«Վիճակը գնալով ավելի է վատանում». - Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի ներկայացուցիչ Վահրիճ Մինասյանն ասում է՝ 50 օր է իրենց 29 բեռնատարները դեռ չեն կարողանում դուրս գալ վրացական մաքսային անցակետից ու ապրանքը Ռուսաստան հասցնել: Ռուսաստանում պետք է վաճառվեր իրենց ալկոհոլային խմիչքը, բայց Վրաստանում են որոշել ստուգել դրա որակն ու այդ պատրվակով բեռներն ամիսներով պահում են մաքսակետում, դժգոհում է նա:
«Ակցիզն էլ արժեք ունի, ակցիզի ժամկետն է լրանում, պայմանագրեր, որ էսինչ ժամկետում պետք է կազմակերպությանը ապահովես երեք, չորս կամ, չգիտեմ, 40 մեքենա ապրանք, չմատակարարելու դեպքում պետք է թվարկես ինչի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը:
«Ընկերությունները, որ պիտի ձեր ապրանքը ընդունեին, արդեն սկսե՞լ են տուգանքները», - այս հարցին Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի ներկայացուցիչն արձագանքեց. - «Իհարկե: Այստեղ տուգանքներից զատ արդեն դուրս ես մնում ռուսական շուկայից»:
Մի քանի անգամ փողոց դուրս եկած կոնյակագործներն ասում են՝ միտինգներն էլ օգուտ չտվեցին, Կառավարությունը դեռ քննարկում ու քննարկում է հարցը: Այդ ընթացքում Պռոշյանի գինու և կոնյակի գործարանն արդեն կանգնած է փակման եզրին:
«Երևի մոտավորապես մյուս շաբաթ էլ չաշխատենք», - «Ազատությանը» ասաց Վահրիճ Մինասյանը՝ նշելով, որ գործարանի երեք մասնաճյուղերի աշխատակիցների թիվը հազարից ավելի է:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ շարունակ ասում է՝ ծանոթ է խնդրին, բողոքի ակցիաների մեկնարկից շաբաթներ անց երեկ պնդեց, թե դեռ չի հասկացել պատճառները:
«Եթե դուք ասեք, օրինակ, այ ի՞նչ պետք է անենք մենք, ես ... Վրացական կողմը տարբեր ժամանակ տարբեր խնդիրներ է դրել տարբեր գործարարների առաջ, և թույլ տվեք հիմա դետալների մեջ չմտնեմ, որովհետև վախենամ դա ուղղակի բարդացնի իմ գործը ամսի 6-ին», - լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:
Հունիսի 6-ին, ասաց Պապոյանը, Վրաստանի գյուղատնտեսության նախարարն է գալու Երևան, այս հարցն օրակարգի գլխավոր կետն է. - «Ես ինքս հակված եմ այդ օրը տարբեր ֆորմատներով հանդիպումներ կազմակերպելու, այսպես ասած, այնքան սենյակից դուրս չգանք, մինչև խնդրի լուծումը չգտնենք»:
Մինչ այդ էլ Հայաստանում էին վրացի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխվարչապետը:
Նախարարը հրաժարվեց պատասխանել հարցին, թե իր կարծիքով՝ արդյոք սա քաղաքական ենթատեքստ ունի. - «Չեմ կարող պատասխանել կամ չեմ պատասխանի այդ հարցին, որովհետև, ասում եմ, եթե մենք նպատակ ունենք խնդիրը լուծելու, չեմ կարծում, որ լավ բան է՝ դուք ինձ ստիպեք, որպեսզի ես ինչ-որ գնահատականներ տամ: Ես կարծում եմ, որ հնարավոր է խնդիրը լուծել, իրականում կա պրոբլեմ, պետք է քայլենք էդ ուղղությունով, գնանք ընդառաջ, լուծենք»:
Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի ներկայացուցիչն ասում է՝ Ռուսաստանում իրենց խմիչքը պահանջարկ ունի, պատվերներ ունեն, բայց չեն կարողանում արտադրանքը տեղ հասցնել: Գործարանն այս 50 օրերի ընթացքում արդեն ավելի քան 100 հազար դոլարի ֆինանսական վնաս է կրել, նեղսրտում է Մինասյանը. - «Մի մեքենան հաշվեք 5000 դոլար, մի մեքենան՝ օրը 100 դոլար: Արդեն 100 հազարն անցնում է: Եթե, ասենք, ասում է, որ մեքենան թողնես գնաս, դո՛ւ պետք է բացես, որ նմուշ վերցնենք: Մի ամիս վարորդ պահելը նորից հավելյալ ծախս է՝ հյուրանոցում պահում ես, չի լինում, մեքենայի մեջ մնում է ... այսինքն՝ ամեն օր պետք է գնա մեքենայի մոտ, իրիկունը գնա հյուրանոց ... Մի խոսքով՝ ծախսեր»:
Վրաստանի ֆինանսների նախարարությունը, մինչդեռ, ավեի վաղհերքել էր տեղեկությունները, թե իրենք ուշացնում են հայկական կոնյակի և գինու առաքումները: «Ստանդարտ մաքսային ընթացակարգեր են գործում», - ընդգծել էին Թբիլիսիից: Շուրջ 30 տարի գործող Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի ներկայացուցիչն էլ հակադարձում է. - «Երբևիցե նման ձևի մաքսային ընթացակարգեր չենք տեսել»:
Մինչ հայկական խմիչքը մնում է վրացական մաքսակետում, ալկոհոլային խմիչքներ արտադրող մեկ տասնյակից ավելի հայաստանյան ընկերություններ գրավոր դիմել են պետական մարմիններին ու միջազգային համապատասխան կառույցներին՝ նշելով, որ Վրաստանը խախտում է միջազգային առևտրի չափանիշներն ու խոշոր նյութական վնաս պատճառում իրենց: Պահանջում են շտապ գնահատել Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։
Դիմումն ուղարկել են Հայաստանի Ազգային ժողով, Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարություններ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, ՄԱԿ, Եվրասիական զարգացման բանկ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։
Հայտարարությունն այսօր են տարածել, արձագանք դեռ չկա: