Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման խնդիրն էլ ավելի է սրվում. ոլորտը համակարգող Էկոնոմիկայի նախարարությունից հայտարարում են՝ Թբիլիսիից հիմնավոր պարզաբանումներ չեն ստացել, Մաքսային ծառայությունն էլ յուրօրինակ լուծում է մշակել՝ որոշել են հայկական բեռնատարներին, ընդհանրապես, արգելել հատել հայ-վրացական սահմանը՝ սա ներկայացնելով որպես հենց նրանց համար արվող քայլ:
«ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը», - ասված է հայտարարությունում:
Թե որքան կգործի արգելքը, պարզ չէ:
Վրաստանը թեև տարանցիկ երկիր է, բայց ապրիլի վերջից սկսել է ստուգել իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները: Թե ինչո՞ւ, հայկական կողմն այս ամիսների ընթացքում դեռ չի հստակեցրել:
Մինչ պաշտոնյաները շարունակում են տարբեր հայտարարություններ անել բիզնեսները ֆինանսական վնասներ են կրում, պնդում են՝ այս ամենի հետևանքով Ռուսաստանի նման մեծ շուկա են կորցնում, հայկական կոնյակը տեղ չի հասնում: Արդեն ահազանգեր կան, որ վրացական մաքսակետում կիզիչ արևի տակ շաբաթներ գլորող վարորդների ձեռքի գումարը սպառվում է, սնունդ գնելու խնդիր կա:
«Չգիտեն՝ սնունդը որտեղից առնեն, չեք կարում հարցին մարդավարի լուծում տաք, թողեք գնացեք ու թողեք գան մարդիկ, ովքեր լուծում կտան այս խնդրին», - նշում է տղամարդն, ով սոցցանցում տեղից տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով կանգնած հայկական բեռնատարների երկար շարքը:
«Էսօր կոնյակ է, վաղը կլինի գազը, մյուս օրը՝ շորերը, մնացած այլ ապրանքները, ընկել են քահանաների կուսության հետևից», - ասում է նա:
Քննադատությունների ուղիղ հասցեատերերից Էկոնոմիկայի նախարարությունից նախօրեին «Ազատությանը» գրավոր հայտնեցին՝ այս խնդիրների վերաբերյալ վրացական կողմից որևէ հիմնավոր պարզաբանում չեն ստացել:
Մեր հարցին, թե արդյոք վրացական մաքսակետում ստուգումները շարունակվելո՞ւ են, գերատեսչությունից մի այնպիսի պատասխան են տվել, որից պարզ չի դառնում՝ դրանք օրինակա՞ն են, թե՞ այս ամիսների ընթացքում հայկական կողմը պարզապես չի կարողացել պարզել:
«Ըստ էության ֆորմալ ստուգումներ տեղի չեն էլ ունեցել, հետևաբար դժվար է կանխագուշակելը, թե արդյոք կկրկնվեն դրանք, թե՝ ոչ», - նշել են նախարարությունից:
Խնդրի վերաբերյալ ի՞նչ հայտարարություններ էր անում անձամբ էկոնոմիկայի նախարարը: Շուրջ մեկ ամիս առաջ Գևորգ Պապոյանը նախ չբացառեց՝ քննարկումների համար գուցե Վրաստան այցելի, հետո տեղեկացրեց՝ նման պայմանավորվածություն կա: Անցան օրեր, հանդիպում չկայացավ, Պապոյանն արդեն հայտարարեց, թե այցը իրավիճակը չի փոխի:
Արդեն այս ամսվա սկզբին եկավ հերթական թարմացումը՝ հենց վրացական կողմը կգա Հայաստան նախնական լուծման փաթեթով: Որևէ այց այդպես էլ չեղավ, Էկոնոմիկայի նախարարությունն օրերս պարզաբանեց՝ Թբիլիսիից կապվել են, ներողություն խնդրել ու ասել, որ այցը չի կայանա ծանրաբեռնվածության պատճառով:
Վրաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպում կազմակերպել Պապոյանին չի հաջողվում արդեն մոտ մեկ ամիս, Էկոնոմիկայի նախարարը փոխարենը ժամանակ է գտնում հոգևորականների կուսակրոնության ուխտի մասին հարցազրույցներ տալու համար: