Երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանը դեռ որևէ կերպ չի մեկնաբանում իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացն ու սպասվող որոշումը։
Արդարադատության նախարարությունն է միջնորդել, որ դատավորների գործունեությունը կարգավորող մարմինը պատասխանատվության ենթարկի Դանիբեկյանին Քոչարյանի գործը, ինչպես իրենք են պնդում, «ոչ արդյունավետ քննելու համար»:
Չի բացառվում, որ ԲԴԽ-ն ընտրի ամենախիստ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու տարբերակը: Սա, իհարկե, սցենարներից կանխատեսելին է, կարծում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Բնականաբար, խնդիր ունի քաղաքական իշխանությունը այդ ձախողված քրեական գործը ինչ-որ մեկի գրպանը գցելու, այդ ինչ-որ մեկը, որպես թույլ օղակ, դատավորն է», - նշեց Հարությունյանը:
Փաստաբանն այս պնդում անելիս հաշվի է առնում նաև այն, որ ԲԴԽ-ն Դանիբեկյանին երեկ մի քանի րոպե նիստից ուշանալու պատճառով զրկեց եզրափակիչ խոսքով հանդես գալու հնարավորությունից:
Եվ սա այն դեպքում, երբ ԲԴԽ-ում հենց այդպիսի մի նախադեպից հետո Սահմանադրական դատարանը որոշել է՝ պետք է գործադրվեն ջանքեր՝ դատավորի բոլոր, այդ թվում՝ լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
«Դատական նիստը տեղի ունեցավ և միանգամից հետաձգվեց մի ամսով, երկու ամսով, երեք ամսով, հինգ ամսով», - Արդարադատության նախարարության նախաձեռնած վարույթից ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում ունեցած ելույթում դժգոհելով իրավապահ համակարգից նաև զգուշացրեց, թե հանրության տված քաղաքական ժամանակը սպառվում է:
«Առիթից օգտվելով, որ ներկա են և՛ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, և՛ գլխավոր դատախազը, և;՛ արդարադատության նախարարը, և՛ քննչական մարմինների ղեկավարները, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե էդ դատական գործերը տեղի են ունենում, այսպես ասած, արձակուրդային, կուրորտային ռեժիմով», - նշել է Փաշինյանը:
Վարչապետի զգուշացումից երկու ամիս անց ԲԴԽ նախագահ, Փաշինյանի կաբինետի նախկին անդամ Կարեն Անդրեասյանը
Հանրայինին տված հարցազրույցում խոստովանեց՝ իր աշխատակազմին հանձնարարել է 5 հայտնի գործերով տեսանյութ պատրաստել, որից պարզ կդառնա, թե ովքեր են դատաքննությունների տապալման «մեղավորները»։
«Ամենահայտնի 5 գործերից երկուսը կարող եմ ասել՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ավելացնել երրորդը՝ Գագիկ Խաչատրյան, Մանվել Գրիգորյան, Երանոսյանի գործը: Մենք որևէ ձևով կողմնապահ չենք էս գործերի, էս գործերն ուղղակի ամենահաճախ հարցված գործերն են և այդ գործերով դատական դեպարտամենտը հիմա ուսումնասիրություն է անում, որպեսզի հանրության համար տեսանյութի ֆորմատով հստակ ներկայացնի՝ ինչո՞ւ, ո՞ւմ մեղքով, ո՞նց են ձգձգվել էդ գործերը», - ասել է Անդրեասյանը:
Ուղիղ մեկ ամիս անց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը հրապարակեց աղմկահարույց այդ տեսանյութը, պնդելով, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի տապալման մեղավորը դատավոր Աննա Դանիբեկյանն է, որը պետք է Ռոբերտ Քոչարյանի «գործը» քններ առանձին դատավարություններով: Երկրորդ նախագահն ու նրա նախկին ենթակաները մեղադրվում էին սահմանադրական կարգի տապալման և կաշառք ստանալու հոդվածներով:
Առաջինի դեպքում Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ նրան վերագրվող հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց: Իսկ կաշառքի գործով քրեական հետապնդումը դադարեցվեց վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
«Միջնորդություն ներկայացնեիք, տեսնեիք Դանիբեկյանի դիրքորոշումը վարույթներն առանձնացնելու հարցի վերաբերյալ»
Դատական դեպարտամենտի պատրաստած տեսանյութում նշվում էր, թե կաշառքի գործով Քոչարյանը չէր ազատվի պատասխանատվությունից, եթե այն Մարտի 1-ի գործից առանձնացվեր: Դանիբեկյանի վարույթի քննության ընթացքում առանց հստակ վերլուծությունների և փաստարկների ԲԴԽ-ում ճիշտ նույն պնդումն արեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տարակուսած է՝ եթե այդպես է, ինչո՞ւ դատախազությունը Քոչարյանի շուրջ երեք տարի տևած դատաքննության ընթացքում նման միջնորդություն չներկայացրեց:
«Բա եթե այդպիսի հարց կար, դատախազները մի քանի հոգով էին մեղադրանքը ներկայացնում, ես նիստեր եմ հիշում, որ նույնիսկ գլխավոր դատախազն էր գալիս, բա էդ ամբողջ ռեսուրսն ո՞ւմ համար է, ինչի՞ համար է, մի օր մի միջնորդություն ներկայացնեիք, տեսնեիք Աննա Դանիբեկյանի դիրքորոշումը վարույթներն առանձնացնելու հարցի վերաբերյալ ինչպիսին է: Այսինքն ի՞նչ է ստացվում, դատարանը որն, ըստ էության, արբիտրի դեր է կատարում, պիտի նստեր մտածեր՝ փաստորեն եթե սահմանադրական կարգը տապալելու վարույթի պատճառով էս վարույթը հետաձգվում է, ես հետո չեմ կարողանալու քրեական պատասխանատվության հարց լուծեմ, որովհետև վաղեմություն են միջնորդելու, ինքն իր նախաձեռնությամբ էդ ամեն ինչն անե՞ր, դատախազները բա ինչի՞ համար են», - նշեց Վարազդատ Հարությունյանը:
Նույն էլ, ըստ փաստաբանի, տեղի ունեցավ մյուս՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի դեպքում, երբ մեղադրյալների բոլոր պաշտպանները դատաքննության ընթացքում պնդում էին, որ կա սահմանադրականության խնդիր, ինչն էլ հետագայում Սահմանադրական դատարանը հաստատեց՝ հոդվածը ճանաչելով հակասահմանադրական:
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով բարձր դատարանի որոշմանը, հայտարարեց. - «Որոշում է կայացված, բոլորս պետք է ընդունենք ի գիտություն»:
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի արդարացումից հետո Գլխավոր դատախազությունն ակնկալում է, որ ՍԴ-ն նրա մեղադրանքը վերաորակելու հնարավորություն կտա։ Բայց եթե անգամ դա տեղի ունենա, միևնույն է Ռոբեր Քոչարյանը դարձյալ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կազատվի պատասխանատվությունից: Սա հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է ավելի քան երկու ամիս առաջ հայտարարել խորհրդարանում: