Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները. Դանիբեկյանը որոշումը դեռ չի մեկնաբանում


Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) միաձայն որոշեց դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները:

Ուսումնասիրելով Արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը որոշեց, որ դատավորը էական կարգապահական խախտում է թույլ տվել, որի հետևանքով պաշտոնաթող նախագահի քրեական գործերը արդյունավետ չեն քննվել և Քոչարյանն ազատվել է պատասխանատվությունից:

«Դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր ու ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն», - նշեց Անդրեասյանը:

4 տարի 4 ամիս տևած դատավարությունն, ըստ խորհրդի, այդքան չէր ձգձգվի, եթե դատավորը թույլ չտար պաշտպանական կողմին իրավունքի չարաշահմամբ միատեսակ միջնորդություններ ներկայացնել: Բացի այդ չի առանձնացրել Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու՝ սահմանադրական կարգի տապալման և կաշառք ստանալու գործերը: Սակայն փաստեր կամ վերլուծություններ, որ այդ դեպքում վաղեմության ժամկետների հարց չէր առաջանա, Արդարադատության նախարարությունը քննության ընթացքում այդպես էլ չներկայացրեց:

«Դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն», - հայտարարեց ԲԴԽ նախագահը:

Պաշտոնից զրկված Աննա Դանիբեկյանը նիստին ներկա չէր, ավելի ուշ «Ազատությանն» ասաց՝ որոշումը դեռ չի մեկնաբանի:

Դատավորը միջնորդել է վերսկսել կարգապահական վարույթի ընթացքը, որպեսզի հնարավորություն ստանար դիրքորոշում հայտնել, բայց ԲԴԽ-ն այն մերժեց: Եզրափակիչ խոսքով Դանիբեկյանն անցած նիստին պետք է հանդես գար, սակայն 5 րոպե ուշանալու պատճառով այդ հնարավորությունից զրկվել էր:

Թեև Դանիբեկյանը պնդել էր, թե զանգել է ԲԴԽ և տեղյակ պահել, որ մի քանի րոպե ուշանալու է, Կարեն Անդրեասյանն այսօր հակառակն էր հայտարարում. - «Բարձրագույն դատական ատյաններում ուշացումներն անընդունելի են, սակայն պատշաճ ծանուցման դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող էր հաշվի առնել ուշացման ժամանակահատվածը, պատճառները և որպես բացառություն սպասել դատավորին»:

Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հենց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հորդորով պատրաստված աղմկահարույց տեսանյութի հիման վրա, որում արդեն իսկ Աննա Դանիբեկյանը «մեղավոր» էր հռչակվել Ռոբերտ Քոչարյանի գործը տապալելու համար, այն դեպքում, երբ երկրորդ նախագահին մեղսագրվող արարքներից սահմանադրական կարգի տապալման հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական գործող իշխանության օրոք ձևավորված բարձր դատարանի որոշման արդյունքում, իսկ մյուս՝ կաշառքի գործով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Հայաստանի երկրորդ նախագահը միակը չէ, որ ազատվել է քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Անցած շաբաթ նույն կերպ պատժից ազատվեցին, օրինակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա տեղակալ Լևոն Երանոսյանը, նույնը սպասվում է նաև ընտրակաշառքի գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանին: Ընդ որում՝ Երանոսյանի գործի ձգձգման հիմքով դատավոր Հարություն Մանուկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է՝ առանց պարզաբանումների, մինչդեռ Աննա Դանիբեկյանի դեպքում հարցը հասավ ԲԴԽ և ընտրվեց ամենախիստ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու տարբերակը։

ԲԴԽ-ն քննեց նաև Վահե Դոլմազյանին պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննեց նաև Հանրապետական Արմեն Աշոտյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործերով դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Այս դեպքում էլ Արդարադատության նախարարությունը համարում է, որ դատավորը չպետք է թույլ տար Դավիթ Տոնոյանին խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալ առանց ձեռնաշղթաների, նաև չպետք է սահմանվեր բանտ վերադառնալու ժամկետ, որից Տոնոյանն օգտվել է և տեսակցել մորը:

Դատավոր Դոլմազյանի գնահատմամբ՝ ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման: Եվ եթե Աննա Դանիբեկյանի դեպքում ԲԴԽ անդամներն, ըստ էության, բավարարվեցին նախարարության ներկայացուցչին մեկ-երկու հարց տալով, ապա Արմեն Աշոտյանին և Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահող Վահե Դոլմազյանի գործով խորհրդի գրեթե բոլոր անդամները ակտիվ էին և հիմնավոր փաստարկներ էին պահանջում Արդարադատության նախարարությունից։ Ավելին՝ խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, որը նիստի գրեթե ողջ ընթացքում չկարողացավ բջջային հեռախոսից բաժանվել, չէր թաքցնում վերաբերմունքը միջնորդության հիմքերի հետ կապված, մերթ ընդ մերթ էլ արձագանքում՝ քմծիծաղով։

Միջնորդության քննությունից հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի օգոստոսի 5-ին:

XS
SM
MD
LG