Մատչելիության հղումներ

Հայաստանից Վրաստանով արտահանվող խմիչքի ուշացման հարցը դեռ լուծում չի գտել


Երևանում՝ Վրաստանի դեսպանատան մոտ, երեկ մի քանի ժամ բողոքի ակցիա արած կոնյակագործներն ու իրենց աշխատակիցներն արդարության պահանջով շարժվեցին դեպի կառավարություն, բայց ճանապարհի կեսից երթը դադարեցրին: Ասացին՝ կառավարությունից խոստացել են վաղն իրենց հարցերին պատասխանել:

Այսօր, սակայն, պատասխան դեռ չկա, ալկոհոլ արտադրողները դեռ հանդիպման են սպասում: Էկոնոմիկայի նախարարությունից ասացին՝ աշխատանքները շարունակվում են, չմանրամասնելով՝ ի՞նչ աշխատանք: Շուրջ 1 ամիս է, ինչ կոնյակագործները բողոքում են՝ Հայաստանից Վրաստանի տարածքով ՌԴ արտահանվող ալկոհոլային խմիչքը տարանցիկ այդ երկրի մաքսավորները կանգնեցնում են, շաբաթներով պահում, հիմնավորելով, թե խմիչքի որակն են ստուգում: Ցույցի դուրս եկած կոնյակագործներն իրենց գլխավոր հարցի պատասխանը չեն կարողանում ստանալ՝ եթե այդ խմիչքը Վարստանում չի վաճառվում, ինչո՞ւ է այնտեղ ստուգվում:

Շուրջ 20 օր է՝ վրացական անցակետում է Գևորգ Լոռեցյանի բեռնատարը. «Մայիսի 2-ից իմ մեքենան «Պռոշյանի» գինին բարձած, սկզբից ասում էին՝ կոնյակն են ստուգում, բայց ինձ ուղարկել են կենտրոնական մաքսակետ, ասել են՝ կգաք, լաբորատորիա կանենք, ոչ զանգել են, կանչել: Ու դա, ընդ որում, մրգային գինի է»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ ասում էր՝ հարկ եղած դեպքում ինքը կմեկնի Վրաստան, այսօր ճեպազրույցում ասաց՝ գնալով շատ մեծ օգուտ չի տա. «Իմ այցի հնարավորության դուռը փակված չէ, բայց այս պահի դրությամբ չունենք իրավիճակ, որ իմ այցը կարող է իրավիճակ փոխել, քան օնլայն: Մենք օրական պարբերական տրամաբանությամբ շփվում ենք»:

Այս ամսվա սկզբին վրացական և միջազգային մամուլը սկսեց գրել՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ դատական վեճերի մեջ գտնվող՝ նրա երբեմնի դաշնակից Գիորգի Բաչիաշվիլին, ապօրինի կերպով հատել է սահմանն ու հայտնվել է Հայաստանում: Նրա փախուստը Հայաստանով դժգոհություններ է հարուցել վրացական կողմի մոտ: Վրաստանի ՆԳՆ հաղորդմամբ՝ Բաչիաշվիլին փախուստի է դիմել՝ օգտագործելով մեքենայի հատուկ թաքստոց, իսկ Հայաստանի սահմանային անցակետում ներկայացրել է Ռուսաստանի անձնագիր, տրված իր անունով։ Նշվում է, որ Վրաստանի սահմանն անցել է գաղտնի եղանակով: Լարսով Ռուսաստան գնացող ճանապարհի վրացական հատվածում խստացված հսկողությունը սկսվեց դրանից հետո:

Իվանիշվիլիի նախկին դաշնակցի փախուստի ու հայ արտադրողների համար ստեղծված դժվարությունների միջև կապ տեսնո՞ւմ եք, «Ազատության» այս հարցը զարմացրեց էկոնոմիկայի նախարար Պապոյանին:

«Ես չգիտեմ այդ պատմության մասին և չգիտեմ՝ ով է Ձեր ասած մարդը: Որևէ տեղեկություն չունեմ այդ պատմության մասին», - արձագանքեց նա:

Վրաստանում Հայաստանի դեսպանը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի, նաև խորհրդարանի գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի հետ: Պաշտոնական հայտարարություններում գրված է, որ երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել: Բայց այս հաղորդագրություններից պարզ չի դառնում՝ արդյոք հայաստանցի արտադրողների դժվարություններին անդրադարձ եղել է: Արտաքին գերատեսչությունից այլ մանրամասներ չեն հայտնել:

Էկոնոմիկայի նախարար Պապոյանն արդեն 1 ամիս է, ինչ հայտարարում է՝ գիտի կոնյակագործների խնդիրների մասին, փորձում են լուծել: Կոնյակագործներն էլ արձագանքում են. «Ասենք՝ գիտեն, հետո՞»:

Շուտով խաղողի մթերան սեզոնն է: Նախարար Պապոյանն ասում է՝ կառավարությունը մենակ չի թողնելու կոնյակագործներին ու գինեգործներին, աջակցության ծրագրեր են մշակել. «Լինելու է բիզնեսների մրցունակության պահպանման և խաղողի անխոչընդոտ և անխափան մթերումների մասին»:

Բայց մինչ այդ աջակցությունները կոնյակ ու գինի արտադրողներին այլ աջակցություն է պետք, որ իրենց ապրանքը Ռուսաստան հասնի, ժամկետներ չխախտվեն, հակառակ դեպքում իրենք դուրս են մնում ռուսական շուկայից ու տեղեկություններ ստանում, որ իրենց խմիչքների փոխարեն ռուսական դարակաշարերն ադրբեջանական ու թուրքական գինիներով և կոնյակներով են լցվում: Հայ արտադրողներն այստեղ էլ, ասում են, ստիպված կրճատումների են գնալու:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Հայաստանը նախ պետք է դիմի առևտրի համաշխարհային կազմակերպություն, նրա պնդմամբ՝ Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը, հետո՝ ԵԱՏՄ. «Բեռները հիմնականում առաքվում են դեպի ԵԱՏՄ, մասնավորապես Ռուսաստան: Կարծում եմ, որ այս երկու ճակատով պետք է զրուցեն»:

Մակարյանը նաև հայ արտադրողների առևտրային գաղտնիքի արտահոսքի խնդիր է տեսնում. «Նա տեսնում է կոմերցիոն գաղտնիքները»:

Վրաստանի ֆինանսների նախարարությունն օրերս հերքել էր տեղեկությունները, թե իրենք ուշացնում են հայկական կոնյակի և գինու առաքումները: «Ստանդարտ մաքսային ընթացակարգեր են գործում»,- ընդգծել էին Թբիլիսիից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG