմանադրական չէ:

Փաշինյանը գնաց դիտավորյալ քայլի՝ քաղաքական նպատակներով պարտակեց «Մարտի 1»-ի հանցագործությունը. Զուրաբյան

«Եվ այդ Սահմանադրական դատարանի նոր կազմը որոշեց, որ մեղադրանքը, որը ներկայացվել է դատախազության կողմից Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների նկատմամբ, հակասահմանադրական էր: Երկրորդը՝ փոխանակ փորձեին այդ բոլոր ապօրինությունների դրվագներով պարզեին հրամանի շղթան, օրինակի համար, «Չերյոմուխա»-ն կրակել են, հիմա պարզ չի հանգամանքները՝ ով է ում սպանել, ինչ է, բայց կարելի է պարզել՝ ով է հրամանը տվել, կարելի է պարզել՝ այդ հրաման տվողին ով է հրաման տվել, այդ ամենը չարվեց, ապացույցները կեղծվել էին, կարելի է պարզել՝ ով է հրաման տվել», - ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան:

Փաշինյանը գնաց դիտավորյալ քայլի՝ քաղաքական նպատակներով պարտակեց «Մարտի 1»-ի հանցագործությունը՝ լեգիտիմացնելով մի ընդդիմություն, որը իրեն հարմար է, ու իր ռեժիմի կայունությունը կախված է Քոչարյանի ու Սարգսյանի նկատմամբ ատելության վրա՝ ասում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ի փոխնախագահը։

«Դա մասսայական փսիխոզ չի, չի կարող պատահի՝ մի ամբողջ երկրի իրավական համակարգ սկսի զանգվածաբար կատարել ապօրինություններ, որում անգամ կաշառքի մոտիվացիա չի ունեցել, այսինքն, այնքան պարզ է, որ այս ամեն ինչը եկել է վերևից ու այնքան պարզ է, որ եթե ջանքեր գործադրվեին այս հրամանի շղթան բացահայտելու ուղղությամբ, կարելի էր «Մարտի 1»-ի գործն իսկապես բացահայտել», - ընդգծեց Զուրաբյանը:

Մարտի մեկի մեղադրականում նշվում են նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որոնց մեղադրանք առաջադրվեց կրակված զենքի պարկուճները փոխելու ու կատարված հանցագործությունը պարտակելու համար։

Նրացից որևէ մեկը, սակայն, մինչ օրս չի կանգնել դատարանի առաջ․ Գևորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանն ու Միքայել Հարությունյանը դեռ հետախուզվում են․ Քննչականը գործը քննում է արդեն 5.5 տարի ու հայտնի չէ՝ երբ կուղարկի դատարան, իսկ մյուսների գործը փակել է վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG