Մատչելիության հղումներ

«Պռոշյանի կոնյակի գործարանի» բեռնատարները չեն կարողացել ՀՀ-ից դուրս գալ, մաքսայինն արգելել է. ընկերության ներկայացուցիչ


«Պռոշյանի կոնյակի գործարանի» ներկայացուցիչ Վահրիճ Մինասյանի խոսքով՝ իրենց 5 բեռնատարներն օրերս պատրաստվում էին դուրս գալ Հայաստանից, բայց մաքսային ծառայությունն արգելել է:

«Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը», - սա պաշտոնական պատասխանն է:

Բայց, թե ե՞րբ խնդիրը կկարգավորվի, «Պռոշյանի կոնյակի գործարանի» արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանն ասում է՝ ո՛չ Հայաստանից, ո՛չ էլ Վրաստանից ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն կարողանում ստանալ:

«Մեքենաները մնացել են կանգնած, վարորդներն այնտեղ սպասում են, անհասկանալի իրավիճակ է: Մեր մաքսայինը դադարեցրել է մեքենաների արտահանումը», - ասաց նա:

Իսկ իրավիճակը լարվել է ապրիլի վերջերից, երբ Վրաստանը սկսել է իր սահմանով Ռուսաստան գնացող հայկական ալկոհոլի որակը ստուգել: Տնտեսվարողներն արդեն երկու ամիս է՝ չեն կարողանում հասկանալ՝ եթե իրենց արտադրանքը ռուսական շուկայում է վաճառվելու, Վրաստանն ինչո՞ւ է դրա որակն ամիսներով ստուգում ու կոնյակով բեռնված մեքենաները պահում վրացական մաքսակետում:

«Պռոշյանի կոնյակի գործարանը», որ խոշոր արտադրողներից մեկն է, պնդում է՝ այս երկու ամիսների ընթացքում արդեն շուրջ 100 հազար դոլարի վնաս է կրել: Գործարանի ներկայացուցիչ Վահրիճ Մինասյանն «Ազատությանն» ասաց՝ թեև շուրջ 2 ամիս վրացական մաքսակետում մնացած բեռնատարներից 12-ն արդեն անցել են սահմանն ու հասել Ռուսաստան, բայց 15 մեքենա դեռ այնտեղ է, ռուս պատվիրատուն սպասում է, իսկ ապրանքը տեղ չի հասնում:

«Պայմանագրերը տարբեր են, բայց արդեն ժամկետները խախտել ենք: Այն դժվար պահը՝ ֆորսմաժորային իրավիճակները, այսինքն՝ ունենք խելամիտ ժամկետ, դա հանում ենք, արդեն տուգանվում ենք», - նկատեց նա:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի գյուղնախարարին հանդիպելու մի քանի փորձ է արել, բոլորն էլ՝ անհաջող: Խնդիրը ծագելուց երկու ամիս անց նախարարությունից խոստովանում են, որ պատճառը չեն կարողացել պարզել:

Այս ընթացքում կոնյակ արտադրողները փորձում են ծայրը ծայրին հասցնելով աշխատել: Որ Պռոշյանի գործարանը չփակվի, հոսքագծի թողունակությունը դանդաղեցրել են. եթե նախկինում, մեկ օրում ավելի քան 160 հազար շիշ կոնյակ էին արտադրում, ապա հիմա դա 3 օրում են անում:

Վարորդ Գևորգ Լոռեցյանը կոնյակով բարձած բեռնատարով հասել էր վրացական մաքսակետ ու 15 օր մնացել այնտեղ, հետո մեքենան թողել այնտեղ, Հայաստան վերադարձել:

Մինչ տնտեսվարողները միլիոնների հասնող իրենց վնասներն են հաշվում, նեղսրտում, թե ռուսական շուկայից դուրս են մնում ու չեն կարողանում ինքնուրույն այս հանելուկի պատասխանը կռահել, Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ ըստ էության ֆորմալ ստուգումներ տեղի չեն էլ ունեցել, հետևաբար դժվար է կանխագուշակելը, թե արդյոք կկրկնվեն դրանք, թե ոչ: Բայց պատասխանից պարզ չի դառնում՝ ապօրինի՞ են այդ ստուգումները, թե՞ ոչ:



XS
SM
MD
LG